Օգոս․ 7 - Սեպ․ 5, 2026
Կարեն Օհանյան․ Նուրբ բան

Համադրող՝
Թամար Հովսեփյան

Ցուցահանդեսի տևողությունը՝
2026 թ. օգոստոսի 7 – սեպտեմբերի 5

Բացումը՝
2026 թ. օգոստոսի 7, ժամը 18:30

Հայաստանի ազգային պատկերասրահը, համագործակցելով Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի հետ, ներկայացնում է Կարեն Օհանյանի վերջին շրջանի աշխատանքները: «Նուրբ բան» ցուցահանդեսի համադրողն է Թամար Հովսեփյանը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Հեռապատումներ»՝ ժամանակակից հայկական արվեստին նվիրված ծրագրի շրջանակում։ Աշխատանքները ստեղծվել են Շարժայի արվեստի հիմնադրամի և Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի աջակցությամբ։ Հայաստանում ցուցադրվելուց հետո աշխատանքները կներկայացվեն Շարժայի 17-րդ բիենալեում՝ What Remains, sits restive, որը կանցկացվի Շարժայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) 2027 թվականի հունվարի 21-ից մինչև հունիսի 17-ը։

«Նուրբ բան» ցուցահանդեսը ծավալվում է «բան» բառի բազմակի իմաստների շուրջ։ Այն միաժամանակ վերաբերվում է այն նուրբ բաներին, որոնց մասին հաճախ խուսափում ենք խոսել՝ իշխանությանը, առնականությանը, բռնությանը և խոցելիությանը, ինչպես նաև այն բաներին որոնցից կազմված են մարմինները, նկարները, հիշողությունները և նույնիսկ իշխանության կառուցվածքները։ Աշխատանքները առաջարկում են դիտարկել, որ այն, ինչ թվում է ամուր և տևական, հաճախ հիմնված է խորքային նրբության վրա։ Փոխարեն խոցելիությունը ներկայացնելու որպես ուժի հակադրություն՝ այս գործերը ենթադրում են, որ հենց փխրունությունն է այն պայմանը, որից կարող են ծնվել իսկական ուժը, տոկունությունն ու մարդկային կապը։