Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

10.09.2015 - 10.10.2015

Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն»

Հայաստանի Ազգային Պատկերասրահը Երվանդ Քոչարի տուն - թանգարանի հետ համատեղ ներկայացնում է «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը, որն իր մեջ ներառում է գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն:

Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 10-ից և կտևի մինչև հոկտեմբերի 10-ը։ Ներկայացվելու են Քոչարի գործունեության երկու` փարիզյան և երևանյան շրջաններում ստեղծված երկերը, սակայն գերակշռող մասը երևանյան շրջանի ստեղծագործություններն են։
Փարիզյան շրջանից (1923-1936) ցուցահանդեսում ներառված են մի շարք գործեր, այդ թվում` 1925 թ. «Ընտանիք - սերունդներ» ստեղծագործությունը: Արվեստագետը ավանդական բովանդակությանը տվել է խոր իմաստ` հանգելով այն կարևոր մտքին, թե ընտանիքը մարդկության այն հանգույցն է, որի զորությունը սերունդների առողջ հաջորդականության մեջ է: Այս շրջանի աշխատանքներից ներկայացված են նաև «Հարություն», 1923 թ., «Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագդաղենացին», 1924 թ. և այլ գործեր:
Փարիզում Քոչարին լայն ճանաչում բերեցին նրա «տարածական նկարչության» նմուշները, որոնցում նա փորձել է նկարչությունը դնել ոչ միայն տարածական, այլև ժամանակային չափման մեջ` առաջարկելով քանդակագործության ու գունանկարի համադրման, ներդաշնակ սինթեզի սեփական տարբերակը: Սույն ցուցահանդեսում տարածական նկարչությունից ներկայացված է 1929 թ., «Երևան - Էրեբունի», 1968 թ.
Երևանյան շրջանի (1936-1979) գործերում հատկանշական են հայկական էպոսի` «Սասունցի Դավթի» նկարազարդումները: Անցյալի հերոսականության հանդեպ իր վերաբերմունքի արտահայտությամբ ստեղծած այս նկարազարդումները հայ նկարչության հիանալի նմուշներ են: Հիրավի, դրանք հայ գրքային արվեստի իսկական գլուխգործոցներ են:
Ցուցահանդեսում տեղ են գտել հայ նշանավոր գործիչներին նվիրված պատկերներ. Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Ոսկան Երևանցի, Սայաթ-Նովա, Կոմիտաս, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան:

 

http://eter.am/archive/2015/38/rus/tv.shtml

 

 



Մշտական
ցուցադրություն

Պետրոսյան Մարտին Վիրաբի

Ընկերուհիներ (1961)

կտավ, յուղաներկ
72,5x55 սմ