Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

12.12.2019 - 20.02.2020

Արևելքը և հայ արվեստը

«Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսը ներկայացնում է Ազգային պատկերասրահում պահվող հայ և օտարերկրյա՝ պարսիկ, չինացի, ճապոնացի, արևելցի այլ նկարիչների ստեղծագործությունները, ցուցադրում է աշխատանքներ Մ. Սարյանի, Ս. Փարաջանովի, Ժամանակակից արվեստի թանգարաններից, ինչպես նաև 20-21-րդ դդ. հայտնի վարպետների՝ արևելյան թեմաներին առնչվող գործեր:
Ցուցադրությունը բավական ծավալուն է և բազմաշերտ, ընդգրկում է արվեստի տարբեր տեսակների և ժանրերի ավելի քան 200 նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս զուգահեռներ անցկացնելու գեղարվեստական տարբեր դպրոցների միջև և վկայում են Արևելքի և հայ մշակույթի փոխազդեցության մասին:
Ցուցահանդեսի անվանումը որոշակիորեն կապակցվում է օրիենտալիզմի հետ: 19-րդ դարավերջին - 20-րդ դարասկզբին Եվրոպայում վառ դրսևորված գեղարվեստական այս հոսանքը իր հետաքրքրություններն ուղղել էր դեպի Արևելքի երկրները: Դրանք եվրոպացիներին գերում էին խորհրդավորությամբ և էկզոտիկայով, մղում էին ճանաչելու սեփական արմատներն ու անցյալը, համամարդկային մշակույթի զարգացումը: Գեղարվեստում օրիենտալիզմը դիմում է արևելյան սյուժեների, կիրառում է արևելյան մշակույթին բնորոշ ոճական արտահայտչամիջոցներ:
Հայաստանը պատմականորեն, մշակույթով կապված լինելով Արևելքի հետ՝ յուրովի է փոխարկում նրա պատմական և գեղագիտական հարուստ ժառանգությունը:
Ցուցահանդեսի կառուցվածքը, ցուցադրվող նյութը թույլ են տալիս արձանագրել արևելյան հովերը, սկսած ամենավաղ նմուշներից՝ 14-17-րդ դդ. մանրանկարների և որմնանկարների ընդօրինակություններից, ի հայտ բերել Արևելքի արվեստի արձագանքները ակունքներից եկող հաստոցային և մոնումենտալ երկերում, սրբապատկերներում, դիմանկարներում:
Հատուկ ուշադրություն է հատկացվում այն նկարիչներին, որոնց արվեստում այս թեման էական տեղ է զբաղեցրել: Սուրենյանց, Սարյան, Կոջոյան, Յակուլով. արվեստագետների ընդամենը մի քանի անուն, որոնց հետաքրքրությունը Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի երկրների ու մշակույթի նկատմամբ միշտ անմար է եղել:
Եվրոպական, ռուսական դպրոցների նվաճումները յուրացրած հայրենի մի շարք վարպետներ առավել համայնապարփակ կերպով են ընկալում Արևելքի աշխարհը, նրա արվեստագետների գեղագիտական մտածողության յուրահատկությունները: Ուստի այս նկարիչների ստեղծագործությունը միշտ չէ, որ բնորոշվում է օրիենտալիզմի հասկացությամբ: Հայերի ստեղծարար ոգին այլ կերպ, ավելի զուսպ է վերարտադրում պատկերման մոտիվներն ու ձևերը, զերծ է քաղցրաբնույթ, էկզոտիկ մեկնաբանություններից, արտաքուստ փոխառած ձևերը հագեցնում է ազգային բովանդակությամբ: Վառ օրինակներից է Վ. Սուրենյանցի ստեղծագործությունը, որն արևելյան թեմաները մեկնաբանում է մոդեռնի օրիենտալիստական միտումների ոգով: Սուրենյանցը տարբերվում է այդ ուղղության մյուս նկարիչներից դրամատիկ շեշտադրումներով, իր արվեստը սնուցող բազմապիսի աղբյուրներով՝ շումերական միֆերից, պատմական թեմաներից մինչև ժամանակակից իրադարձությունները, պատկերային լեզվի յուրահատկությամբ: Այս ամենը որոշադրում է նրա տեղը հայ ազգային դպրոցի վարպետների շարքում:
