Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

01.06.2023 - 03.09.2023

Խաչատուր Իսկանդարյան – 100. Քանդակագործը Եվ Քաղաքը - ցուցահանդես

 Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի (1923-2015) բեղուն ու բազմաբովանդակ արվեստն ընդգրկում է անվանի մտավորականներին պատկերող դիմաքանդակներ, կենցաղային ժանրի՝ թրթռուն մակերեսով կերտված մանրաքանդակներ, յուրահատուկ թեմատիկ-հորինվածքային քանդակներ, մոնումենտալ-կոթողային աշխատանքներ, մեծ վարպետությամբ ստեղծված գրաֆիկական թերթեր ու գեղանկարչական գործեր նրա հարուստ ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ արվեստում։

Ցուցահանդեսը բացահայտում է Խաչատուր Իսկանդարյանին այլ լույսի ներքո. այստեղ շեշտը դրվում է իր և իր միջավայրի հարաբերությունների վրա։ Գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջոցով արվեստագետն արտահայտել է տպավորություններ տարբեր երկրների շրջագայություններից։ Խառը տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, տուշ, տեմպերա, պաստել և այլն) արված քաղաքային բնանկարները պատկերում են Հայաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Էստոնիայի, Ճապոնիայի տեսարաններ, ներկայացնում ամեն քաղաքին բնորոշ գողտրիկ և գունագեղ անկյուններ։

Մտերիմ արվեստագետներին, մտավորականներին, քաղաքը խորհրդանշող անձնավորություններին պատկերող փոքրաչափ արձանիկներում վառ կերպով դրսևորվել են Իսկանդարյանի արվեստի ոճական առանձնահատկությունները, նրա յուրօրինակ մտածելակերպը և ջերմ վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ յուրաքանչյուր անձի նա ներկայացրել է հոգեբանական տիպիկ բնութագրով (Նիկողայոս Նիկողոսյան, Գաբրիել Գյուրջյան, Արամիկ Ղարիբյան, Ռաֆայել Շիշմանյան, Մարտիրոս Սարյան և այլք): Իր հերթին, քանդակագործ և անհատ Իսկանդարյանը միշտ եղել է սիրված ու գնահատված իր ընկերների, արվեստագետների և քաղաքի բնակիչների կողմից, և այդ սերը նա վերապրել ու փոխանցել է իր ստեղծագործություններում։ «Քննարկում» քանդակախմբում, օրինակ, պատկերված են նրա կյանքում մեծ դեր ունեցած արվեստագետներ Արա Սարգսյանը, Մարտիրոս Սարյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը և իր ուսուցիչ Սուրեն Ստեփանյանը։

Իսկանդարյանն առաջին քանդակագործներից է, որ սկսեց հայ կերպարվեստում զարգացնել մանր պլաստիկան «Նիկողայոս Նիկողոսյանը Երևանում ցուցադրել էր իր մի քանի մանրաքանդակները, որոնք չափազանց դուր եկան ինձ, և ես սկսեցի զբաղվել մանրաքանդակներով»: «Հուշեր հին Երևանից» մանրաքանդակների բարձրարժեք շարքը կրում է վավերագրի բնույթ։ Վարպետը վերարտադրել է մանկության հուշերում պահպանված մայրաքաղաքի երբեմնի կոլորիտը՝ քաղաքի փողոցները, շուկան, կրպակները, արհեստավորներին և նրանց աշխատանքը («Լուսանկարիչ Ալեքսանդրը»,  «Դանակ-մկրատ», «Ջրավաճառ Զատիկը», «Ֆայետոն», «Թերթի կրպակ», «Պատանի երաժիշտներ»): «Աստաֆյանով ման էի գալիս, պատմում է Իսկանդարյանը, փոքր տղա էի, էս բոլորը լցվեց հուշապարկս, և ուզեցի անմահացնել ու կոմպոզիցիաների վերածեցի: Ուրախ եմ, որ դրանք դարձան բրոնզաձույլ: Իմն են: Եվ ինձ ոչ ոք չի կարող կրկնօրինակել, իսկույն կիմացվի․․․ Ինձ հարցնում են հաճախ՝ ինչո՞ւ եմ ստեղծում հին երևանցու քանդակաշար, իսկ ես պատասխանում եմ, որ նրանց կերպարներով եմ հիշում իմ երիտասարդության քաղաքը»:

 
Համադրող՝ Մարիամ Դավթյան

Մշտական
ցուցադրություն

Տեր-Հարության Խորեն

Շաբին Կարա-Հիսար (Վրեժ)

թուղթ, մատիտ
46x59,7 սմ