1991-ից Հայաստանի ազգային պատկերասրահ
1991 թ. Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց պատմա-քաղաքական նոր փուլ` հռչակվեց անկախ պետություն: Երևույթն անշուշտ, նշանակալի էր. տեղի ունեցավ կարևորագույն իրադարձություն, որին հայ ժողովուրդը սպասում էր դարեր: Սակայն այս բախտորոշ հաղթանակը ուղեկցվեց նորաստեղծ հանրապետության բազմաթիվ խնդիրներով, որոնք չէին կարող իրենց անդրադարձը չունենալ մշակութային կյանքի վրա: Երկիրը մտավ քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ծանր ճգնաժամի մեջ: Գիտական և մշակութային բոլոր օջախների հետ միասին Հայաստանի պետական պատկերասրահին ևս վիճակված էր կրել ժամանակի դժվարությունները:
1991 թ. պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը. հայ մշակույթի երախտավոր, ով տարիներ առաջ աշխատակցել էր ՀՊՊ հայկական կերպարվեստի բաժնին, իսկ 1967 թվականից ի վեր` Մարտիրոս Սարյանի թանգարանի հիմնադրման օրվանից ղեկավարել էր այն: 1991-ին Հայաստանի գեղարվեստական խոշորագույն օջախը վերանվանվեց Հայաստանի ազգային պատկերասրահ (ՀԱՊ):
Նույն թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը հաստատեց ՀԱՊ-ի նոր կանոնադրությունը: Հայ հին և միջնադարյան, նոր և նորագույն բաժինների միավորմամբ ստեղծվեց հայ գեղանկարի մեկ ընդհանուր բաժին: Գումարվեցին նաև արտասահմանյան և ռուս գեղանկարի բաժինները` դառնալով արտասահմանյան գեղանկարի բաժին:
Ընդհանրապես, 90-ականները դժվարին տարիներ էին պատկերասրահի համար: Գիտաշխատողներն այլևս հնարավորություն չունեին մասնակցելու նախկին ԽՍՀՄ խոշոր կենտրոններում անցկացվող կոնֆերանսներին, վերապատրաստման դասընթացներին: Դժվարացել էր կապը արտասահմանյան թանգարանների և մշակութային հանգրվանների հետ:
Այդուհանդերձ, անգամ բարդ պայմաններում, Ազգային պատկերասրահի աշխատակազմը շարունակում էր իրականացնել իր առաքելությունը: 1992-ին պատկերասրահը ներկայացավ այցելուներին մշտական նոր, փոփոխված ցուցադրությամբ, իսկ 1991-2000 թթ. այստեղ կազմակերպվեց շուրջ 130 ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին թանգարանի տարբեր հավաքածուները, ինչպես նաև ժամանակակից արվեստագետների անհատական ցուցադրություններ: Առանձնապես հարկ է նշել «Երեք գունաշխարհ» (Մարտիրոս Սարյան, Հարություն Կալենց, Մինաս Ավետիսյան), ինչպես նաև Մարսելում կայացած «Ծովի երգը» (Հովհաննես Այվազովսկին և նրա հետևորդները) ցուցահանդեսները, որոնք պսակվեցին բացառիկ հաջողությամբ:
Այս շրջանում, երբ վերացավ «երկաթյա վարագույրի» արգելքը, ավելի ու ավելի մեծացավ Սփյուռքի դերը Ազգային պատկերասրահի կյանքում: Պատկերասրահի հավաքածուն, որ իր զգալի մասով ստեղծվել է շնորհիվ նվիրատվությունների, շարունակում էր համալրվել սփյուռքահայ բարեկամների ընծաներով:
1990-ականների կեսերին, Ազգային պատկերասրահը և նորաստեղծ «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հայ իրականության մեջ երկարամյա ընդմիջումից հետո համատեղ լույս ընծայեցին բնագրից հայերեն թարգմանված արվեստագիտական գրականություն: Լույս տեսան նաև պատկերասրահի առաջին եռալեզու ուղեցույցը, «XIX-XX դարերի հայ նկարիչները» և «Քրիստոնյա Հայաստան-1700» ալբոմները:
