Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

08.10.2014 - 15.12.2014

Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդես

2014թ. Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսը: Այն րականացվում է Լեհաստանի և Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո: Ներկայացված է շուրջ 45 աշխատանք: Աքսենտովիչը հայտնի է որպես դիմանկարիչ։ Պատկերել է ժանրային տեսարաններ հուցուլների կյանքից։ Նկարիչը անդրադարձել է նաև հայկական թեմաներին։

 2014թ. հունիսի 18-ին Սոպոտի արվեստի Պետական Պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ տեղի ունեցավ «Հովհաննես Այվազովսկի. Ժամանակ և հավերժություն» խորագրով աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու և «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրով հանրահայտ, ծագումով հայ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսների վերնիսաժը: Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսները բաց եղան մինչև սեպտեմբերի 21-ը: Մասնավորապես ուշագրավ էր այն փաստը, որ Հովհ. Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդեսը Սոպոտում երկրորդն էր Լեհաստանի պատմության մեջ, իսկ առաջինը տեղի էր ունեցել 1875թ., ծովանկարչի ողջության օրոք:
Այս վերնիսաժի բացման արարողության ժամանակ Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նշեց. որ Լեհաստանի և Հայաստանի միջև առկա բազմադարյա հարաբերությունները արժե հիշեցնել «մասնավորապես հիմա, երբ փորձում ենք ձևավորել Եվրոպան որպես համայնք, որը ցանկանում է հատել սահմանները և անդրադառնալ պատմության լավագույն տարրերին», որից հետո ավելացրեց. «Այվազովսկու ցուցահանդեսը Սոպոտում կարող է հպարտության աղբյուր լինել ծովափնյա տարածքում բնակվող բոլոր հայերի համար, ինչպես նաև հանդիսանալ մտորումների աղբյուր այն մասին, թե որքան ընդհանրություններ ունենք, թե ինչպես մշակույթը կարող է լինել ժողովուրդների միջև հարաբերությունների և աշխարհի խնդիրներին նայելու կապակցող օղակը»:
Հովհ. Այվազովսկու ստեղծագործություններին զուգահեռ ներկայացված էր նաև մեկ այլ՝ ծագումով հայ, նշանավոր արվեստագետ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցադրությունը: Ներկայացված էին գեղանկարչի 80 յուղանկար, գծանկար, պաստելով կատարված ստեղծագործություններ և էսքիզներ: Հատկանշական է այն փաստը, որ գեղանկարիչը միշտ շեշտել է իր հայկական արմատները, ինչի վկայությունն են նրա կողմից ստեղծված՝ հայերի կրոնին, մշակույթին և պատմությանն անդրադարձող այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Հայերը Լեհաստանում» նկարը, ինչպես նաև՝ Լվովի հայկական եկեղեցու համար արված վիտրաժի, եկեղեցու խորանի և կենտրոնական աբսիդում մոզաիկայի նախագծերը, որոնց ցավոք, իրականություն չեն դարձել:
Հարկ է նշել, որ 1910թ. Աքսենտովիչը անդամագրվել է «Հայաստան» հայկական ընկերությանը, որը նպատակ էր հետապնդում խթանել հայկական մշակույթին և պատմությանը առնչվող գիտելիքների տարածմանը Լեհաստանում:
«Պաշտված՝ կանանց, հարգված՝ քաղաքական գործիչների, գնահատված՝ պատմաբանների կողմից և իր հայկական արմատները հիշող. Թեոդոր Աքսենտովիչի՝ Երիտասարդ Լեհաստանի ժամանակաշրջանի մեծագույն ստեղծագործողներից մեկի կյանքը անշուշտ կարող է ծառայել որպես ֆիլմի սցենար» - այսպես է «Rzeczpospolita» թերթում արվեստագետի մասին գրում արվեստաբան Յան Բոնչա- Շաբլոնսկին:
 

Հաղորդագրություն մամուլի համար

 



Մշտական
ցուցադրություն

Կոջոյան Հակոբ Կարապետի

Աշունը Երևանում (1923)

կտավ, յուղաներկ
45x48 սմ