Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

20.12.2019 - 17.01.2020

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՊՈՍ. ԽՈՍՔԻՑ՝ ՊԱՏԿԵՐ

 Հայոց հազարամյա պատմության խորքերում ծնունդ առած «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը վերջնականապես ձևավորվել է 7-9-րդ դարերում: Ժողովրդի բանավոր զրույցներում պահպանվել են դրվագներ, ստեղծվել թշնամու դեմ արդար պայքարի ելած հավաքական կերպարներ, որոնցից ամենակատարյալը Սասունցի Դավիթն է։
Առաջին անգամ էպոսի պատումներից մեկը 1873 թվականին գրի է առել և հրապարակել բանագետ Գարեգին Սրվանձտյանցը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: Բանահավաքչական մեծ աշխատանքներ է ծավալել նաև Մանուկ Աբեղյանը՝ 1889-ին գրառելով մեկ այլ տարբերակ: Հայ ազգային էպոսը տասնամյակներ անց հարստացել ու հղկվել է՝ արժանանալով լայն ճանաչման: Այդ գործում անգնահատելի է աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու դերը, որի նախաձեռնությամբ 1939 թվականին Երևանում մեծ շուքով նշվել է «Սասունցի Դավիթ» էպոսի ստեղծման 1000-ամյա հոբելյանը: Նա էպոսագետների խմբի հետ կազմել է 60 պատումների համահավաք բնագիրը և հրատարակել հեղինակելով առաջաբանը: Այս նշանակալից հոբելյանի առթիվ կազմակերպվել են տարբեր միջոցառումներ. «Սասունցի Դավթի դարաշրջանը» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են արվեստագետների` էպոսին նվիրված աշխատանքները, ցուցադրվել են այդ ժամանակաշրջանին առնչվող նյութեր:
2019 թվականին լրանում է Ազգային էպոսի 1000-ամյակի տոնակատարությունների 80-ամյակը: Այդ առիթով Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղ, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը ներկայացնում է «Հայկական էպոս. խոսքից՝ պատկեր» ցուցահանդեսը, որը նպատակ ունի հանրությանը ծանոթացնել էպոսի թեմաներով արվեստի գործերին` ևս մեկ անգամ կարևորելով նրա դերն ու տեղը հայ ժողովրդի կյանքում:
Ցուցադրված են գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, առանձնատիպեր, կաղապարներ (կլիշե), էպոսի տարբեր հրատարակությունների գլխատառեր, գլխատողեր, անվանաթերթեր, ինչպես նաև 1000-ամյակի միջոցառումների արձագանքները մամուլում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:
Հայ նկարիչներից շատերն են ոգեշնչվել էպոսի հերոսական պատումներով ու կերպարներով։ Յուրաքանչյուր արվեստագետ հանդես է գալիս էպոսի ուրույն մեկնաբանությամբ: Հակոբ Կոջոյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Երվանդ Քոչարի և այլոց գործերում կերպարներն առանձնանում են տարբեր գեղարվեստական լուծումներով, սակայն բոլորին միավորում է հայոց դյուցազնավեպի էպիկական շունչը փոխանցելու ձգտումը: Հանրածանոթ գործերի շարքում առաջին անգամ են ցուցադրվում նկարիչ Ռազմիկ Հակոբյանի (1941-1999) օֆորտները:
Ցուցահանդեսն ունի ճանաչողական մեծ նշանակություն։ Նմանատիպ ամեն հոբելյան թարմացնում է մեր պատմական հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով ազգային արժեքների պահպանման գործում մեր մեծ երախտավորներին։

 

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ

Աթոռ (17-րդ դար)

փայտ, փորագրում (փայտի)
93x44x36 սմ