Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

23.04.2012 - 21.09.2012

«ԳՐԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ»

 <<Գրի  հավերժություն>>  խորագրով ցուցահանդեսում առաջին անգամ հանդես են գալիս  մեկ ընդհանուր միասնական ցուցադրությամբ Հայաստանյան  4  խոշոր  թանգարաններ ` Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մաշտոցի անվան Մատենադարանը  և  Հայաստանի ազգային գրադարանն  ` ըստ էության  ներկայացնելով մեր գրավոր մշակույթի  հարուստ կենսագրությունը:Հայատառ  տպագրության 500-ամյակին  նվիրված այս ցուցահանդեսը  եզակի մի հնարավորություն է  մեկ ցուցադրական տարածքում ներկայացնել  տարբեր թանգարանային  կենտրոնների լավագույն ու ամենաարժեքավոր ցուցանմուշները: Հայերեն առաջին գիրքը լույս է տեսել Գուտենբերգի գյուտից 60 տարի անց:Սակայն   Հակոբ Մեղապարտի վենետիկյան տպագիր շարքին ` Ուրբաթագրքին,  Պատարագատետրին, Աղթարքին, Պարզատումարին  ու  Տաղարանին   նախորդել են մեր ձեռագիր մատյաններն  ու նախամաշտոցյան  գրերը: <<Գրի  հավերժություն>>  ցուցահանդեսը  ներկայացնում է  հայկական գրավոր ժառանգության համապատկերը` սկսած  ժայռապատկերներից  մինչև   վիրտուալ գրադարան.սա ցուցադրության ժամանակային ահռելի ընդգրկումն է:Ցուցահանդեսում հնագիտական, մատենագրական, վիմագրական և վավերագրական նմուշներով կներկայացվի հայ գրքի  պատմությունը`

1. Հայաստանում հայերեն գրին նախորդած ուրարտերեն արամեերեն, հունարեն և լատիներեն գրի` բացառապես Հայաստանի տարածքից գտնված նմուշներ

/Քա. IX դարից մինչև Քհ. 405թ./.

- արձանագիր սալիկներ, վիմագիր արձանագրություններ

2. Մեսրոպ Մաշտոցի` 405թ. հայ գրերի գյուտից ի վեր ստեղծված վիմագիր և ձեռագրական արվեստի նմուշներ

- վաղագույն վիմագիր և ձեռագիր նմուշներ /V- VIIդդ. / խաչքարեր / X –XIIIդդ ./

3. Հայկական տպագրության սկիզբը` 1512 – 1850 թթ.

- հայերեն I տպագիր գրքերը` Ուրբաթագիրք,Պարզատումար, Տաղարան, տպագիր Աստվածաշունչը

- առաջին հարյուրամյակներում հայկական տպագրության արտասահմանում գործած կենտրոններում /Իտալիա, Հոլանդիա, Նոր Ջուղա, Կ-Պոլիս, Զմյուռնիա XVIII դար, Հնդկաստան, Ֆրանսիա, Ռուսաստան/ տպագրված գրքերի նմուշներ` կրոնական ,գիտական, գրական, փիլիսոփայական և տպագիր պարբերականների նմուշներ:

4. Հայկական տպագրությունը հենց  Հայաստանի տարածքում սկզբից առ այսօր, երբ 1771 թ. Սիմոն Երևանցի կաթողիկոսը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հիմնեց տպարան և հայկական տպագրությունը` իր սկզբնավորումից 260 տարի անց, հաստատվեց բուն հայրենիքում:

Ցուցադրության 103 նմուշները ներկայացնում են`

Գրի ակունքները /նախագրային շրջան - Ք. ա. 3-րդ հազարամյակից 9-րդ դար/

Ուրարտական գիրը /ուրարտական շրջան – Ք. ա. 9-րդ դարից 6-րդ դար/

Նախամաշտոցյան գիրը`շրջանառված գրատեսակներ- Ք. ա. 6-րդ դար- 301 թիվ` քրիստոնեության ընդունումը

Գրերի գյուտը `405 թ. - 8-րդ դար` վաղ հայերեն գրի նմուշներ

Գրչության տեսակները`վաղագույն գրի նմուշներ

Ձեռագիր մատյաններ և մանրանկարչություն `ձեռագիր մատյաններ 9-15-րդ դդ.

Գրատպության սկիզբը `հայ տպագրության սկիզբ, առաջին տպագիր գրքեր, համաժամանակյա ձեռագրեր և գրքերի մետաղական կրկնակազմեր 1512-1699-ական թթ.

Հայերեն հնատիպ գրքեր`գրքերի մետաղական կրկնակազմեր, 1700- 1799 թթ. և 1800-1899 թթ.

Ձեռագրից մինչ վիրտուալ գրադարան `Հեթումի ճաշոցի ձեռագիր ու դրա թվայնացրած տարբերակի ցուցադրում

Մատենադարնի  և ազգային գրադարանի  հավաքածուներից այստեղ տեղ են գտել հազվագյուտ ձեռագրեր   ու մատյաններ: Մեծադիր ու փոքրադիր հայերեն ձեռագիր մատյանները տարբեր տվյալներով հաշվվում են մինչև 30.000 միավոր ամբողջ աշխարհում,իսկ հնատիպ գրքերն աշխարհում հաշվվում են  1000-ից ավելի, Հայաստանի ազգային գրադարանում կա 500-ից ավելի անուն հնատիպ գիրք, որոնք պահվում են գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության բաժնում:Մեկտեղելով   թանգարանային  հարուստ ցուցանմուշները` 17արժեքավոր նմուշներ  `Մայր Աթոռ սբ. Էջմիածնի թանգարաններից, 15-ը `Հայաստանի պատմության թանգարանից, 37 ձեռագրեր `Մատենադարանից  և  34 հնատիպ գրքեր Ազգային գրադարանից,ցուցահանդեսի  կազմակերպիչները համակողմանիորեն  ներկայացնում  են  ազգային գրավոր մշակույթի  բազմաթիվ շերտերն ու  դրանց  առանձնահատկությունները `եզակի ցուցադրական նյութի հիմքի վրա:



Մշտական
ցուցադրություն

Գրիգորյան Գևորգ Ստեփանի

Քնած աղջիկ (1966)

նրբատախտակ, յուղաներկ
30,9x24 սմ