Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

20.04.2023 - 21.05.2023

Թաթոս - հոբելյանական ցուցահանդես

 Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) կյանքի փորձն ու վաստակը վառ արտահայտված են նրա երկարամյա ստեղծագործական գործունեության մեջ: Նկարիչը բազմաթիվ խմբային և անհատական ցուցահանդեսներ է ունեցել ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում, և նրա արվեստն ամենուր արժանացել է բարձր գնահատականի։ Արվեստագետի 85-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է տարբեր տարիներին վրձնած բնանկարներ, նատյուրմորտներ, կանանց դիմանկարներ և վերացական պատկերներ: Նկարչի ստեղծագործություններում ակնհայտ է բնության հետ անքակտելի կապն ու արտաքին աշխարհը յուրովի մեկնաբանելու ձգտումը: Նրա արվեստին ներհատուկ է անկեղծությունը, գույների վառ, ազատ ու անկաշկանդ ընտրությունը, որոնք ներդաշնակորեն առկա են առավելապես կոմպոզիցիոն գործերում: Գեղանկարչական մաներայով վերացական աշխատանքներում ցայտուն վրձնահարվածներով միաձուլված են ձևն ու բովանդակությունը, զգացմունքներն ու միտքը։ Թադևոսյանը վրձնել է անիրական իրերի գունեղ, տպավորիչ մի աշխարհ՝ անվանելով դրանք «Կոմպոզիցիաներ» և դիտողին հնարավորություն ընձեռելով յուրովի բացահայտելու ու վերնագրելու դիտածն ու պատկերացրածը։ Դիմանկարներում գերակշռում են կանանց ֆիգուրները, որոնցում նկարիչը փոխանցել է նրանց հոգևոր ու զգայական աշխարհը՝ երբեմն մեղմ ու փիլիսոփայական, երբեմն խենթ ու ալեկոծ: Արվեստագետի ստեղծագործական ողջ ժառանգությունը ներկայացնում է մարդու և բնության սերտ փոխհարաբերությունը՝ հագեցած բարության, կենսասիրության և լավատեսության զգացումով։ Հրանտ Թադևոսյանը Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և Պրոֆեսիոնալ նկարիչների միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է:

ԶԱՌԱ ԴԻԼԱՆՅԱՆ

արվեստաբան