Մայ․ 15 - Օգոս․ 15, 2026
Աննա Պօղիկեան - Հիւսելու մշակոյթ

Համադրող`
Նայիրի Խաչատուրեան

Սիրով հրավիրում ենք միջազգային ճանաչում ունեցող եգիպտա-կանադահայ արվեստագետ Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» առաջին անհատական ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ցուցահանդեսը հաջորդում է AHA collective-ի նախաձեռնած «Հիւսելու մշակոյթ» ստեղծագործական կացարանի ծրագրին, որի շրջանակում Աննա Պօղիկեանը 2025 թվականի հուլիսին մեկամսյա ստեղծագործական բնակություն է ունեցել Հայաստանում։

Իր կեցության ընթացքում Աննա Պօղիկեանն այցելել է գորգագործական արհեստանոցներ, հանդիպել Արցախից տեղահանված գորգագործ կանանց և ճանապարհորդել Հայաստանի հարավային սահմանային Մեղրի քաղաք` ստեղծելով թղթի վրա հարուստ աշխատանքներ։ Հաջորդող ինը ամսվա ընթացքում տեղի ունեցավ թղթից գորգ վերածելու գործընթացը: Արցախահայ վեց գորգագործ ներկարարների հետ միասին, սփյուռքահայ արվեստագետի տեսլականը թարգմանեցին հարուստ hյուսածո լեզվի՝ օգտագործելով տեղական բուրդ և ավելի քան երկու հարյուր գույն: Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» ցուցահանդեսը ներկայանում է որպես ժամանակակից էպոս, որտեղ գորգը վերածվում է պատմող ձայնի՝ խոսելով թե՛ Հայաստանի հովվերգական ու դիցաբանական անցյալի, թե՛ նրա ներկա աշխարհաքաղաքական իրականության մասին։

Ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ գծանկարներ, երեսունյոթ ձեռագործ գորգեր և գոբելեններ, լուսանկարչական ու վավերագրական տեսանյութեր, ինչպես նաև արվեստագետի կեցության, գորգագործների և գորգագործության ընթացքը ներկայացնող այլ նյութեր։ Ցուցադրությունը բաց կլինի 2026 թվականի մայիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը։ Այն կուղեկցվի հանրային ծրագրերի շարքով, ինչպես նաև AHA collective-ի կողմից հրատարակված երկլեզու՝ արևմտահայերեն-անգլերեն պատկերագրքի շնորհանդեսով։

«Հիւսելու մշակոյթ» նախագիծը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ «Արագ արձագանքման մեխանիզմի» շրջանակում։

//

Աննա Պօղիկեանը (ծնվ. 1946, Կահիրե, Եգիպտոս) եգիպտա-կանադահայ արվեստագետ է, որի ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է գծանկարչություն, քանդակ, ձեռակերտ գրքեր և լայնամասշտաբ ինստալացիաներ։ Կահիրեի Ամերիկյան համալսարանում քաղաքական գիտություններ և տնտեսագիտություն ուսումնասիրելուց հետո նա իր գեղարվեստական կրթությունը շարունակել է Կանադայի Concordia համալսարանում՝ երաժշտության և տեսողական արվեստի ոլորտներում։ Նրա ստեղծագործությունը ուսումնասիրում է նյութական մշակույթները, առևտրի, միգրացիայի և քաղաքական բռնության պատմությունները՝ բազմաշերտ տեսողական պատումների միջոցով։ Պօղիկեանը միջազգային մակարդակով ցուցադրվել է խոշոր թանգարաններում և բիենալեներում, այդ թվում՝ Վենետիկի Բիենալեում, documenta 13-ում, Sharjah Biennial-ում և Sydney Biennale-ում։ 2024 թվականին արժանացել է հեղինակավոր Վոլֆգանգ Հան մրցանակին (Wolfgang Hahn Prize), որը շնորհում է Քյոլնի Museum Ludwig-ը։ Նրա գործերը ներառված են բազմաթիվ մասնավոր և պետական հավաքածուներում, այդ թվում՝ Tate, Centre Pompidou և Museum of Modern Art թանգարաններում։