Հավաքածու / Շտեմարան



Հովնաթանյան Մկրտում Հովնաթանի

(1779 - 1846)

1779, Թիֆլիս-1845/46, Թիֆլիս
Հովնաթանյան տոհմի հինգերորդ սերնդի ներկայացուցիչ է Մկրտում Հովնաթանյանը: (1779 Թիֆլիս, 1845/46 Թիֆլիս): Նկարչություն սովորել է հորից` Հովնաթանից, որին օգնել է մեծ պատվերներ կատարելիս: Ինչպես հայրը, նա ևս ունեցել է արվեստանոց ու աշակերտներ, նրա մոտ սովորել են հայ և վրացի երիտասարդներ: Մկրտում Հովնաթանյանից շատ քիչ աշխատանքներ են պահպանվել, այդ թվում մի քանի դիմանկարներ ու սրբապատկերներ, <<Հայոց թագավորներ>> պատկերաշարը և որմնանկարներ Թիֆլիսի հայկական Նորաշեն Սբ Աստվածածին, Սբ Գևորգ եկեղեցիներում: Գրավոր աղբյուրների վկայությամբ նա սրբապատկերներ է նկարել Օսեթիայի հոգևոր սինոդի պատվերով, վերականգնել Թիֆլիսի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարները:
Մկրտումն առաջին հայ նկարիչներից է, որ ստորագրել է իր աշխատանքները: Աշտարակի Կարմրավոր եկեղեցու համար նկարած <<Աստվածամայրը Մանկան հետ>> սրբապատկերի և հայոց թագավորների պատկերների տակ գրված է` <<նկարեալ ձեռամբ Մկրտում պատկերահան Յովնաթանիանց,
1836 թվականին Էջմիածնի Վեհարանի գլխավոր սրահի համար ստեղծել է <<Հայոց թագավորներ>> պատկերաշարը, այդ թվում` Հայկ Նահապետի, Աբգար թագավորի, Արտաշես Ա-ի, Արամ, Տիգրան Ա-ի, Լևոն Բ-ի, Տրդատ Գ-ի և այլոց: Այս աշխատանքների մի մասը պահվում է Ազգային պատկերասրահում: Նկարաշարի ներքին տրամաբանությամբ է պայմնավորված նկարների հորինվածքների նմանությունը: Հանդիսավոր կեցվածքով և ձեռքի խորհրդանշական շարժումով թագավորի կանգնած ֆիգուրը տեղադրվում է պայմանական բնանկարի ֆոնին: Յուրաքանչյուր նկարում ավելանում է այդ թագավորին բնութագրող որևէ մանրամաս: Օրինակ` Հայկ Նահապետի ոտքերի մոտ Հայաստանի քարտեզն է, աջից` սպանված Բելի գերեզմանը, Տրդատի ոտքերի մոտ` Էջմիածնի Մայր տաճարը, քանի որ նրա օրոք Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն:
Մկրտումի ստեղծած դիմանկարներից հայտնի է նրա ժամանակակից և բարեկամ Եփրեմ կաթողիկոսի պատկերը, որը երկու էսքիզների հետ, պահվում է թանգարանում: Ծերունազարդ կաթողիկոսի դիմանկարում արվեստագետը ձգտում է հասնել կերպարի կոնկրետության, բնորդի անհատական հատականիշների ու հեգեվիճակի բնութագրման:Կտավի միագույն ֆոնը հատվում է պատուհանի բացվածքով, ուր տեղադրված է Արարատը` Նոյան տապանով, իսկ պատուհանի գոգին` Էջմիածնի մանրակերտը:
Մկրտում Հովնաթանյանի արվեստում արտահայտվել են 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի հայ հաստոցային գեղանկարչության մեջ առկա միջնադարյան ձևամտածողությունից դեպի նոր շրջանի աշխարհիկ արվեստին անցնելու առանձնահատկությունները: