Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

02.05.2014 - 27.05.2014

Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդես

Փարիզում ապրած տարիներին Ժան Կազանջյանը չի հետևել արտահայտչական միայն մի ձևի, չի հարել արվեստի իշխող որևէ շարժման, նա ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆոռնիայում հաստատվելուց ի վեր Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ -մշակույթի փոխներգործությունը:
“Pille ou face” (Գիր թե արծիվ) հսկայական եռանկարը բաղկացած է երեք պաննոյից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է երեք մասից, իսկ միասին դրանք ստեղծում են մեկ միասնություն: Այդ միասնությունը ներկայացնում է տիեզերքի մի մաս իր չորս տարրերով` օդ, ջուր, հող և հուր: Պարողների արտացոլվող տեսիլքը մտածել է տալիս մարդկային արժեքների  վաղանցիկության մասին: Երկն այստեղ ընթացքի մեջ է: 
Իր «պաստառ-նկարներում» Կազանջյանը ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է մի ուշագրավ խորություն: 90-ական թթ. ի վեր արվեստագետը սկսում է տեղադրել նկարված կտավից մոտավորապես մեկուկես մատնաչափ հեռու  գտնվող՝ գրեթե աննշմար թափանցիկ պաստառ: Դիտելով այն մոտիկից, նկատում ենք, որ պաստառը փոխանցում է սեփական նկարված պատկերը, իսկ երբ սևեռում ենք մեր հայացքն այդ երկպատկեր հարթության վրա, աստիճանաբար սկսում ենք ընկալել մի պատկերը մյուսի միջով, մյուսի հետ և միմյանց մեջ: 
Ցուցահանդեսում  ներկայացված երկերն ի հայտ են բերում Կազանջյանի ստեղծագործության բազմազան շերտերը` եռաչափ «պաստառ-նկարներից»մինչև առավել ֆորմալ դրվագանկարներն ու պղնձի վրա արված օֆորտները: Պատկերահանդեսում տեղ են գտնելու ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ներառում են քաղաքային բնանկարներ, նաև՝ հայկական թեմաներ,  ինչպիսիք են՝ Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, ինչպես նաև՝ անդրադարձ որոշ սրբապատկերային գործերի. Լեոնարդո դա Վինչիի «Ավետում» կամ Միքելանջելոյի «Պիետա»ստեղծագործություններին:
 

Մամլո հաղորդագրություն

 Կենսագրություն անգլերեն 

 Կենսագրություն ֆրանսերեն

 



Մշտական
ցուցադրություն

Սարգսյան Արա Միհրանի

Ճարտարապետ Թ. Թորամանյանի կիսանդրին (1951)

բազալտ, տաշում
55x80x50 սմ