Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

28.09.2019 - 08.10.2019

Աշոտ Աշոտ. «Աֆակտում»

 Հայազգի ֆրանսաբնակ արվեստագետ Աշոտ Աշոտը (Աշոտ Ղազարյան) ծնվել է
1961 թ. Երևանում: 1977-1981 թթ. սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև 1981-1986 թթ. ուսումը շարունակել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հայաստանյան ժամանակակից արվեստի կարևորագույն դրսևորումներից՝ «3-րդ հարկ» շարժման (1987-1992) հիմնադիր անդամներից է և իր կարևոր ներդրումն է ունեցել Հայաստանում ժամանակակից արվեստի հետագա զարգացման և նոր պրակտիկաների հաստատման գործում:
1993 թ. տեղափոխվել է Ֆրանսիա, ապրում և ստեղծագործում է Փարիզում:
Արվեստագետի գեղարվեստական և փիլիսոփայական հայացքների ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել վեդայական փիլիսոփայությունը, որն իր արտահատությունն է գտել նրա բազմադիսցիպլինար ստեղծագործական տիրույթում՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, վիդեոարտ, պերֆորմանս, ինստալացիա. 1990-ականներից սկսած Աշոտ Աշոտը իր գործերն անվանում է ԱՖԱԿՏՈՒՄ: Նրա ստեղծագործության փիլիսոփայական առանցքը հոգու և մարմնի խզումների և հոսքերի անվերջանալի դուալիզմն է, գոյի հոգևոր տիեզերական անսահմանությունը, որն արվեստագետը քննության է առնում վերացական մեդիտատիվ ձևերի (հոգևոր/ներքին) և ֆիգուրատիվ ստատիկ պատկերների (մարմին/արտաքին) շարունակական փոխադրումների միջոցով:
Աշոտ Աշոտը տեսաբան արվեստագետ է: Արվեստի, աստվածաբանության, փիլիսոփայության հիմնահարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Անհատական և խմբային ցուցահանդեսներով ներկայացել է Հայաստանում, Ֆրանսիայում, աշխարհի տարբեր երկրներում: Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Կոլումբիայի, Լիտվայի թանգարաններում, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:
Ցուցադրված ստեղծագործությունները հեղինակի նվիրատվությունն են Ազգային պատկերասրահին:

Մշտական
ցուցադրություն

Կրամսկոյ Իվան Նիկոլաևիչ

Քրիստոսի գլուխը (1880)

կտավ, յուղաներկ
53x45,5 սմ