Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

01.08.2014 - 15.09.2014

Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ

 Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին՝ դրանց միջոցով անվանի մարդկանց ու հասարակության լայն զանգվածների արձագանքները հավաքագրելու և «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում ամփոփելու նպատակով։
«Պատասխան` 100 տարի անց». կկնքվեն Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի առաջին պայմանագրերը

 

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 10 վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի գնահատող հանձնաժողովի և երիտասարդ ստեղծագործողների հանդիպումը։ Հանդիպմանը քննարկված շուրջ 20 էսքիզային աշխատանքների հեղինակներից 8-ի հետ կկնքվեն մասնակցության պայմանագրեր` հետագա աշխատանքները կանոնակարգելու նպատակով։
Մյուս մասնակիցները սեղմ ժամկետում պետք է ներկայացնեն նոր էսքիզային աշխատանքներ` հաշվի առնելով հանձնաժողովի կողմից տրված ցուցումները:
Հանդիպմանը ներկա ստեղծագործողները փաստեցին, որ մեծ է հետաքրքրությունը ստեղծագործելու Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, սակայն ժամկետի սղության պատճառով իրենց ընկերներից շատերը չեն հասցրել ավարտել էսքիզային աշխատանքները: Հաշվի առնելով թեմայի կարևորությունը` հանձնաժողովը որոշեց հայտերի և էսքիզային աշխատանքների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը: Հիշեցնենք, որ մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող մինչև 40 տարեկան ստեղծագործողները: Մրցութային 10 վավերագրերը տեղադրված են www.kamartert.am կայքում:
Մինչ այդ, հանձնաժողովի անդամները լրատվամիջոցների ուղեկցությամբ կայցելեն մրցութային փուլ անցած մասնակիցների արվեստանոցներ, տեղում կծանոթանան ստեղծվող աշխատանքներին, կտան ուղղորդող ցուցումներ:
2015 թ. հունվարի 26-ին ավարտուն աշխատանքները կհավաքվեն մեկ հարկի տակ` Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որտեղ հունվարի 28-ին կկազմակերպվի «Պատասխան 100 տարի անց. մենք ունենք հզոր բանակ» խորագրով եռօրյա հատուկ ցուցադրություն։ Հայոց բանակի օրվան նվիրված ցուցադրությունը կլինի փակ. այցելության հրավերներ կստանան 101 անվանի մտավորականներ, քաղաքական, դիվանագիտական գործիչներ, երկրի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ։ Վերջին` 101-րդ հյուրը կլինի հունվարի 28-ին նախորդող օրերին վերջի՛նը հերոսի կոչում ստացած հայ զինվորը: Ներկայացված շխատանքները կլինեն համարակալված և վերնագրված՝ կից վավերագրերով։ 101 հրավիրյալներից յուրաքանչյուրին կտրվի «ընտրաթերթիկ»՝ 1 նշում կատարելու հնարավորությամբ։ Արդյունքում կորոշվի «Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող աշխատանքը: 101 այցելուների թվում կլինեն մասնագիտական հանձնաժողովի /ժյուրի/ անդամները, ովքեր նախապես իրենց` հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին տեղեկացված չեն լինի: Նրանց գնահատականների համադրմամբ կորոշվեն պատկերագրքում ներառվելիք 11 աշխատանքները, որոնք կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց» ցուցադրության շրջանակում։
«Պատասխան` 100 տարի անց» խորագրով Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթն իրականացվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել ՄՏՍ ընկերության աջակցությամբ։

 


Ծրագրի շրջանակում 2014 թ. օգոստոսի 1-ից 2015 թ. փետրվարի 1-ը Հայաստանի ազգային պատկերասրահը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը կազմակերպում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումների շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող, մինչև 40 տարեկան ստեղծագործողները: Նախագիծը պատրաստ է համագործակցել ավագ սերնդի արվեստագետների հետ` մրցույթից դուրս:
Որպես 11-րդ մրցութային վավերապատում` կարող եք նաև ստեղծագործել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ձեր ազգականի վկայության հիման վրա` մասնակցության հայտի հետ ներկայացնելով այն` ավարտուն շարադրված և ճշգրիտ վավերագրված:
Լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից 11-ը /յուրաքանչյուր թեմայով մեկական աշխատանք/ կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` նույնանուն ցուցադրության մեջ: Որոշ հեղինակների հետ անհատական հիմունքներով կկնքվեն պայմանագրեր` նրանց աշխատանքների հետագա հանրահռչակման վերաբերյալ:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սթ. սեպտեմբերի 15-ը` yearslater100@gmail.com էլեկտրոնային հասցեով /նույն հասցեից դուք կստանաք Ձեր հայտը հաստատող պատասխան/:
Թեմատիկ աշխատանքների էսքիզային տարբերակների ներկայացման վերջնաժամկետը սթ. հոկտեմբերի 15-ն է:

 

Մանրամասների համար զանգահարել՝ 094 801606, 58 08 12 (127):