Հավաքածու / Շտեմարան



Ալխազյան Հովհաննես

(1881 - 1958)

(1881, Վան` Արևմտյան Հայաստան – 1958, Փարիզ)
Սփյուռքահայ գեղանկարիչ Հովհաննես Ալխազյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, նախնական գեղարվեստական կրթությունը ստացել Թիֆլիսի նկարչական դպրոցում` Հ. Շամշինյանի և Գ. Գաբաևի մոտ, հետագայում` 1903 թ., մեկնել է Փարիզ` և ուսումը շարունակել տեղի Ժյուլիանի ակադեմիայում` Ֆ.Կորմոնի արվեստանոցում: Այս ընթացքում, մինչ Ֆրանսիայի զանազան գեղատեսիլ վայրեր այցելելը, առիթ է ունեցել շրջագայելու Ֆինլանդիայում և Հոլանդիայում` իր հետ բերելով տեղի բնությունը պատկերող բազմաթիվ բնանկարներ, որոնք նյութ ծառայեցին 1911 թ. Փարիզի Նասիոնալ ընկերության <<Սալոն>>-ների ցուցադրություններին (Ընկերության իսկական անդամ նա դարձավ 1929 թ.) մասնակցելու համար` <<Ձմեռը Ֆինլանդիայում>>, <<Ձմռան արևը>>, իսկ Հոլանդիայի նկարներից 1913 թ. <<Սալոնին>> ներկայացրեց <<Ձկնորսների նավեր>> կտավը: Ալխազյանը մասնակցել է նաև <<Աշնանային սալոն>>-ի ընկերության, <<Անկախ արվեստագետների միության>> մի շարք ցուցահանդեսների, իսկ 1918 թ. Սենտ Օգյուստեն սրահում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը: Հ. Ալխազյանի բազմաթիվ ճանապարհորդությունների արդյունքում են (որոնց ընթացքում նա եղավ եվրոպական գրեթե բոլոր երկրներում) ծնվել նրա բնանկարները: Նկարիչն իր ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում դիմել է հիմնականում բնանկարի ժանրին` պատկերելով հյուսիսային Ֆինլանդիայի, Հոլանդիայի ծովափնյա տեսարաններ, Ֆրանսիայի և Իսպանիայի բնությունը (ՙԱրևամուտը Ֆինլանդիայում` ՙՁմեռ», ՙՆավահանգիստ», ՙՊրովնասի տեսարան»): Արվեստագետն ակտիվորեն համագործակցել է նաև հայ համայնքի հետ, մասնակցել ՙԱնի», ՙՀայ ազատ արվեստագետների միության» ցուցահանդեսներին (1933, 1934, 1945), անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1920 թ.` 47 և 1922-ին` 41 գործով Փարիզի ՙԱլլար» սրահում: Անհատական վերջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1934 թ. Փարիզի ՙՇանթ» հայ գրավաճառատան ցուցասրահում: