Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

11.11.2017 - 29.12.2017

Արա Շիրազ.Հետահայաց ցուցահանդես

Սույն թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա քանդակագործ Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը: Արա Շիրազը հայ նոր կերպարվեստի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նա հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով, նորարարական մոտեցումներով, ժամանակի խոր զգացողությամբ, թեմայի և կերպարների յուրօրինակ ու համարձակ մեկնաբանմամբ:
Արա Շիրազը ծնվել է 1941 թվականին մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում: 1966 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1987-ին ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ: Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման է արժանացել 1977-ին, 1979-ին` Հայաստանի Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, 2009 թվականին` Հայաստանի Հանրապետության Ժողովրդական նկարչի կոչման: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում:
Շիրազի արվեստի կերպարային բարդ համակարգը և ժանրաթեմատիկ ընդգրկումները անցել են զարգացման և փոխակերպման ինքնատիպ ուղի, իրենց մեջ ներառելով կերտարվեստի բոլոր ժանրերը՝ դիմաքանդակ, բոլորաքանդակ, հարթաքանդակ, կոնցեպտուալ հորինվածքներ, մոնումենտալ արձանագործություն… Վարպետի բազմաժանր և բազմաբովանդակ արվեստում մեծ տեղ ունի նրա ստեղծած անվանի հայ մտավորականների դիմաքանդակների շարքը՝ Վիլյամ Սարոյան, Հովհաննես Շիրազ, Երվանդ Քոչար, Պարույր Սևակ, Սերգեյ Փարաջանով և այլք:
Հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին՝ հզոր արձանագործի ծավալային և ձևակազմական բոլոր փոխակերպումներով, քանդակագործական երկերից մինչև գրաֆիկական թերթերը` շուրջ 90 աշխատանք (հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից): Վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ: Դրանք մեկ այլ տեսանկյունից են լուսաբանում Շիրազի արվեստը:

 Ցուցահանդեսի համադրող՝ Մարիամ Դավթյան:

Մշտական
ցուցադրություն

Սուրյան Զարեհ

Նավակայան (1945)

կտավ, յուղաներկ
45,5x61 սմ