Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

20.11.2015 - 20.12.2015

էդման Այվազյան «Հայրենիքի գույները»

Նոյեմբերի 20-ին ժ.16:00, Հայաստանի Ազգային պատկերասրահում  կբացվի Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Իրանում ծնված, այժմ Լոնդոնում բնակվող մեր հայրենակից Էդման Այվազյանի (ծնվ. 1932 թ.) անհատական ցուցահանդեսը, ընդլայնում է մեր պատկերացումները արտերկրում ստեղծագործող վարպետների գեղարվեստական նվաճումների մասին:  Ցուցահանդեսը ներկայացնում է մի արվեստագետի, որն իր երկերում համադրում է հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթները:
Մասնագիտական կրթությունը Էդման Այվազյանը ստացել է Հռոմում, հետագայում իր արվեստը կատարելագործել է Լոնդոնում, ուր ապրում է մինչև օրս: Նկարչի գեղարվեստական հետաքրքրությունների շրջանակը բավական լայն է: Նրա ստեղծագործական գաղափարներն իրագործվել են տարբեր ոլորտներում, ինչպես գեղանկարչության, գրաֆիկայի, այնպես էլ ճարտարապետության, դիզայնի ասպարեզում:
Էդման Այվազյանը ձևավորել է մի շարք հայկական եկեղեցիների ինտերիերներ, հասարակական և հոգևոր կառույցներ Եվրոպայում, Միջին Արևելքում, ծննդավայրում` Իրանում: Անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, հայտնի է որպես հմուտ ծովանկարիչ:
Ներկա ցուցահանդեսն ավելի ընդարձակ է, քան 1987 թ. Երևանում` Նկարիչների միությունում կազմակերպված ցուցադրությունը, որը հիմնականում ընդգրկում էր հայկական թեմաներին նվիրված 1960-1980 թվականների հաստոցային և գրաֆիկական հորինվածքներ: 
Այսօր, գրեթե երեսուն տարի անց, Ազգային պատկերասրահի ցուցահանդեսը ներկայացնում է Էդման Այվազյանի ճարտարապետական և դիզայներական նախագծեր, վերջին 10-15 տարիներին ստեղծված  40 բնանկարներ,կալիգրաֆիաներ, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու արվեստագետի անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները, նրա յուրօրինակ ձիրքը:

 

Մշտական
ցուցադրություն

Ռոդեն Օգյուստ

Կնոջ դիմաքադակ. Սյուզոն (1875)

բրոնզ, հղկում / ողորկում, ձուլում, բրոնզափառ
40x20,5x17,5 սմ