Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

21.12.2018 - 07.03.2019

ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈՒՐՋՅԱՆ հետահայաց ցուցահանդես

 Շուրջ 35 տարի դասավանդել է մասնագիտական նորաբաց ուսումնական հաստատություններում` Երևանի Գեղարդ տեխնիկումում (1923-1935), Երևանի Պոլիտեխնիկական (1929-1935) և Գեղարվեստաթատերական (1945-1958) ինստիտուտներում, գրել է 20-րդ դարի հայ նկարիչներին նվիրված մենագրություններ և պարբերական մամուլում հրատարակել բազմաթիվ հոդվածներ: Նրա նախաձեռնությամբ 1939 թ. ստեղծվել է և որոշ ընդհատումներով առ այսօր գործում է «Նկարիչների շրջիկ արվեստանոցը»: Դրա շնորհիվ տարբեր նախասիրությունների տեր արվեստագետներին հնարավորություն է տրվել միասին այցելելու հանրապետության շրջանները, շփվելու իրար հետ, ստեղծագործելու բնության գրկում, կազմակերպելու ցուցահանդեսներ:

Նկարչի գեղարվեստական լեզվի ձևավորման հարցում նշանակալից դեր են խաղացել ինչպես 20-րդ դարի ռուս ռեալիստական գեղանկարչության ավանդույթը, այնպես էլ եվրոպական արվեստում մշակված պլեներային նկարչության սկզբունքները: Մեծ է նկարչի հետաքրքրությունը իմպրեսիոնիզմի նկատմամբ, որից քաղած դասերն առավել ցայտուն դրսևորվել են 1920-1950-ական թվականների գործերում: Գաբրիել Գյուրջյանը հիմնականում աշխատել է բնանկարի ժանրում՝ նպաստելով պլեներային նկարչության զարգացմանը հայ արվեստում։ 1960-70-ական թվականների գործերում նկարիչը ձգտում է մարմնավորել հայրենի երկրի մոնումենտալ, ընդհանրացված կերպարը, որն ամբողջական լուծում է ստանում լայն, ընդգրկուն տարածության հետաքրքիր դիտակետի, առանձին պլանների մանրակրկիտ մշակման ու մաքուր, հնչեղ գուներանգի միջոցով։

Գյուրջյանը ստեղծել է ծննդավայր Արդվինի և Հայաստանի գողտրիկ անկյունների պատկերներ. Սևանա լիճ և կղզի՝ առափնյա ժայռերով ու եկեղեցիներով, Բջնի, Ապարան, Գորիս, Եղեգնաձոր, Լոռի, Գյումրի, հին և նոր Երևան, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններով բնանկարներ, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ սիրո, հիացմունքի ու ներքին հպարտության զգացումով: Նկարիչն աշխատել է շարքերով և նույն տեղանքի պատկերման համար ամեն անգամ կարողացել է գտնել կոմպոզիցիոն հետաքրքիր կառուցվածք, տարվա եղանակի, օրվա պահի և տրամադրության համապատասխան երանգավորում: Արժեքավոր են նաև գյուղի կյանքին ու աշխատանքին, հայրենի երկրի արդյունաբերական շինարարությանը նվիրված ռեալիստական մեկնաբանմամբ թեմատիկ կտավները։ Գյուրջյանը հայ կերպարվեստում արդյունաբերական բնանկարի ժանրի հիմնադիրներից է։

Գաբրիել Գյուրջյանը մասնակցել է հանրապետական, միութենական և արտասահմանյան երկրներում կազմակերպված հայ նկարիչների խմբային բազմաթիվ ցուցահանդեսների, սակայն կենդանության օրոք անհատական ցուցահանդես չի ունեցել։ Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված այս ցուցահանդեսը նվիրված է նրա ծննդյան 125-ամյակին։ Ներկայացվում է Ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, ինչպես նաև ընտանիքի և մասնավոր հավաքածուներում պահվող նկարների ընտրանին։ Դրանց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ և արդեն ծանոթ գործերի հետ միասին ամբողջական պատկերացում է տալիս Գաբրիել Գյուրջյանի թողած հարուստ ժառանգության մասին, որը մի ամբողջ դարաշրջանի լավագույն ձեռքբերումներից է և իր ուրույն տեղն ունի հայ կերպարվեստի գանձարանում: