Հավաքածու / Շտեմարան



Նալբանդյան Դմիտրի Արշակի

(1906 - 1994)

Դմիտրի Նալբանդյան
(1906 Թիֆլիս -1993 Մոսկվա)

Գեղանկարիչ Դմիտրի Նալբանդյանը ծնվել է 1906 թվականին Թիֆլիսում: 1922 թվականին ընդունվել է տեղի գեղարվեստի ուսումնարան, որն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում` նկարիչներ Ե. Լանսերեի ու Ե. Թադևոսյանի մոտ: Աշխատել է Վրաստանի և Օդեսայի կինոստուդիաներում՝ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր: Ուսանողական տարիների այցը Մոսկվա մեծ տպավորություն էր գործել երիտասարդ նկարչի վրա, ու մայրաքաղաքում ապրելու և ստեղծագործելու ցանկությունն ի վերջո իրագործվում է: 1931 թվականին Նալբանդյանը տեղափոխվում է Մոսկվա, իսկ 1930-ականների սկսում է մասնակցել այնտեղ կազմակերպվող ցուցահանդեսներին՝ դառնալով Նկարիչների միության անդամ:
Այդ տարիներին արդեն գերիշխում էր սոցռեալիզմի գաղափարախոսությունը, որի հետևորդներից դարձավ նաև Նալբանդյանը: Դեռևս Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին նրա ավարտական աշխատանքն ընտրված էր այս թեմայով՝ <<Երիտասարդ Ստալինը և իր մայրը Գորիում>>: Նրա առաջին աշխատանքները`<<Ստալինի դիմանկարը>> և <<Կիրովի ելույթը կուսակցության 17-րդ համագումարին>> բարձր գնահատականի են արժանացել խորհրդային մամուլում՝ մեծ հռչակ բերելով նրան:
Նալբանդյանի խոսքերով, դիմանկարն առավել լիարժեք կերպով է արտացոլում դարաշրջանի ոգին, և իր պարտքն է ստեղծել երկրի ղեկավարների պատկերները: Նրա վրձնին են պատկանում Ի. Ստալինի, Ն. Խրուշչովի, Լ. Բրեժնևի և այլոց դիմանկարները, որի համար նրան անվանեցին <<Քաղբյուրոյի առաջին վրձին>>: Նա միակ նկարիչն էր, ում Ստալինը վստահում էր ստեղծել իր դիմանկարը:
Լինելով հանդիսավոր դիմանկարի մեծ վարպետ, նկարիչն անդրադարձել է նաև այլ ժանրերի՝ նատյուրմորտ, բնանկար, ստեղծել է պատմահեղափոխական թեմաներով մեծադիր աշխատանքներ (<<Երևան. բնանկար>>, <<Մոնմարտրում>>, <<Դուրս վռնդեք օկուպանտներին մեր երկրից>>):
Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է Դմիտրի Նալբանդյանի ինը աշխատանքները, որոնց շարքում իր յուրօրինակությամբ, մեղմ գունաշարով ու քնարականությամբ առանձնանում է մշտական ցուցադրությունում տեղ գտած <<Մոր դիմանկարը>>:
2012 թվականին հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Տրետյակովյան թանգարանից ՀԱՊ ժամանակավոր ցուցադրության բերվեց Դմիտրի Նալբանդյանի հայտնի <<Վերնատուն>> կտավը, որը հեղինակը ստեղծել է 1974-76 թթ: Կտավի թեման <<Վերնատուն>> հայտնի խմբավորումն էր, որը ստեղծվել էր Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ՝ իր թիֆլիսյան բնակարանում: Կտավում ներկայացված են նշանավոր հայ մշակութային գործիչներ Ղազարոս Աղայանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Լևոն Շանթը, Ավետիք Իսահակյանը, Պետրոս Ադամյանը և այլք: Ստեղծագործությունը 1978 թվականին արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալի:
Նկարիչը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Խորհրդային Միությունում և արտերկրում: Նրան շնորհված պարգևներն ու շքանշանները բազմաթիվ են՝ Ստալինյան մրցանակի (կրկնակի 1946, 1951) և Լենինյան մրցանակի (1982) դափնեկիր, Ժողովրդական նկարիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի գործող անդամ:
Նկարչի աշխատանքները գտնվում են պետական Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), պետական Ռուսական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), նախկին Խորհրդային Միության առաջատար հավաքածուներում: Նրա ինքնադիմանկարը գտնվում է Ուֆֆիցի (Ֆլորենցիա) թանգարանում: 1992 թվականից Մոսկվայում գործում է նրա արվեստանոց-թանգարանը, որտեղ պահվում է հեղինակի շուրջ 1500 ստեղծագործություն: