Սեպ․ 10 - Նոյ․ 10, 2026
Հովհաննես Շարամբեյան – 100 
Հիշողության պատկերագրություն


Համադրողներ՝
Հայկուհի Սահակյան, Նարեկ Վան Աշուղաթոյան

Ցուցահանդեսի տևողությունը՝
2026 թ. սեպտեմբերի 10 – 2026 թ. նոյեմբերի 30

Գեղանկարիչ, գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի (1926–1986) կյանքն ու գործունեությունը հայ մշակույթի պատմության մեջ առանձնանում են որպես ազգային հոգևոր և նյութական արժեքներին անմնացորդ ծառայության օրինակ։ Շարամբեյանն այն բացառիկ անհատականություններից է, որոնց կենսագրությունը չի սահմանափակվում միայն ստեղծագործական վաստակով, այլ նաև ընդգրկում է ազգային ժառանգության պահպանման, թանգարանային և գեղարվեստական կյանքի կազմակերպման հիմնարար ոլորտները։ 

Շարամբեյանի արվեստն ու մշակութային գործունեությունը կարելի է դիտարկել որպես «հիշողության պատկերագրության» ամբողջական համակարգ։ Նրա գեղարվեստական երկերում մարդիկ, առարկաները, քաղաքային ու գյուղական միջավայրը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու հայրենի բնաշխարհը ներկայանում են որպես ժամանակի հետքը կրող և անցյալի ժառանգությունը ներկային փոխանցող կերպարներ։ Նույն աշխարհընկալումն է ընկած ժողովրդական արվեստների հանդեպ նրա հետևողական հետաքրքրության հիմքում։ Պատկերը, իրը, մշակութային միջավայրը և թանգարանը Շարամբեյանի գործունեության մեջ կազմում են փոխկապակցված ամբողջություն։

1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին՝ հետպատերազմյան շրջանում, երբ հասարակական հիշողության մեջ տակավին թարմ էին պատերազմի թողած ցավի ու կորստի հետքերը, «ձնհալի» բերած հարաբերական ազատականացումը պայմանավորեց այն գեղարվեստական մթնոլորտը, որտեղ ձևավորվեց նկարչի աշխարհայացքը։ Քնարական ռեալիզմի վրա հիմնված նրա արտահայտչալեզվում բնանկարը, դիմանկարը և նատյուրմորտը աստիճանաբար հաղթահարում են վերարտադրողական բնույթը՝ դառնալով անձնական և հավաքական հիշողության, ժամանակի ընթացքի և հայրենի մշակութային լանդշաֆտի հուզական ընկալման միջոցներ։

Շարամբեյանի համար ժառանգությունը անցյալ կատարյալ չէր, այլ՝ ներկա մշակութային ինքնագիտակցության ձևավորման կենդանի ակունք։ Ըստ այդմ՝ նրա գործունեությունը նկարչությունից ընդլայնվում է դեպի ժողովրդական արվեստի նմուշների հավաքագրում, պատմամշակութային միջավայրի վերականգնում և թանգարանների ստեղծում։ Թանգարանը նրա մշակութային հայեցակարգում անցյալի ու ներկայի հանդիպման վայր է, որտեղ առարկան վերագտնում է իր պատմական համատեքստը, իսկ հիշողությունը դառնում է նյութական և կենսունակ։ Արվեստագետի ժառանգությունը բացահայտվում է որպես շարունակական շարժում՝ գեղարվեստական պատկերից դեպի մշակութային առարկա, առարկայից դեպի միջավայր, միջավայրից դեպի թանգարան, իսկ թանգարանից դեպի ժամանակակից մշակութային հիշողություն։ 

Շարամբեյանի բազմաբովանդակ գործունեությունը յուրատեսակ կամերտոն էր, որի նպատակն էր կրթել հանրության գեղագիտական ճաշակը, ձևավորել գեղեցիկի ընկալման, ազգային ժառանգության արժևորման ավելի բարձր չափանիշներ, պահպանել, արդիականացնել հարուստ գեղարվեստական ավանդույթները և ամրապնդել ազգային ինքնության գիտակցությունը: Նրա նվիրական առաքելությունն ու գաղափարներն այսօր իրենց շարունակությունն են գտնում Երևանի և Դիլիջանի իր անունը կրող ժողովրդական արվեստների թանգարաններում։ 

Շարամբեյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի նպատակն է բացահայտել նրա ստեղծագործական լայն ընդգրկումն ու գործունեության բազմազան ոլորտները՝ համադրելով Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի Ժողովրդական արվեստների թանգարանի, Դիլիջանի երկրագիտական թանգարանի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության, Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև արվեստագետի ընտանիքի և մասնավոր հավաքածուների գործերը։

Ցուցահանդեսի հովանավորն է Գրին Ռոք հիմնադրամը: