Թանգարան / Բաժիններ

Հուշաձեռագրային և գրադարանային բաժին

Գործում է 1939 թվականից: Բաժնի հիմնադիրներն են համարվում արվեստաբան Դանիել Դզնունին` «Հայ կերպարվեստագետներ» առաջին համառոտ բառարանի հեղինակը, և արվեստաբան Մինաս Սարգսյանը: Բաժնում պահվում են ձեռագիր աշխատություններ և գրքեր, նոթատետրեր, նամակներ, բացիկներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հեղինակային աշխատանքներ (գեղանկար, գրաֆիկա, քանդակ), հոդվածներ պարբերական մամուլից: Բաժինն ունի 190 ֆոնդ, դրանցից ութը ներառում են նյութեր հետևյալ թեմաներով՝ Հին հայկական արվեստ, Արվեստ, Ընդհանուր ցուցահանդեսներ, Արվեստաբաններ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայ արվեստագետներ, Սփյուռքահայ արվեստագետներ, Զոհված նկարիչներ: Մնացյալ 182 ֆոնդերը պարունակում են առանձին հեղինակներ ներկայացնող նյութեր: Ողջ ֆոնդը կազմում է ավելի քան 35000 պահպանման միավոր (շուրջ 60000 նյութ): Բոլոր նյութերը ենթարկվում են գիտական մշակման:

Նյութերի հարստությամբ առավել ուշագրավ են Փ. Թերլեմեզյանի, Գ. Շարբաբչյանի, Հ. Գյուրջյանի, Վ. Սուրենյանցի, Ա. Ֆեթվաճյանի, Ռ. Շիշմանյանի, Հովհ. Այվազովսկու, Օ. Ավետիսյանի և այլոց ֆոնդերը, որոնք տեղեկություններ են տալիս ոչ միայն հեղինակի, այլև տվյալ ժամանակի և այդ ժամանակաշրջանում ստեղծագործած այլ արվեսագետների մասին: Այս հավաքածուները նվիրաբերվել կամ կտակվել են պատկերասրահին հեղինակների կամ նրանց ընտանիքների կողմից:

Հուշաձեռագրային բաժնից օգտվում են պատկերասրահի աշխատակիցները և կերպարվեստի ոլորտում գործող անհատներ, ուսանողներ:

Գրադարանը պատկերասրահի անբաժանելի մասն է: Գրականությունը հավաքվել է թանգարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից՝ գնումների, փոխանցումների և նվիրատվությունների միջոցով:

Ֆոնդը հիմնականում կազմված է մասնագիտական գրականությունից՝ արվեստի պատմություն, գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, կիրառական արվեստ, ճարտարապետություն: Բացի այդ, կան ընդհանուր պատմությանը, հնագիտությանը վերաբերող գրքեր, ինչպես նաև փոքր քանակությամբ գեղարվեստական գրականություն: Գրադարանի ֆոնդն ընդգրկում է տարբեր լեզուներով շուրջ 13000 միավոր և շարունակում է ակտիվորեն համալրվել:

Գրադարանը տեղակայված է պատկերասրահի 2-րդ մասնաշենքի երրորդ հարկում, զբաղեցնում է 2 աշխատասենյակ: Ընթերցասրահից օգտվում են և´պատկերասրահի աշխատակիցները, և´ տարբեր հաստատություններից եկող արվեստաբաններ, նկարիչներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, ուսանողներ: Վերջին 5 տարիների տվյալներով գրադարանից օգտվել է 64000 ընթերցող:

Բաժնում աշխատում է 4 աշխատակից:

Բաժնի վարիչ` Անահիտ Խլղաթյան

Ավագ գրադարանավարուհի՝ Ռուզան Անդրեասյան