Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

22.04.2011 - 15.05.2011

ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆ. ՔԱՆԴԱԿ, ԳՐԱՖԻԿԱ, ԳԵՂԱՆԿԱՐ

Հայ արվեստի պատմության մեջ առանձին տեղ է զբաղեցնում սփյուռքահայ քանդակագործությունը: Հայաստանից դուրս ապրող և ստեղծագործող բազմաթիվ անվանի արվեստագետներ հարստացրին ինչպես հայ, այնպես էլ օտար մշակույթը՝ հիմքում ունենալով ազգային մտածողություն և խառնվածք: Այդ մեծատաղանդ երախտավորներից է ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանը:
Արվեստագետն առաջին անգամ Հայաստան եկավ 1970 թվականին: 1971-ին նա ներկայացավ անհատական ցուցահանդեսով, որը բացվեց Երևանի Նկարչի տանը, և սիրելի դարձավ երևանյան հանրությանը իր հայրենաշունչ կերտվածքներով:
1983 թվականին Խորեն Տեր-Հարությանն իր ստեղծագործությունները տեղափոխեց Հայաստան` թվով 89 քանդակ և 100-ից ավելի գծանկար ու գեղանկար: Նրա անհատական ցուցահանդեսը բացվեց Հայաստանի Պետական պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում: Այս բոլոր գործերը նա նվիրեց Հայաստանի Պետական պատկերասրահին, իսկ 1994-ին Էջմիածնի մասնաճյուղում բացվեց Տեր-Հարությանի ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը:
Խորեն Տեր-Հարությանը ծնվել է 1909 թ., Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում, հոգևորականի ընտանիքում: Ականատես է եղել հայ ժողովրդի ամենածանր արհավիրքին՝ Մեծ Եղեռնին, ինչն անկասկած խոր հետք է թողել արվեստագետի ներաշխարհում և իր դրսևորումն է ստացել նրա արվեստում: 1921-ին ընտանիքի հետ միասին հաստատվել է ԱՄՆ-ում, Մասաչուսեթս նահանգի Վուսթր քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ և Վուսթրի արվեստի թանգարանին կից գեղարվեստի դպրոցներում:
Տեր-Հարությանը ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում, բայց առավել արդյունավետ և բեղմնավոր ոլորտը քանդակագործությունն էր, որտեղ դրսևորվեց արձանագործի իր հզոր ներուժը:
Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի քանդակագործական, գրաֆիկական ու գեղանկարչական ստեղծագործությունները, որոնց մեծ մասը ստեղծվել են Ճամայկայում ապրած տարիներին, ուր նա մեկնել էր առաջին անգամ 1930 թվականին:
Գեղարվեստական մտածելակերպով Խորեն Տեր-Հարությանը բացառապես ժամանակակից քանդակագործ է: Սկզբնական շրջանում (ստեղծագործության առաջին տասնամյակում) նրա արվեստը ավանդական էր, հիմնականում դա վերաբերում է փայտյա աշխատանքներին («Ընտանիք», 1939, «Ադամ և Եվա», «Պայքար կյանքի համար», «Ողբերգություն», 1940): Զարգանալով և հասունանալով` քանդակագործն իր ձևավորված պլաստիկական համակարգով մոտեցավ մոդեռնիզմին հատուկ ձևաստեղծմանը, ինչը մեծ մասամբ դրսևորվեց հատկապես նրա զանգվածեղ քարակերտ աշխատանքներում:
Ձևագոյացման ինքնատիպ օրինակներ են նաև բրոնզաձույլ ստեղծագործությունները ` «Մուսա լեռան 40 օրը»,«Դանայան և ոսկեցող անձրևը»:
Ինչպես շատ արվեստագետների, որոնք օրգանական կապի մեջ էին ժամանակի և միջավայրի հետ, Խորեն Տեր-Հարությանի արվեստում ևս առկա են հեռու և մոտ աղերսներ մեզ ծանոթ գեղարվեստական շերտերի հետ՝ սկսած նախնադարյան պրիմիտիվից մինչև 20-րդ դարի բազմազան ոճային ուղղությունները:
Արվեստագետն այլաբանորեն է ընկալում կյանքը, տուրք է տալիս իր նախասիրած մղումին` մարդկային գոյության և կեցության վերացարկմանը: Դիմում է հավերժական թեմաների` կյանք և մահ, տառապանք և սեր, բարին և չարը, հուսահատություն և լավատեսություն, ընդսմին նրա միտքն ուղղված է դեպի ընդհանրացում ու պայմանականացում` զերծ սահմանափակ ու անհատականացված ռեալիզմից: Անգամ ռեալիստական եղանակով ստեղծված գլխաքանդակներն ունեն սիմվոլիկ նշանակություն («Վշտերի մարդը», «Մտորում»):
Ողջ կյանքի ընթացքում Խորեն Տեր-Հարությանին հուզել է Հայոց եղեռնը, և չնայած մի քանի անգամ նա անդրադարձել էր այդ թեմաներին, երազում էր հուշակոթող ստեղծել: «Փոքր Մհեր» հուշարձանը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, այն հայկական թեման արտացոլող Տեր-Հարությանի աշխատանքներից ամենանշանավորը կարելի է համարել: Հայկական դյուցազուններից վերջինին հեղինակը ներկայացնում է որպես հայ ժողովրդի պաշտպան, ազատության խորհրդանիշ: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1976 թվականի ապրիլի 24-ին, Ֆիլադելֆիայի նշանավոր Արվեստի թանգարանին կից «Ֆեյրմաունթ» զբոսայգու կենտրոնական մասում: Այս հուշարձանի հատվածների մանրակերտները ներկայացված են ցուցահանդեսում:
Խորեն Տեր-Հարությանն ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ, սկսած 1929 թվականից, տարբեր երկրներում (ԱՄՆ, Ճամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա), մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համատեղ ցուցահանդեսներին (Մայոլ, Դեսպիո, Պիկասսո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների: Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է քննադատների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում:
Խորեն Տեր-Հարությանը վախճանվել է 1991 թվականին, Նյու Յորքում:

Մշտական
ցուցադրություն

Այվազովսկի Հովհաննես Կոստանդնի

Լուսնյակ գիշեր (1858)

փայտ, յուղաներկ
36x27 սմ