Հակումը մոդեռնի գաղափարներին բնորոշ է նաև Սուրենյանցի կրտսեր ժամանակակցին՝ Հ. Կոջոյանին: Կոջոյանի՝ գծի մեծ վարպետի համար Արևելք նշանակում է նրա մշակույթի խոր իմացություն, ժամանակի ոգուն համահունչ ազատ մեկնաբանում, սեր ոճավորումների նմատմամբ, որը նկատելի է ոչ միայն գեղանկարներում, այլև բազում գրաֆիկական գործերում:
Արևելքը Մ. Սարյանի ոգեշնչման ճշմարիտ աղբյուր էր: Ցուցահանդեսը լիարժեք ներկայացնում է նրա ստեղծագործության այդ հատվածը՝ սիմվոլիստական վաղ հորինվածքներից մինչև Եգիպտոս, Իրան կատարած ճամփորդություններից հետո ստեղծած գլուխգործոցները: Սարյանը վերարտադրում է Արևելքի բոլորովին նոր, զուգահեռներ չունեցող, անկրկնելի կերպարը: Արդի արվեստի փորձառության վերափոխումը, համադրելու կարողությունը, զգացական ընկալման հիպնոսացնող ուժը, որը համոզիչ ու ամբողջական է դարձնում նրա նկարները, թույլ են տալիս խոսել Սարյանի՝ իբրև գեղարվեստական եզակի երևույթի մասին:
Գ. Յակուլովը թերևս առավել նշանակալի դեմքն է ներկա ցուցահանդեսի համատեքստում: Ավանգարդի վարպետ, արվեստի տեսաբան, անսահման երևակայության ու արտասովոր գունազգացողության տեր մարդ՝ նա Արևելքի և Արևմուտքի ավանդույթների օրգանական միաձուլման վառ օրինակ է, ինչպես ինքն էլ բազմիցս հաստատել է դա: Յակուլովի աշխատանքներն ու դրանց կողքին ցուցադրվող ճապոնական փորագրությունները թույլ են տալիս զուգահեռներ անցկացնել և ընկալվում են որպես այլ մշակույթի յուրացման, փոխակերպման ունակություն, սեփական տեսողականության և փորձի միջոցով այն արտահայտելու կարողություն: Այդ երկխոսությունը դառնում է ավանգարդիստական մշակույթի նորացման խորհրդանիշ, նոր ձևերի, արտահայտչալեզվի արարման հիմք:
Ցուցահանդեսի աշխարհագրությունն ընդարձակ է, 20-21-րդ դդ. տարբեր սերունդների վարպետների ստեղծագործության օրինակով, այն արտացոլում է մշակույթների բարդ միահյուսվածքների բազմազանությունը, վարպետներ, որոնք առանձնանում են գեղարվեստական բազմաշերտ երևույթների համադրման ունակությամբ, որոնցում արևելյան բաղադրիչը հաճախ միջնորդավորված բնույթ է կրում՝ ազգային արվեստին հաղորդելով նոր շունչ և բազմաչափություն:
Ընդհանուրի և բացառիկի, անցյալի և ներկայի այս հարաբերակցությունները դրսևորվում են Ա. Հովհաննիսյանի սինթետիկ կառուցված կտավներում, Ռ. Ադալյանի արտահայտիչ հորինվածքներում, Հ. Հակոբյանի խիստ, հակիրճ լեզվով ստեղծած գործերում, Ռ. Էլիբեկյանի վերացական, գույնով հագեցած գործերում, Մ. Պետրոսյանի միստիկական ոգով համակված կտավներում, Է. Վարդանյանի լուսաշող նկարներում, Ռ. Մեգալի գեղարվեստական ներդաշնակ աշխարհում, Ա. Հայթայանի անիրական, երկրի ձգողականությունից զերծ թերթերում: Արևելքի ոգու արտացոլումները տարաբնույթ են, դրանք ներկա են Տ. Մատուլյանի վրձնած արևելյան գեղեցկուհիների զգացական, նրբին դիմապատկերներում, ինչպես նաև Զ. Բաժբեուկ-Մելիքյանի հայեցողական, ինքնասույզ կերպարներում:
Ցուցահանդեսը լուսաբանում է հայ գեղարվեստական աշխարհի այլևայլ եզրերը, որոնք տարբեր ժամանակային հատվածներում կապված են մեկ-միասնական գաղափարով, և վկայում է մեր ազգային մշակույթի բաց բնույթի, դարաշրջանի սրընթաց հոգևոր շարժումներում նրա ներգրավվածության մասին:


 

Մշտական
ցուցադրություն

Սարյան Մարտիրոս Սերգեյի

Արևելյան վաճառականներ (1910)

կտավ, տեմպերա
49x64 սմ