6-րդ հարկ
Արտասահմանյան արվեստ, 16-20-րդ դարեր (Ռուսական եւ Խորհրդային արվեստ)

Հայաստանի ազգային պատկերասրահի բացառիկ հավաքածուն զգալիորեն տարբերվում է 1920-ական թվականներին խորհրդային տարածքում ձևավորվող այլ թանգարանների հավաքածուներից իր բազմազանությամբ և ներկայացվող նյութի որակով: Բացի հայ արվեստի ստեղծագործություններից, այն ընդգրկում է նաև եվրոպական, ռուսական, խորհրդային շրջանի, այլ տարածաշրջանների վարպետների երկեր: Ինչպես և խորհրդային տարիներին ստեղծված այլ թանգարանների, այնպես էլ Ազգային պատկերասրահի հավաքածուի կորիզը կազմում են 1925–1930 թթ. Մոսկվայի և Լենինգրադի պետական թանգարանային ֆոնդերի փոխանցումները: Այս ժամանակահատվածում են մուտքագրվել ռուսական և եվրոպական գեղանկարչության առաջին ցուցանմուշները, որոնք փոխանցվել են Էրմիտաժից և Մոսկվայում գտնվող Հայաստանի մշակույթի տնից, որտեղ պահվում էր Լազարյան ճեմարանի գեղարվեստական հավաքածուն: Լազարյանների հավաքածուն դարձավ Պատկերասրահի ռուսական արվեստի բաժնի հիմքը՝ ուրվագծելով դրա սահմանները, որոնք հետագայում ընդլայնվեցին Պատկերասրահի ձեռքբերումների և նվիրատվությունների շնորհիվ: Ընդհանուր առմամբ, այս ամենը կանխորոշեց երևանյան հավաքածուի ծավալն ու նշանակությունը:

Հայաստանը միշտ ձգողական կենտրոն է եղել աշխարհասփյուռ մեր հայրենակիցների համար: Նրանց թվում են բազում անհատներ, որոնք կարևոր ներդրում են կատարել հայաստանյան թանգարանի համալրման գործում:. Աբրահամ Ջինջյանը Պատկերասրահին նվիրաբերել է Այվազովսկու և այլ վարպետների 40-ից ավելի ծովանկարներ, Հակոբ Էքիզլերը հարստացրել է ռուս արվեստի բաժինը Ի. Շիշկինի, Ս. Շչեդրինի, Վ. Վասնեցովի և այլոց գործերով, Փարիզում գործող «Գեորգի Յակուլովի բարեկամների ընկերության» հիմնադիր Ռաֆայել Խերումյանը 1972 թ. նվիրաբերել է վարպետի 29 ստեղծագործություն, Ա. Շչոկին-Կրոտովան փոխանցել է Ռ. Ֆալկի աշխատանքները, մի շարք նկարիչներ՝ Ա. Բենուան, Ա. Օստրոումովա-Լեբեդևան, Ե. Լանսերեն, Յու. Ժարկիխը, Ի. Բրոդսկին և այլք համալրել են թանգարանի ֆոնդերն իրենց գործերով:. Փայլուն օրինակներից է Վ. Սերովի վրձնին պատկանող «Մ. Ակիմովայի դիմանկարը» (1908), որը 1929 թ. Պատկերասրահին նվիրել են Մ. Ակիմովան և Վ. Քանանյանը: Հատուկ ուշադրության է արժանի վերջին տարիների նվիրատվություններից մեկը՝ Մ. Շագալի «Ամառանոց Զաոլշայում» կտավը, որը 1913 թ. փոխանցել է Իրինա Դրամբյանը: Այս ներդրումները նպաստել են ռուս արվեստի բաժնի ամենակարևոր մասի՝ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի երկերի հավաքածուի ձևավորմանը, և դրանում մեծ վաստակ ունեն ՀԱՊ-ի տնօրեններ Ռուբեն Դրամբյանը, Արմեն Չիլինգարյանը, թանգարանի աշխատակիցները:. Ներկա պահին ռուսական արվեստի ֆոնդերն ընդգրկում են կերպարվեստի տարբեր տեսակները,– գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, կիրառական արվեստ,– և ներառում են 3000-ից ավելի ցուցանմուշներ, որոնք թույլ են տալիս հետևել ռուս մշակույթի զարգացման հիմնական փուլերին 16–20-րդ դարերում:

16–18 դարերի սրբապատկերներից բացի, ցուցասրսահներում ներկայացված են 18-րդ և 19-րդ դարերի հայտնի վարպետների՝ Դ. Լևիցկու, Ֆ. Ռոկոտովի, Վ. Բորովիկովսկու, Ս. Շչեդրինի, Կ. Բրյուլլովի, Օ. Կիպրենսկու, Ի. Ռեպինի, Վ. Սուրիկովի, Ի. Լևիտանի գործերը: Թանգարանը ներառում է 19–20-րդ դարերի սահմանագծին ստեղծագործած արվեստագետների՝ Վ. Սերովի, Մ. Վրուբելի, Կ. Կորովինի գեղանկարչական ու գրաֆիկական երկերը, ինչպես նաև «Միռ իսկուստվա», «Բուբնովի վալետ», «Գոլուբայա ռոզա» և այլ գեղարվեստական խմբավորումների ներկայացուցիչների աշխատանքները:. Հավաքածուի գլուխգործոցներից են ավանգարդիստների՝ Վ. Կանդինսկու, Մ. Շագալի, Մ. Լարիոնովի, Ն Գոնչարովայի, Պ. Կոնչալովսկու, Ռ. Ֆալկի և այլոց ստեղծագործությունները: Ցուցադրվում են խորհրդային շրջանի հայտնի արվեստագետների՝ Բ. Իոգանսոնի, Ա. Դեյնեկայի, Ա. Պլաստովի, Պ. Կորինի կտավները, ինչպես նաև նորագույն հոսանքները ներկայացնող նկարիչների՝ Ն. Նեստերովայի, Վ. Պոպկովի, Յու. Ժարկիխի, Դ. Կրասնոպևցևի գործերը, որոնք իրենց դրսևորումներում առանձնանում են ստեղծագործական ավելի մեծ ազատությամբ: