Մամուլ

31.07.2015 - 31.07.2015

Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերի այցը Հայաստանի Ազգային պատկերասրահ

Այսօր` հուլիսի 31-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերին, դեսպանատան մշակութային բաժնի պատասխանատու տիկին Քուլմանին, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանին:
Շնորհավորելով Արման Ծատուրյանին ՀԱՊ-ի տնօրեն նշանակվելու կապակցությամբ՝ պարոն Քիսլերը շեշտեց, որ իր՝ Հայաստան գալուց հետո առաջին այցելած օջախը հենց Ազգային Պատկերասրահն էր։ Հյուրերը իրապես տպավորված էին թե՛ շենքի ճարտարապետությամբ, և թե՛ այստեղ պահպանվող մշակութային արժեքներով։ «Եթե չլինեին նման հեղինակներ, նման ստեղծագործություններ, մենք չէինք ունենա այս «ՏԱՃԱՐԸ», և ցուցադրելու ոչինչ չէինք ունենա,- շեշտեց Արման Ծատուրյանը, ապա ավելացրեց, որ համագործակցությունների, միջոցառումների եւ ձեռնարկվող աշխատանքների շնորհիվ՝ Պատկերասրահը առաջիկայում կդասվի աշխարհի լավագույն թանգարանների շարքին։ Պարոն Ծատուրյանը խորապես կարևորեց գերմանական թանգարանների տեղեկատվական ծրագրերի փոխանակումը, մշակութային, գիտական, հետազոտական, ռեստավրացիոն աշխատանքների կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում շեշտվեց Մորիցբուրգի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվի մոտ 160 լուսանկարներ։ Հյուրերը նշեցին, որ այս ցուցադրությունը պատշաճ մակարդակով հնարավոր կլինի կազմակերպել հենց ՀԱՊ-ի սրահներում, հաճելի միջավայրում։ Վեցշաբաթյա տևողությամբ ցուցահանդեսը նախատեսվում է բացել սեպտեմբեր ամսվա կեսերին։
Հյուրերը պարոն Ծատուրյանի ուղեկցությամբ շրջեցին սրահներում, հընթացս քննարկեցին ցուցադրության և հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին պարոն Ծատուրյանը հյուրերին նվիրեց ՀԱՊ-ի կողմից կազմված և հրատարակված կատալոգներ։ Փոխադարձաբար համոզմունք հայտնվեց, որ նման հանդիպումները շարունակական կլինեն։ 

 

Մշտական
ցուցադրություն

Սարյան Մարտիրոս Սերգեյի

Դիմակով կինը. Ս. Ի. Դիմշից (1913)

կտավ, տեմպերա
105x135,5 սմ