Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

06.08.2022 - 14.08.2022

Խոսող կտավներ

 Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկում է «ԽՈՍՈՂ ԿՏԱՎՆԵՐ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

Թանգարաններում, որպես կանոն, արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցող մարդու համար հենց շոշափելիքի զգայարաններն են պատուհան ծառայում՝ տեսնելու աշխարհը։

«Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ներգրավել արվեստի աշխարհ։ Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմելու արվեստի գործերի վերաբերյալ։

Առաջին անգամ ստեղծվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից 5 գլուխգործոցների շոշափելի կրկնօրինակներ, որոնք բնօրինակների հետ մեկտեղ կցուցադրվեն թանգարանում։

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն նկարի մեջ զանազանել պատկերները, բնորդների դիմագծերն ու հագուստը, բնանկարների, ճարտարապետական կոթողների դետալները։ Յուրաքանչյուր շոշափելի կտավ ուղեկցված է տիֆլոմեկնաբանություններով և Բրայլի այբուբենով արված ցուցանակով, ինչպես նաև ձայնագրված մեկնաբանությամբ, որտեղ հնչում է կտավի հակիրճ նկարագրությունը։

Այսպիսով, «Խոսող կտավներ» նախագիծը հնարավորություն է տալիս տեսողությունից զուրկ մարդկանց դիպչել հայ նկարիչների գլուխգործոցներին, իսկ թանգարանի մյուս այցելուներին՝ բացահայտել մի իրականություն, որում ապրող մարդիկ արտաքին աշխարհի մասին ինֆորմացիան ստանում են միայն լսողության և շոշափելիքի զգայարանների շնորհիվ։

 

«Խոսող կտավներ» նախագիծն իրականացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի և «Սարեր» մշակութային ՀԿ-ի համագործակցությամբ,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ցուցահանդեսը կգործի օգոսոսիի 6-ից
Մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից

 

 

Մշտական
ցուցադրություն

Գայֆեճյան Վահրամ Մկրտչի

Վաղ մթնշաղ. սրճարանում (1900-1911թթ)

ստվարաթուղթ, յուղաներկ
37,2x45 սմ