Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

25.11.2016 - 25.12.2016

XVIII-XX դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկա

 
Նոյեմբերի 25-ին՝ ժամը՝ 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: 

Ցուցահանդեսը ներառում է 230 աշխատանք` ՀԱՊ-ում պահվող 18-20-րդ դարերի ռուսական գրաֆիկայի և խորհրդային նկարիչների ջրանկարների ու գծանկարների ավելի քան 500 ստեղծագործություններից:
Թանգարանի այլ բաժինների հետ մեկտեղ գրաֆիկայի հավաքածուն կազմավորվել է 1920-1930 թվականներից սկսած: Սկզբնական համալրման աղբյուր են ծառայել Թանգարանային ֆոնդերը, սակայն նմուշների մեծ մասը ձեռք է բերվել ցուցահանդեսներից և մասնավոր հավաքածուներից՝ արվեստի բաժինների ամբողջականությանը ձգտող Պատկերասրահի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսում ներկայացված հարուստ նյութերը հնարավորություն են ընձեռում հետևելու գրաֆիկական արվեստի և նկարիչների ստեղծագործության զարգացման հիմնական փուլերին ավելի քան 200 տարվա ընթացքում: Առանձնակի հետաքրքրություն են առաջացնում 19-րդ դարի առաջին կեսի հայտնի վարպետներ Կ. Բրյուլովի, Ա. Իվանովի, Ա. Օռլովսկու, Ֆ. Բռունիի, Վ. Շտերենբերգի և այլոց գրաֆիկական թերթերը: Նրանցից շատերը ստեղծագործել են գրաֆիկայի ամենահետաքրքիր ժանրերից մեկում. դա փոքրածավալ կամերային` մտերմիկ դիմանկարի ժանրն է, որը լայն տարածում գտավ ռուսական հասարակության բոլոր խավերի մշակութային առօրյայում:
Նշանակալից են նաև նկարիչների հայկական թեմաներով պատկերները, որոնք կազմում են հավաքածուի գրեթե ամենաուշագրավ մասը: Հայաստանը ռուս և խորհրդային վարպետների աչքերով ներկայացնող աշխատանքները խոսուն վկայությունն են այն բանի, թե ինչ անկեղծ հետքրքրություն են տածել ռուս մշակույթի լավագույն ներկայացուցիչները մեր երկրի նկատմամբ: Բավական է հիշատակել Հայաստանն իբրև թեմա ընտրած Գ. Գագարինի, Ն. Ուդալցովայի, Ա. Կրավչենկոյի, Գ. Վերեյսկու, Վ. Բելյաևի, Պ. Կուզնեցովի, Ե. Լանսերեի, Ի. Գուրվիչի, Պ. Շիլլինգովսկու հորինվածքները: Այս գործերը գրավում են կերպարների բազմանշանակությամբ, մարդկանց, մշակույթի, բնության էության հատուկ մեկնաբանումով, որոնք բացահայտում են կեցության նոր, երբեմն անտեսանելի եզրեր:
Լայնորեն ներկայացված է 19-րդ դարի արվեստը: Մ. Զիչիի, Պ. Չիստյակովի, Լ. Լագորիոյի, Գ. Սեմիրադսկու,Ն. Մակովսկու ջրանկարներն ու մատիտանկարները ցուցադրվում են Վ. Վերեշչագինի, Ի. Շիշկինի, Վ. Մակովսկու, Վ. Սուրիկովի, Ի. Ռեպինի և 19-րդ դարի երկրորդ կեսի ռեալիստական ուղղության այլ ներկայացուցիչների գործերի կողքին. վարպետներ, որոնք նպաստել են դարաշրջանի դեմոկրատական միտումների զարգացմանը, գրաֆիկական արվեստի լեզվի, թեմատիկայի, արտահայտչամիջոցների ընդլայնմանը:
Թանգարանի հավաքածուն ներառում է 19-րդ դարավերջի - 20-րդ դարասկզբի հայտնի նկարիչների բազում գլուխգործոցներ: Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում է այդ սահմանային ժամանակահատվածի վարպետների բարդ և բազմանշանակ աշխարհը: Անկախ իրենց գեղարվեստական նախընտրություններից, նրանք բոլորը ձգտում էին հոգևոր նորացմանը: Մ. Վռուբելի, Վ. Բորիսով-Մուսատովի, Վ. Սերովի, Մ. Նեստերովի, <<Միռ իսկուստվա>> միավորման նկարիչների` Ա. Բենուայի, Կ. Սոմովի, Ա. Օստրոումովա-Լեբեդևայի, Մ. Դոբուժինսկու, Ե. Լանսերեի, Լ. Բաքստի, Բ. Կուստոդիևի, Զ. Սերեբրյակովայի, Ա. Գոլովինի ստեղծագործությունները լուսաբանում են 19-րդ դ.-20-րդ դարի սկզբի վարպետների մեծագույն հետաքրքրությունը գրաֆիկական արվեստի նկատմամբ: Դա այդ արվեստի բարձրագույն վերելքի ժամանակաշրջանն է, երբ գրաֆիկան իր հաստոցային, ոչ կիրառական նշանակությամբ դառնում է կերպարվեստի հիմնական տեսակը:
Ցուցահանդեսի իսկական բացահայտումներից է ավանգարդիստ նկարիչների աշխատանքների հավաքածուն. ներկայացվում են Վ. Կանդինսկու, Մ. Լե-Դանտյուի, Օ. Ռոզանովայի, Պ. Կոնդրատևի, Պ. Ֆիլոնովի, Ռ. Ֆալկի մատիտանկարներն ու ջրանկարները: Դրանք, ինչպես նաև խորհրդային նկարիչների աշխատանքները շատ չեն, բայց սակավությունը փոխհատուցվում է ցուցանմուշների բարձր որակով: Կուկրինիկսների, Մ. Չերեմնիխի, Բ. Եֆրեմովի, Յա. Գանֆի ծաղրանկարները, Պ. Կոնչալովսկու, Ն. Կուպրեյանովի, Ն. Կուզմինի, Ա. Պլաստովի, Գ. Ռյաժսկու և այլոց ստեղծագործությունները ներկայացնում են արվեստում կատարված փոփոխությունները, նոր առաջացող սոցիալական արվեստի կողմնորոշումը դեպի ռեալիզմը, որը դարձել էր ժամանակի յուրօրինակ հայելին և արտացոլում էր հասարակության կյանքի տարբեր փուլերը: Ցուցահանդեսը լրացնում են խորհրդային անվանի գծանկարիչների` Ն. Տիրսայի, Ն. Շիֆրինի, Վ. Լեբեդևի, Կ. Ռուդակովի, Վ. Կոնաշևիչի, Տ. Մավրինայի, Բ. Պրորոկովի և այլոց աշխատանքները. նկարիչներ, որոնք աչքի են ընկնում անհատական աշխարհայացքով և պլաստիկական մարմնավորման հնարավորություններով:
Պատկերահանդեսում հատուկ տեղ է հատկացվում 2016 թվականի հոբելյարներին. նրանց ստեղծագործություններն առանձնացված են կենտրոնական պատին, նշելով ցուցադրության սկիզբը:

 

Մշտական
ցուցադրություն

Տեր-Հարության Խորեն

Հաղթանակ (1966)

թուղթ, գուաշ, ջրաներկ, կավճամատիտ
60,5x45,3 սմ