Մարտունու պատկերասրահ
Թանգարանի մասին
Մարտունու պատկերասրահը բացվել է 1978 թ. Մշակույթի նախարարության Նկարչական շրջիկ արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա: Շուրջ 120 թանգարանային առարկա` գեղանկար, գրաֆիկա, քանդակ ընդգրկող հավաքածուն ներկայացնում է 1960-1980-ական թթ. հայ կերպարվեստը:
Հավաքածուն առանձնանում է նրանով, որ գործերի գերակշռող մասը ստեղծվել է պետական պատվերով` Նկարիչների միությունում կազմակերպվող հանրապետական ցուցահանդեսների համար, որից հետո դրանք պահվել են շրջիկ արվեստանոցի ֆոնդերում: Ցուցահանդեսների թեմատիկան բազմազան էր. դրանք արձագանքում էին Հոկտեմբերյան հեղափոխության ամենամյա տոնակատարություններին, Հայրենական Մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովրդի հաղթանակի հոբելյաններին, ինչպես նաև երկրի շինարարությանը, սպորտին, աշխատանքին, ուսմանը, հավերժական թեմային` մայրությանը, և այլն:
Այս հավաքածուն լուսաբանում է նշված տասնամյակների Հայաստանի գեղարվեստական կյանքը: Ցուցադրությունում ներկայացված է արվեստագետների մի փայլուն համաստեղություն` Գաբրիել Գյուրջյան, Արա Բեքարյան, Էդուարդ Իսաբեկյան, Հովհաննես Զարդարյան, Գրիգոր Խանջյան, Սարգիս Մուրադյան, Գրիգոր Աղասյան, Արմինե Կալենց և ուրիշներ, որոնցից յուրաքանչյուրն իր տաղանդի ուժով դրսևորում էր ազգային գեղարվեստական լեզվի հատկանիշները: Կերպարվեստի այս տարիների համայնապատկերը ընդլայնում են Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Զուլում Գրիգորյանի, եղբայրներ Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանների և ուրիշների գործերը, որոնք խոսում են նրանց նախասիրությունների, ոճական տարբեր սկզբունքների, ինքնատիպ մտածողության ու մոտեցումների մասին: Հավաքածուում տեղ են գտել անվանի քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանի, Թերեզա Միրզոյանի, Ռուզաննա Քյուրքչյանի, Արա Շիրազի և այլոց տարանյութ դիմաքանդակներն ու թեմատիկ ստեղծագործությունները:
Հասցե
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 6
Հեռ.` (+374 262) 4-36-04
Դիրքը քարտեզի վրա →



