Փարաջանովի սիրելի հովանոցը
Նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող՝
Մարինա Հակոբյան
Ցուցահանդեսի համակարգող՝
Ամալյա Հովսեփյան
Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը և այս տարի ներկայացնում է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը:
Արվեստագետի թաիլանդական նրբագեղ հովանոցը Սերգեյ Փարաջանովի թանգարանից Ազգային պատկերասրահի Վերականգնման բաժին է հանձնվել 2022 թվականին խիստ անմխիթար վիճակում։ Այսօր, փուլային բարդ վերականգնումից հետո, այն ներկայացվում է այցելուին։ Փարաջանովի հովանոցի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով, ինչպես նաև թեմատիկ ցուցանմուշներ, ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Կարմեն» անիմացիոն ֆիլմը, հատված ռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստ Փարաջանովը» վավերագրական ֆիլմից և պատմական-գեղարվեստական կարևոր արժեք ունեցող լուսանկարներ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հավաքածուից: Ներկայացված են նաև Սերգեյ Մեչիտովի հեղինակային լուսանկարները։
Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ կիրառված գործիքներով ու նյութերով։ Երկրորդ սրահում ցուցադրվում են վերականգնված հովանոցը և դրա զարդանախշերն ու դետալները վերարտադրող անիմացիան (հեղինակ՝ Աշոտ Մարաբյան, անիմացիա՝ Նարեկ Նազարյան): Ցուցահանդեսն ունի նաև ինտերակտիվ բաժին, որի շրջանակում այցելուները կարող են ստեղծել «փարաջանովյան» հովանոցի իրենց տարբերակը՝ կոլաժային կամ նկարազարդ։