2002 թ. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն նշանակվեց գեղանկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը, որի եռանդուն աշխատանքի շնորհիվ պատկերասրահի գիտա-ֆոնդային, գիտա-կրթական, հանրահռչակման գործունեությունը նոր թափ ստացավ: Նույն թվականին ՀՀ մշակույթի նախարարության հրամանով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական հիմնարկը վերակազմավորվեց «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2004 թ. մայիսի 18-ին՝ Լինսի հիմնադրամի օժանդակությամբ իրականացված վերանորոգումից հետո, Հայաստանի ազգային պատկերասրահը նոր մշտական ցուցադրությամբ բացեց իր դռները այցելուների առջև: Վերաբացումից ի վեր պատկերասրահն ապրեց բեղուն աշխատանքային կյանքով. անշուշտ, նախևառաջ առաջանորդվում էր ակադեմիական թանգարանային գործունեության սկզբունքներով, այն է` հավաքել, պահպանել, ուսումնասիրել, ցուցահանդեսների և կատալոգների միջոցով հանրահռչակել գեղարվեստական արժեքները. սակայն դրա հետ մեկտեղ, Ազգային պատկերասրահն ընդլայնեց իր գործունեության շրջանակները: Այդ տարիներին պատկերասրահը ձեռք բերեց մեծ քանակությամբ թանգարանային առարկաներ: Թանգարանի մշտական ցուցադրությունը համալրվեց նոր` Հին Հունաստանի և Հին Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստի, Էդգար Շահինի գրաֆիկական ստեղծագործությունների, Արևելքի արվեստի (Չինաստան, Ճապոնիա, Իրան, Հնդկաստան), 18-20-րդ դդ. Արևմտաեվրոպական ժամացույցների և քանդակագործ Հակոբ Գյուրջյանի աշխատանքների նոր միավորներով:
2004-ին Հայաստանի ազգային պատկերասրահի գրադարանը ևս վերանորոգումից հետո համալրվեց ու կահավորվեց համապատասխան գրապահոցներով և պահարաններով:
Նույն տարի բացվեց Հասարակայնության հետ կապերի բաժինը, որը սկսած 2008 թվականից, թանգարանի աշխատանքը հանրությանը ներկայացնելուց զատ, զբաղվում էր նաև գիտակրթական գործունեությամբ: Հետագայում` 2016 թվականին, ստեղծվեց գիտակրթական առանձին բաժին, որն իրականացնում է ուսումնասիրություններ տարբեր թիրախային խմբերի կրթական և գեղագիտական կարիքների բացահայտման նպատակով։ Ստեղծվում են թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրեր տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար: Յուրաքանչյուր ծրագիր ենթարկվում է մեթոդաբանական, տերմինաբանական և բովանդակային զուգընթաց գնահատման։ Բաժինը համագործակցում է հանրակրթական և մասնավոր մի շարք դպրոցների, ԲՈՒՀ-երի, այլ հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ։ Բաժինը կազմակերպում է նաև սեզոնային դպրոցներ, դասախոսություններ, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, արվեստանոցներ, զարգացնող խաղեր և այլն։ 2009-ից թանգարանում գործում էին նաև կամավորներ հանրապետության տարբեր բուհերից, որոնց կատարած աշխատանքը պատկերասրահում տվել է շոշափելի արդյունքներ:
Այդ շրջանում վերստին ակտիվացավ դեռևս խորհրդային տարիներից սկսված համագործակցությունը մոսկովյան առաջատար՝ ակադեմիկոս Ի. Գրաբարի անվան համառուսաստանյան գեղարվեստական, գիտա-վերականգնողական կենտրոնի հետ, որի արվեստանոցներում շարունակաբար վերապատրաստվել են թանգարանի նկարիչ-վերկանգնողները:
Այս տարիների ընթացքում Հայաստանում և արտերկրում պատկերասրահը կազմակերպել է շուրջ 230 ցուցահանդես: Ընդհանրապես, ցուցահանդեսային գործունեությունը, որ միշտ եղել է Ազգային պատկերասրահի կատարած գիտական և հանրահռչակման աշխատանքի առանցքներից մեկը, վերջին երկու տասնամյակում առանձնանում է առավել մեծ ծավալներով՝ պահպանվող հարուստ հավաքածուների առավել լայնամասշտաբ ներկայացմամբ, նշանավոր արվեստագետների հոբելյանական ցուցահանդեսների կազմակերպմամբ և այլն: Հանրության մեծ ուշադրության արժանացան հատկապես գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցի 150, Գեորգի Յակուլովի 125-ամյա հոբելյանների առթիվ կազմակերպված ցուցահանդեսները: Շարունակվում է հայ դասական կերպարվեստն օտարերկրյա հանդիսատեսին ներկայացնելու աշխատանքը պարբերաբար կազմակերպվող միջազգային տարբեր ցուցահանդեսների միջոցով:
2007 թ. փետրվարի սկզբին Փարիզի Ծովի ազգային թանգարանում բացվեց Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը, որի կազմակերպումը պայմանավորված էր 2007-ը Ֆրանսիայում Հայաստանի տարի հայտարարված լինելու հանգամանքով:
2010 թ. սեպտեմբերի 14-ին Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվեց «Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում...» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյակին: Ցուցահանդեսի համար ընտրված էին Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանների հավաքածուներից 103 աշխատանք:
2014 թ. հունիսի 18-ին Սոպոտի արվեստի Պետական Պատկերասրահում տեղի ունեցավ «Հովհաննես Այվազովսկի. Ժամանակ և հավերժություն» և «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» ցուցահանդեսների վերնիսաժը:
ՀԱՊ-ում հաճախակի դարձան նաև օտարերկրյա ճանաչված արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունները. այսպես, 2011 թ. կազմակերպված «Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսն աննախադեպ արձագանք և հետաքրքրություն առաջացրեց հայ արվեստասերների շրջանում:
Վերջին երկու տասնամյակում մեծապես ընդլայնվել է հրատարակչական գործունեությունը: Հրատարակության են պատրաստվում և տպագրվում մենագրություններ, ալբոմներ, գիտական կատալոգներ, ժամանակավոր ցուցահանդեսների կատալոգներ, բուկլետներ և այլն: Այստեղ լույսընծայվելիք աշխատությունները ենթարկվում են գիտական և լեզվաոճական խմբագրման, թարգմանության, սրբագրման, իրականցվում է դրանց համակարգչային ձևավորումն ու մակետավորումը:
Շարունակվում է հավաքչական աշխատանքը թե´ նվիրատվությունների, և թե´ գնումների միջոցով:
2005 թվականից սկսած շուրջ մեկ տասնամյակ թանգարանում պարբերաբար կազմակերպվել է «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության փառատոնը, որը պատկերասրահի որմնանկարների սրահում մեկտեղելով երաժշտությունն ու կերպարվեստը՝ հայ հանդիսատեսին էր ներկայացնում արվեստների այս գեղեցիկ համադրումը:
Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի. 2005-ից իրականացվում են «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիան, որն արդեն ճանաչված և սիրված է հասարակության լայն շրջաններում, ինչպես նաև` «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները: Ազգային պատկերասրահում, մեր երկրում գործող դեսպանատների հետ միասին, պարբերաբար անցկացվում են նաև տարբեր երկրների մշակութային օրեր:
2015 թ. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Արման Ծատուրյանը, ով ձեռնամուխ եղավ պատկերասրահի գիտական և ցուցահանդեսային գործունեության ակտիվացմանը, թանգարանի արդիականացմանն ու համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:
Ա. Ծատուրյանի տնօրինության հինգ տարիների ընթացքում թանգարանի այժմէականացման, հանրահռչակման և հանրայնացման նպատակներով կատարված ահռելի աշխատանքների շարքում հարկ է նշել որոշ ցուցասրահների հիմնովին վերանորոգումը, թանգարանի անվտանգային համակարգի արդիականացումը, գիտական տարբեր բաժինների աշախատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած մասնագիտական վերապատրաստումները, միջազգային գիտաժողովների անցկացումը, այցելությունների աննախադեպ ծավալ ունեցող ցուցահանդեսների կազմակերպումը, գիտակրթական և ուսումնական ծրագրերի ապահովումը, կատալոգների և ալբոմների հրատարակումը, ինչպես նաև նորարարական գաղափարների իրագործումը, ինչպես օրինակ` թանգարանի առցանց խանութի ստեղծումը, որը հնարավորություն է տալիս արվեստասերներին ձեռք բերելու գրքեր, հուշանվերներ, վերատպություններ կտավի վրա, տարբեր աքսեսուարներ: 2017 թվականին ստեղծված Մարքեթինգի և միջմշակութային կապերի բաժինն իրագործում է բազմաբնույթ նախագծեր, որոնք միտված են թանգարանի այցելության քանակի ավելացմանը, գործընկերների և հովանավորների շրջանակի ընդլայնմանը, Հայաստանում և արտերկրում թանգարանի մասին տեղեկատվության տարածմանը: 2020 թվականին Մարքեթինգի և միջմշակութային կապերի բաժնին միացավ նախկին Հանրային կապերի բաժինը, որը պատկերասրահի միջոցառումների, ցուցահանդեսների լուսաբանմանը, մամլո ասուլիսների կազմակերպմանը զուգահեռ վարում է ՀԱՊ-ի էջերը սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, Twitter, Youtube, Tripadvisor:
Այդ տարիների ընթացքում Ազգային պատկերասրահի գիտական, գիտացուցադրական և հանրահռչակման գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում կազմակերպվել են 263 ցուցահանդեսներ, որոնց հիմնական առաքելությունն էր ցուցադրել ու հանրահռչակել հայ արվեստն ու մշակույթը: Թանգարանի այս տարիների կարևոր ձեռքբերումներից են նաև արտերկրից հեղինակավոր արվեստագետների ու բարձրարժեք հավաքածուների ցուցադրությունները:
Հարկ է առանձնացնել Ազգային պատկերասրահում տեղի ունեցած հետևյալ ցուցահանդեսներն ու գիտաժողովները:
2015 թ. դեկտեմբերի 4-ին բացվեց «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր հայ առաջին «պլեներիստ» նկարչի ծննդյան 145-ամյակին: Առաջին անգամ առավել ընդգրկուն ներկայացվող հավաքածուն ներառում էր Թադևոսյանի փոքրածավալ էտյուդները, 80-ից ավելի ճեպանկար, արժեքավոր նմուշներ՝ նկարչի նամակագրությունից, ինչպես նաև՝ պատմական արժեք ներկայացնող եզակի լուսանկարներ:
2016 թ. հոկտեմբերի 5-6-ին պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներում անցկացվեց գիտաժողով՝ նվիրված հայ մշակույթի զարգացման ասպարեզում անգնահատելի ավանդ ունեցած, հայ թանգարանագիտության հիմնադիր, երկար տարիների թանգարանային գործի հմուտ ղեկավար Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին:
2017 թ. սեպտեմբերի 15-ին բացվեց և շուրջ չորս ամիս տևեց «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ծովանկարչի ծննդյան 200-ամյակին: Ներկայացված էր 52 գեղանկար, 26 գրաֆիկական աշխատանք, 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ և 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում էր Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Այս ցուցահանդեսի ժամանակ պատկերասրահը գրանցել է այցելությունների ռեկորդային ցուցանիշ (շուրջ 60 հազար այցելու):
2017 թ. սեպտեմբերի 15-16-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներում անցկացվեց «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողովը` նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
2018 թ. հունիսի 28-ին բացվեց «Մինաս. Հին ու բոլորովին նոր» խորագրով հոբելյանական ցուցահանդեսը՝ նվիրված Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-րդ տարեդարձին:
2020 թ. մարտի 7-ին բացվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Սակայն սոսկ մի քանի օր անց, համավարակով պայմանավորված, թանգարանը փակվեց: Վերաբացումից հետո՝ օգոստոս ամսին, ցուցահանդեսի ավարտին մնացած տասը օրերի ընթացքում պատկերասրահն ունեցավ շուրջ 10 000 այցելու, ինչը յուրօրինակ ցուցանիշ էր օրական այցելությունների քանակի առումով:
