Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

09.12.2010 - 23.12.2010

ՑՈԼԱԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 Ցոլակ Սիմոնյանը ծնվել է 1940 թվականին Արարատյան դաշտավայրի սահմանամերձ գյուղերից մեկում` Մարգարայում: Կավն առաջին նյութն էր, որին Ցոլակ Սիմոնյանը ծանոթացավ վաղ հասակում` չգուշակելով անգամ իր ապագա մասնագիտությունը: Դեռ դպրոցական տարիներին ծեփելն ու նկարելը դարձավ նրա սիրելի զբաղմունքը:

1956 թվականին բնատուր տաղանդի շնորհիվ Ցոլակ Սիմոնյանն ընդունվում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժին, որտեղ ձեռք է բերում մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ: Ուսումն ու զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա երազում է կրթությունը շարունակել Սանկտ-Պետերբուրգում և 1965 թվականին ընդունվում է Վ. Ի. Մուխինայի անվան գեղարվեստի բարձրագույն ուսումնարան` մոնումենտալ-դեկորատիվ քանդակի ֆակուլտետ: 1971 թվականին ուսումնարանն ավարտելիս նա արդեն բարձրակարգ վարպետ էր: Սկսած 1976 թվականից մոնումենտալ գործերին զուգահեռ նա սկսում է ստեղծել փոքրածավալ քանդակներ: Ժամանակի ընթացքում հրապուրանքը կիրք է դառնում, և մանր պլաստիկան գերիշխում է նրա արվեստում: Հենց այստեղ է քանդակագործը գտնում սեփական արտահայտչաձևը, որով իր կերտվածքներն առանձնանում են նախորդների և ժամանակակիցների գործերից:

Ցոլակ Սիմոնյանն իր արվեստում հիմնվում է արևմտաեվրոպական, հին և ժամանակակից արևելյան վարպետների փորձի, ինչպես նաև հայ մշակույթի ավանդույթների վրա: Նրա արվեստը ասոցիատիվ է: Քանդակները, յուրաքանչյուր դիտողի մեջ արթնացնելով սեփական ասոցիացիաները, միաժամանակ պահպանում են ազգային հիմքը:

Մանր պլաստիկան ստեղծելիս հեղինակն օգտագործում է բազմատեսակ նյութեր` փղոսկր, փայտ, բրոնզ, արծաթ, կավ: Թվարկված նյութերից յուրաքանչյուրում նա ձգտում է վերհանել նյութի բնական գեղեցկությունն ու առանձնահատկությունները:
Առավել աշխատատար ստեղծագործություններն արված են փղոսկրից, որոնց կերտումը ամիսներ է տևում:

Բրոնզե քանդակները պատրաստելիս հեղինակն օգտագործում է մոմե կաղապարներով ձուլման տեխնիկան, որը Հայկական լեռնաշխարհում հայտնի էր դեռևս մեր թվարկությունից առաջ: Այս տեխնիկան հնարավորություն է ընձեռում ստեղծելու բարձրարվեստ, նրբորեն մշակված գործեր առանց հետագա ուղղումների: