Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

20.05.2011 - 03.06.2011

ՌԻՇԱՐ ԺԵՐԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ



Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը հայազգի այն նշանավոր արվեստագետներից է, ում կարելի է համարել Հայաստան-Սփյուռք մշակութային կամրջի նվիրյալ կերտողը: Խորհրդային տարիներից` 1950-ական թվականներից ի վեր արվեստագետը պարբերաբար ցուցադրվել է Հայաստանում, երփնագրել հայրենի բնությունն ու մշակութային կոթողները: Ռ. Ժերանյանն ասես հանդիսացել է Հայաստանի ՙարվեստագետ-դեսապանը՚ Եվրոպայում և Եվրոպայինը` Հայաստանում: Այժմ, իր 90-ամյա հոբելյանի տարում, արվեստագետը կրկին Հայաստանում է` մայր թանգարանում, իր անհատական ցուցահանդեսով և հայրենիքին իր ստեղծագործություններից նվիրաբերելու մշտական պատրաստակամությամբ:

Ռ. Ժերանյանը ծնվել է 1921 թ. հուլիսի 17-ին Սեբաստիայում, վաղ հասակում տեղափոխվել Ֆրանսիա: Նա կրթություն է ստացել Մարսելի Գեղարվեստի դպրոցում, Փարիզի Ժյուլիեն և Գրան Շոմիեր ակադեմիաներում: Արվեստագետն իր ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մարսել, Բեյրութ, Թեհրան, Ժնև, Մյունխեն, Նյու Յորք, Վաշինգտոն, Դալլաս, Երևան, Լենինական և այլն), արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում` Բնանկարի Հոնֆլյորի մրցանակի (1952), Դովիլ քաղաքի Մեծ մրցանակի (1952), Փարիզ քաղաքի արծաթե մրցանակի (1955), Արվեստի և գրականության մրցանակի (Փարիզ, 1955), Շատո դը Սկո (Փարիզ, 1956), Պալե Ռոյալ (Փարիզ, 1957), ՙԱրվեստները Եվրոպայում՚ ցուցահանդեսի մրցանակի (Բրյուսել, 1964), Գծանկարի` Եվրոպայի 1-ին մրցանակի (Մոնակո, 1966), Մարտիրոս Սարյանի անվան Հայաստանի Նկարիչների միության մրցանակի (Երևան, 1987):

Ռ. Ժերանյանի կտավների թեմատիկ, ժանրային, ոճական ընդգրկումը չափազանց լայն ու բազմազան է: Խիստ ընդհանրական կերպով միայն կարելի է ուրվագծել նկարչի նախապատվությունները` իրապաշտական, սեզանական-կուբիստական պատկերային մտածողությունից մինչև սյուրռեալիզմը: Նրա ինչպես գեղանկարչական, այնպես էլ գրաֆիկական ստեղծագործություններն արտահայտչական առումով վերին աստիճանի հագեցած են: Արվեստագետն ասես թափանցում է առարկաների, միջավայրի, զգացողությունների խորքը, մակերեսի միջով թափանցում էության մեջ:

Լիլիթ Սարգսյան
արվեստաբան

Մշտական
ցուցադրություն

Շահին Էդգար Պետրոսի

Անգործը (1903)

թուղթ, չոր ասեղ
46,8x30/65x50 սմ