Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

18.07.2014 - 11.11.2014

«XVI-XX դարերի արեվմտաեվրոպական գծանկարը, կավճանկարը, ջրանկարը, գուաշը և XVII- XIX դարերի Արևելքի արվեստը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում»

 Ցուցադրությունը, որտեղ միաժամանակ ներկայացված են եվրոպական տարբեր գեղարվեստական դպրոցներ, կազմակերպվում է թանգարանում առաջին անգամ և ընդգրկում է 100-ից ավելի ստեղծագործություն: Այն հնարավորություն է տալիս հանդիսատեսին անմիջականորեն տեսնելու և ըստ արժանվույն գնահատելու XVI-XX դարերի եվրոպական վարպետների բարձր արվեստը:Ներկայացված են հետևյալ երկրները՝ Իտալիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Ավստրիա, Անգլիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա:

Արևմտաեվրոպական ունիկալ գրաֆիկայի (գծանկար, կավճանկար, ջրանկար, գուաշ) հավաքածուն ձևավորվել է տասնամյակների ընթացքում` սկսած 1921 թվականին Հայաստանի պետական կենտրոնական թանգարանի (ՀՊԿԹ) հիմնադրումից: Վերջին համալրումները վերաբերում են 2005 թվականին: Հավաքածուի ձևավորման գործում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Պետական Էրմիտաժն ու Պետական թանգարանային ֆոնդը, որտեղից 1930 և 1932 թվականներին ՀՊԿԹ փոխանցվել են գծանկարներ, որոնք կազմել են այս ոչ մեծ հավաքածուի հիմքը: Այդ ճանապարհով ձեռք բերված բազմաթիվ գծանկարներ սերում են բավականին հայտնի եվրոպական և ռուսական հավաքածուներից` Կ. Կոբենցլի, Ի. Բեցկոյի, Ա. Բյորդելեի, Վ. Արղության-Երկայնաբազուկի և այլոց: Հավաքածուի համալրման այլ աղբյուր են արտասահմանցի հայազգի հավաքածուատերերի ու արվեստասերների նվիրատվությունները, ինչպես նաև թանգարանի ձեռքբերումները: Մի շարք ստեղծագործություններ հեղինակներն անձամբ են նվիրել թանգարանին:
Եվրոպական գծանկարն ունի շուրջ յոթ հարյուր տարվա պատմություն: Այդ ժամանակահատվածում բազմիցս փոխվել են նրա բնույթը, տեխնոլոգիական միջոցները, խնդիրները, նաև` հարաբերությունը կերպարվեստի այլ տեսակների հետ:
Արվեստաբանության մեջ գործածվող «գծանկար» հասկացությունը միանշանակ չէ: Այն կարող է նշանակել և° ձևին` գծանկարին, տիրապետելու նկարչի ունակությունը, և° հատուկ տեխնիկա: Գծանկարի զարգացման ընթացքում շրջադարձային է եղել թղթի օգտագործումը, որը Եվրոպայում հայտնվել է XI-XII դարերում և, լինելով տասն անգամ ավելի էժան, XIV դարում փոխարինել է նկարիչների կիրառած մագաղաթին: Թուղթը նպաստել է փորձնական, օժանդակ նկարների, շտուդիաների ստեղծմանը: Նկարիչը հնարավորություն ստացավ աշխատելու ավելի ազատ, առավել ինքնատիպ, ինչն էլ նպաստեց սեփական ոճի ու արտահայտչական լեզվի ձևավորմանը: Աճեց նաև գծանկարների քանակը. դրանք այդուհետ գնահատվում էին որպես ինքնուրույն արժեք: Մարդիկ գծանկարները փոխանցում էին միմյանց, նվիրում, վաճառում, ինչը վկայում էր նրանց ճանաչման ու արժևորման մասին:
Ամենավաղ գծանկարները այժմյան ըմբռնմամբ վերաբերվում են XV դարին: Համաձայն ընդունված կարծիքի` եվրոպական գծանկարը ծնունդ է առել Իտալիայում, իսկ ձևավորվել ու ծաղկում է ապրել Վերածննդի ժամանակաշրջանում, երբ արվեստում տեղի ունեցան նոր փոփոխություններ` պայմանավորված ժամանակի նվաճումներով: Գծանկարը դարձավ արվեստի առանձին տեսակ և լիապես դրսևվորվեց իր ողջ բազմազանությամբ: Ասվածը հատկապես ակնառու է Բարձր Վերածննդի նկարիչների` Իտալիայում` Լեոնարդո դա Վինչիի, Գերմանիայում` Ալբրեխտ Դյուրերի արվեստում:
Պատկերասրահի հավաքածուում չկան XV դարի նկարիչների ստեղծագործություններ, իսկ XVI-XX դարերը ներկայացված են 200-ից ավելի աշխատանքներով, որոնցում մասամբ արտացոլված են նշված ժամանակաշրջանի եվրոպական տարբեր գեղարվեստական դպրոցների գրաֆիկայի առանձնահատկությունները: Ցավոք, հավաքածուում ոչ բոլոր դպրոցներն են ներկայացված համարժեք: Առավել ընդգրկուն են իտալականը, հոլանդականը, ֆրանսիականը, գերմանականը և ռումինականը: Իսկ Ավստրիան, Անգլիան, Բելգիան, Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Շվեյցարիան ներկայացված են մեկ կամ ավելի նմուշներով:

XVII-XIX դարերի Արևելքի արվեստի հավաքածուն ընդգրկում է քառասունչորս ստեղծագործություն, որոնցից ցուցադրությունում ներկայացված են երեսունինը:Դրանք հիմանականում չինացի և իրանցի վարպետների գործեր են: Երեք ստեղծագործություն պատկանում են ճապոնացի նկարիչներին, մեկը` հնդկական մանրանկար է, իսկ հինգը` տիբեթյան թանկաներ են: հավաքածուն ձևավորվել է հիմնականում նվիրատվությունների շնորհիվ և ցուցադրվում է առաջին անգամ::(Չինաստան,  Իրան, Ճապոնիա, Հնդկաստան) :

Մամլո Հաղորդագրություն
 

Մշտական
ցուցադրություն

Վերնե Կլոդ Ժոզեֆ

Փոթորիկ ծովի վրա

կտավ, յուղաներկ
51,2x65 սմ