Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

26.04.2017 - 27.05.2017

Լվովի հայկական տաճարի վերածնունդը

Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Հայկական ընդարձակ թաղամասում հայ վաճառականների նյութական միջոցներով 1183 թվականին կառուցված փայտաշեն եկեղեցու տեղում 1363-ին հիմնադրվում է Սբ. Աստվածածնի վերափոխման տաճարը, որը խաչաձև հատակագծով գմբեթավոր բազիլիկ է, արտաքինից զարդարված կամարաշարով, ներսից՝ որմնանկարներով։ Տաճարն ընդհանրություններ ունի Անիի եկեղեցիների հետ և ըստ հետազոտողների՝ այն կառուցել են հայ շինարարները վարպետ Դորինգի գլխավորությամբ։ Սբ. Աստվածածինը Լվովի անմենահին շինություններից է և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Տաճարը հետագայում ընդարձակվել է, տարածքում ավելացել են նոր շինություններ՝ աշտարակ-զանգակատունը, կուսանաց վանքը, դպրոցը, միաբանության անդամների և եպիսկոպոսի երկհարկ կացարանը, տպարանը, գերեզմանատունը և այլն։
17-րդ դարից մինչև 20-րդ դարի առաջին կեսը վանքը եղել է Հայ Կաթողիկե Եկեղեցու Լվովի թեմի նստավայրը։ Խորհրդային իշխանության տարիներին թեմը լուծարվելուց հետո տաճարում տեղակայվել են Լվովի թանգարանների պահոցները, իսկ 2001-ին այն վերադարձվել է հայ համայնքին ու Առաքելական Եկեղեցուն։ Սբ. Աստվածածնի վերափոխման տաճարն այն յուրատիպ հայելին է, որտեղ արտացոլվում է 11-12-րդ դարերում Լեհաստանում հաստատված հայկական գաղթօջախի կյանքի ողջ ընթացքը, արևելաեվրոպական երկրների հետ հոգևոր ու մշակութային սերտ շփումների ու փոխազդեցությունների արդյունքում ձեռք բերած նոր ու ինքնատիպ դիմագիծը։
Լվովի հայկական տաճարի վերջին վերակառուցումն ու նկարազարդումը կատարվել է 20-րդ դարի սկզբին թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոֆիլ Թեոդորովիչի (1864-1938) կողմից, որին մասնակցել են ժամանակի հանրաճանաչ լեհ արվեստագետներ։ Նոր նախագիծն իրականացրել են կրակովյան մոդեռնիզմի ներկայացուցիչներ ճարտարապետ-դիզայներ Ֆրանչիշեկ Մոնչինսկին (1874-1947) և Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Յուզեֆ Մեհոֆֆերը (1869-1946), իսկ որմնանկարների, խճանկարների ու ապակենկարների հեղինակն է Յան Հենրիկ Ռոսենը (1891-1982)։ Վերջինիս կրոնական թեմաներով մոնումենտալ աշխատանքները զարդարում են Լեհաստանի և ԱՄՆ-ի տարբեր դավանանքի պատկանող եկեղեցիներն ու հասարակական շինությունները։ Գեղարվեստական ու պատկերագրական բացառիկ նշանակություն ունեն Ռոսենի որմնանկարները, որոնցում ավանդական տեսարանների կողքին տեղ են գտել հեղինակի ստեղծագործական եզակի հղացումները («Սբ. Օդիլոնի հուղարկավորությունը», «Սբ. Հովհաննես Մկրտչի փառաբանումը», «Եղնիկին որսորդներից պաշտպանող Սբ. Էգիդիոսը» և այլն)։
Տաճարի հարդարանքի հայկական նկարագիրը վերականգնելու նպատակով Ավագ խորանի սեղանին տեղադրված է Սբ. Աստվածածնի սրբապատկերը, թեմատիկ որմնանկարները երիզված են հայկական միջնադարյան մանրանկարչության մեջ տարածված զարդամոտիվներով, ապակենկարներով պատված պատուհանների կողքերին գունագեղ խորանազարդեր, թռչունների ու կենդանիների պատկերներ են, որոնք հետաքրքիր համադրության մեջ են ընդլայնված հատվածի ճարտարապետական նոր լուծումների, որմնանկարների ու խճանկարների հետ։ Տաճարում տիրում է անցյալի ու ներկայի ներդաշնակ համակեցություն։
Լեհաստանի իշխանությունների ջանքերով և ֆինանսական աջակցությամբ Կրակովի Ժառանգության ակադեմիայի շրջանավարտների միության կողմից մի քանի փուլով 2008-2015 թվականներին կատարվել են տաճարի ներքին հարդարանքի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքներ, ներգրավվել է հեղինակավոր մասնագետների խումբ՝ այդ թվում Պավել Բարանովսկին, Յոաննա Չերնիխովսկան, Իննա Դմիտրուկ-Սորոխտեյը, Ռուսլանա Հերմանը, Ագնիեշկա Կալբարչիկը և ուրիշներ։ Պրոֆեսիոնալ մոտեցման ու վերականգնման ժամանակակից եղանակների շնորհիվ կործանումից փրկված ինքնատիպ հարդարանքով հայկական տաճարը խոսուն վկան է քրիստոնեական արժեքների վրա խարսխված լեհ, ուկրաինացի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության։ Հայկական տաճարին և դրա կերտողներին նվիրված մի շարք ցուցահանդեսներ են կազմակերպվել Լվովում և Լեհաստանի տարբեր քաղաքներում։ Լեհաստանի կառավարության աջակցությամբ այն ներկայացվում է նաև Հայաստանում, իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 27-ը:

Մշտական
ցուցադրություն

Սոմով Կոնստանտին Անդրեևիչ

Սիլոմյագա գետի հովիտը. Լենինգրադ (1900)

կտավ, յուղաներկ
33,5x51 սմ