Թանգարան / Նորություններ

06.05.2016 - 06.05.2016

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը 2016թ․ մայիսի 6-ին, կներկայացնի «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» անհատական ցուցահանդեսը ։
Մայիսի 6-ին, ժամը 15։00, պատկերասրահի որմնանկարների սրահում /3-րդ հարկ/, տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում բացման խոսքով հանդես կգան Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը և ռուս նկարիչ Բորիս Կլեմենտևը։
Ժամը 16։00 ասուլիսին կհաջորդի ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ մշակույթի նախարարությունից, դեսպանություններից, պետական և միջազգային կառույցներից, մշակույթի տարբեր ոլորտներից հյուրեր։
Ցուցահանդեսի էքսպոզիցիայում ներկայացված կլինեն Բորիս Կլեմենտևի 60-ից ավելի գեղանկար և գրաֆիկական թերթեր՝ կավճամատիտ, մատիտանկար, ինչպես նաև նկարչի անձնական արխիվում պահվող գծապատկերների ալբոմներ ու հուշաձեռագրային նյութեր:
«Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» ցուցադրության առանցքն են ռուսական կյանքն ու ժամանակակիցներին պատկերող յուղանկարներն ու թավշյա մակերևույթով և ներկերի փափկությամբ առանձնացող պաստելային թերթերը:
Ցուցահանդեսը բաց կլինի հայաստանյան արվեստասերների համար մայիսի 6-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում։

 

 Բորիս Կլեմենտև

1972 Ծնվել է Մոսկվայում, Ռուսաստան
1997 Ավարտել է Ռուսաստանի Գեղանկարչության, քանդակագործության ճարտարապետության ակադեմիան, ուսուցիչ` Ի.Ս.Գլազունով
1998 ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ
2001 Ռուսաստանի նկարիչների միության անդամ
2003 Արվեստի քննադատների ասոցիացիայի անդամ
2008 Բնական գիտությունների ռուսական ակադեմիայի թղթակից անդամ
2009 Մշակույթի և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ
2009 Արժանացել է Ա.Պ.Չեխովի անվան գեղարվեստական մրցանակի
2010 Արժանացել է Ժամանակակից գեղանկարչության «Ոսկե վրձին» մոսկովյան միջազգային 20-րդ մրցույթի մրցանակի
2010 Արժանացել է «Արծաթե խաչ» գրական-հասարակական մրցանակի՝ ռուսական մշակույթին մատուցած ծառայությունների համար
2011 Արժանացել է Գիտությունների և արվեստների Պետրոս Մեծի ակադեմիայի ակադեմիկոսի կոչման
2015 Արժանացել է Ս.Ա.Եսենինի անվան «Ոսկե աշուն» գրական-հասարակական մրցանակի

Բորիս Կլեմենտևն ունեցել է անհատական և խմբային ցուցահանդեսներ ոչ միայն Ռուսաստանում, այլև արտերկրում՝ մասնավորապես Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում: Նկարչի աշխատանքները ներկայացվել են աճուրդի այնպիսի հանրահայտ տներում, ինչպիսիք են Drouot-ն՝ Ֆրանսիայում, Nicholson- ը՝ Մեծ Բրիտանիայում, Duran-ը՝ Իսպանիայում:

Բորիս Կլեմենտևի ստեղծագործությունները գտնվում են մի շարք ցուցասրահներում և ներառված են խոշոր հավաքածուներում, այդ թվում Ռուսաստանի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիայում, Մոսկովյան պատրիարքարանում, ՌԴ նախագահի նստավայրում, Մոսկվայի քաղաքային դումայում, ինչպես նաև Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի մասնավոր հավաքածուներում:
 

Մշտական
ցուցադրություն

Ֆալկ Ռոբերտ Ռաֆայելովիչ

Ծառեր ցանկապատի մոտ (1920)

կտավ, յուղաներկ
130x89 սմ