Մհեր Աբեղյանի թանգարան
Թանգարանի մասին
Մհեր Աբեղյանի թանգարանը Էջմիածնում հիմնադրվել է 1990 թ. հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա:
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանը (1909-1994) ծնվել է Վաղարշապատ քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, Մոսկվայի Վխուտեինում, Լենինգրադի Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում:
Արվեստագետը ծավալել է մանկավարժական բեղուն գործունեություն. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է Հայաստանի Նկարիչների միության վարչության նախագահ:
Մ. Աբեղյանի ինքնատիպ մտածողությունը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների հիման վրա: Նրա նկարչությանը բնորոշ են էպիկական շունչը, վառ լուսային և գունային հագեցվածությունը: Աբեղյանը ստեղծագործել է կերպարվեստի բոլոր ժանրերում՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ և կենցաղային ժանր: Նա շատ է աշխատել ածուխով, ծայրով, սանգինայով, զբաղվել է օֆորտով և լինոփորագրությամբ:
2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ վերանորոգումից հետո, մասնաճյուղը վերաբացվեց նոր ցուցադրությամբ: Հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի առթիվ այստեղ՝ վարպետի հայրական տնից ոչ հեռու, ներկայացվեցին հեղինակի ստեղծագործությունները: Այժմ մասնաճյուղի ցուցադրությունում ներկայացված են հայ անվանի երկու հեղինակների՝ Մհեր Աբեղյանի և Եղիշե Թադևոսյանի աշխատանքները:
Հասցե
Խորենացի 2, ք. Վաղարշապատ, Արմավիրի մարզ
Հեռ․՝ (+374 231) 5-49-41
Դիրքը քարտեզի վրա →



