Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

07.03.2020 - 26.04.2020

Դալի և Պիկասո

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը յուրօրինակ երկխոսություն է երկու մեծանուն արվեստագետների, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել:
Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան մուտք է գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին, Պիկասոյի արվեստանոցում: Վերջինիս օգնությամբ Դալին մեկնել է ԱՄՆ, ինչը որոշիչ դեր է ունեցել նրա ստեղծագործական նվաճումների համար:
Անկախ այն հանգամանքից, որ Պիկասոն Դալիի համար իդեալ էր, վերջինիս փառասիրությունը խոչընդոտել է նրանց հնարավոր մտերմությանը: Դալիի էքսցենտրիկ պահվածքն ու մեծամտությունը հանգեցրել են Պիկասոյին մշտապես գերազանցելու մոլուցքին: 20-րդ դարի կերպարվեստի խորհրդանիշներ դարձած երկու նշանավոր վարպետները ամբողջ կյանքում, մշտապես շինծու և ցուցադրական «հակակրանք» դրսևորելով միմյանց նկատմամբ, իրականում գնահատել և արժևորել են մեկը մյուսի արվեստը: Հետագայում Պիկասոն կասի, որ հավանում էր Դալիի արվեստը, սակայն չէր ուզում նրան հանդիպել, որպեսզի այդ հանդիպման շնորհիվ նրա անվան շուրջ մեծ աղմուկ չբարձրանա:
Ցուցահանդեսում համադրելով երկու նկարիչների ստեղծագործությունները՝ արվեստասերին բացառիկ հնարավորություն է տրվում տեղափոխվելու նրանց երևակայական աշխարհը: Ցուցադրվում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում և այժմ ցուցադրվում է Հայաստանում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:
Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք են բերվել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենյամին Լևին, վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից 2011 թվականին: Հաջորդ տարի, հեղինակավոր «Քրիսթի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը:
Մասնավոր հավաքածուների հանրայնացումը շատ կարևոր և արդիական խնդիր է: «Դալի և Պիկասո» նախագիծը քայլ է, որի շնորհիվ արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ստանում ծանոթանալու 20-րդ դարի կերպարվեստի խոշորագույն արվեստագետների ստեղծագործական ժառանգության մի հետաքրքիր հատվածին:


Ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը:

Նախագծի ղեկավար՝ Արման Ծատուրյան
Համակարգող՝ Մարիամ Դավթյան

Մշտական
ցուցադրություն

Այվազովսկի Հովհաննես Կոստանդնի

Առագաստանավ (1873)

թուղթ, սեպիա, մատիտ, խազվածք
20,5x27,2 սմ