Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

04.12.2015 - 04.03.2016

«Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներ»

 Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:00, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի  «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» ցուցահանդեսը` նվիրված հայ առաջին «պլեներիստ» նկարչի ծննդյան 145-ամյակին:  19-րդ դարավերջի - 20-րդ դարասկզբի հայ մեծանուն արվեստագետ, ժամանակի տաղանդավոր բնանկարիչ, դիմանկարիչ, ժանրիստ Եղիշե Թադևոսյանը աշխատել է կերպարվեստի ամենատարբեր տեսակներում` գեղանկար, գրա‎ֆիկա, խճանկար, քանդակ, բեմանկարչություն, գրքի ձևավորում:
Նրա ստեղծագործական ոճի և յուրատիպ աշխարհընկալման կայացմանը մեծապես նպաստել է իր ուսուցիչ Վ.Պոլենովը, որի հետ կապված է եղել ջերմ ու մտերիմ հարաբերություններով:
Ռուս մեծ արվեստագետներին աշակերտած, ժամանակի առաջատար գաղափարներին դավանած, գեղանկարչական տարբեր դպրոցներին և ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջ ծանոթ նկարիչն իր հստակ տեղն ու ճանաչումն է ձեռք բերել ոչ միայն հայ կերպարվեստում, այլև ռուս համախոհ-նկարիչների փառաշարքում:

«Ուշադրություն դարձրեք Թադևոսյանի վրա», - ասում է Վրուբելը, իսկ Անդրեյ Բելին իր «Երկու դարերի սահմանագլխին» գրքում հայ նկարչի անունը հիշատակում է Լևիտանի, Նեստերովի, Կորովինի կողքին:Շրջակա իրականությունը բազմակողմանիորեն պատկերող մեծատաղանդ այս արվեստագետն ու հայկական պլեներային գեղանկարչության հիմնադիրը առաջին հայ նկարիչն է, որի ստեղծագործության մեջ յուրովի և առավելագույնս արտացոլվել են իմպրեսիոնիզմին բնորոշ լույսը, գունագեղ ու թրթռուն երփնագիրը:
Աշխատելով գեղանկարի գրեթե բոլոր ժանրերում, ստեղծելով 700-ից ավել փոքրածավալ էտյուդներ (շուրջ 500- ՀԱՊ-ի հավաքածուում), մի շարք թեմատիկ կոմպոզիցիաներ` Եղիշե Թադևոսյանը հայ կերպարվեստը հարստացրել է թեմաների ու սյուժեների մեծ բազմազանությամբ` պահպանելով իր ստեղծագործության ազգային շեշտն ու ինքնագիտակցությունը:Ներկա ցուցահանդեսը շարունակում է թանգարանի մասնավոր հավաքածուների հետ ծանոթացնելու ավանդույթը: Վահագն Գրիգորյանի ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել ու պահպանել ոչ միայն բարձրարժեք նկարներ, այլև նկարիչների կյանքի ու ստեղծագործության վրա լույս սփռող բազմաթիվ արխիվային փաստաթղթեր: Կոլեկցիոների ծավալուն և հարուստ հավաքածուն ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում և ընդգրկում է հայ դասական վարպետների արժեքավոր կտավներ: Հավաքածուում առանձնակի տեղ է զբաղեցնում Եղիշե Թադևոսյանի բաժինը, որի հիմնական մասը նկարահավաքը ձեռք է բերել Թբիլիսի կատարած իր այցի ընթացքում նկարչի հրեա հարևանից: Ցուցահանդեսին առաջին անգամ գրեթե ամբողջությամբ ներկայացվող հավաքածուն ներառում է տարբեր տարիների թվագրվող փոքրածավալ էտյուդներ, 80-ից ավել ճեպանկար, պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարներ, արժեքավոր նմուշներ նկարչի նամակագրությունից, ինչպես նաև ունիկալ վիտրաժ: Ցուցադրության մյուս հատվածն ընդգրկում է Հայաստանի ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող նամակագրական ու կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, էտյուդներն ու գծապատկերները, որոնք թանգարանին է կտակել նկարչի կինը` ազգությամբ շվեյցարուհի Ժյուստինա Նեֆը: Էտյուդների մեծ մասը թվագրվել է ցուցահանդեսի նախապատրաստական փուլում՝ գիտական ուսումնասիրության ընթացքում:

Գրաֆիկայի բաժնի վարիչ,ցուցահանդեսի համադրող`
Մարինա Հակոբյան

 



Մշտական
ցուցադրություն

Բուդեն Էժեն

Ծովափնյա նավահանգիստը

կտավ, յուղաներկ
36x58 սմ