2020 թ. հունիսից Հայաստանի ազգային պատկերասրահի ղեկավարությունը ստանձնեց Մարինա Հակոբյանը՝ դառնալով թանգարանի հարյուրամյա պատմության մեջ առաջին կին տնօրենը:
2020 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեցին ջերմախոնավային հին համակարգի ապամոնտաժման և նորի տեղադրման աշխատանքները, ինչով պայմանավորված՝ մշտական ցուցադրությունը փակվեց, իսկ թանգարանային առարկաները տեղափոխվեցին համապատասխան պահոցներ:
2020 թ. սեպտեմբեր ամսին Հայաստանի ազգային պատկերասրահի «Մհեր Աբեղյանի թանգարան» մասնաճյուղում (ք. Վաղարշապատ) բացվեց Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը՝ նվիրված մեծանուն նկարչի ծննդյան 150-ամյակին:
2021 թ. բացվեց պատկերասրահի ետնամուտքը Արամի փողոցի կողմից: Մայիսին առաջին հարկի ժամանակավոր ցուցադրության սրահներում մեկնարկեց «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը, որի նպատակն է արվեստասեր հանրությանը ներկայացնել թանգարանի «ետնաբեմը»՝ շարունակաբար ցուցադրելով վերականգնված ստեղծագործությունները և դրանց հետ կապված երկարատև պրոցեսը:
Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված՝ 2021 թ. հունիսի 14-19-ը իրականացվեց «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» X միջազգային սեմինարը:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թվականից Ազգային պատկերասրահն իրականացնում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որն ուղղված է մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանն ու արվեստ- կրթություն կապի ամրապնդմանը։
2020-2025 թվականներին պատկերասրահը վերակազմավորվել-վերաիմաստավորվել է որպես ժամանակակից, բաց և միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային հարթակ՝ հավատարիմ մնալով իր հիմնական առաքելությանը։
2023 թվականին հիմնադրվել է գեղարվեստական լուսանկարչության բաժինը՝ ընդլայնելով պատկերասրահի գիտական և ցուցադրական հորիզոնները։
Պետական միջոցներով, ինչպես նաև սեփական եկամուտներով ու մասնավորի որոշակի ներգրավմամբ 2020-2025 թվականներին Ազգային պատկերասրահի գլխավոր մասնաշենքի 8 հարկում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և արդիականացման, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ, տեղադրվել են նոր վերելակներ գլխավոր և վարչական մասնաշենքերում, լուսային, տեսահսկման նոր համակարգեր, ջերմախոնավային համակարգ, բարելավվել են այցելուների սպասարկման և նմուշների ցուցադրման, պահպանման, անվտանգության պայմանները։ Միաժամանակ վերանորոգվել և արդիականացվել է Երևանում և հանրապետության 5 մարզում գտնվող պատկերասրահի 6 մասնաճյուղ` ապահովելով մշակութային կյանքի հավասարաչափ զարգացում ամբողջ երկրում։ Ընդհանուր վերանորոգվել և արդիականացվել է շուրջ 8000 քմ տարածք։
Չորս տարի տևած վերանորոգման և արդիականացման աշխատանքներից հետո 2025 թ․ ապրիլի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահի գլխավոր մասնաշենքը բացել է իր դռները՝ ներկայանալով այցելուին նոր մշտական ցուցադրությամբ: Վերափոխված հայեցակարգի առանցքային նպատակներից է ներկայացնել հայկական կերպարվեստը որպես համաշխարհային արվեստային գործընթացների լիիրավ և կարևոր մաս։ Ֆոնդապահոցներից հանվել և մշտական ցուցադրությունում են ընդգրկվել 400-ից ավելի նոր ցուցանմուշ, որոնց զգալի մասը ներկայացվել է առաջին անգամ (ներառյալ դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ պատկերասրահի «Ոսկե ֆոնդից»)։
Այսօր այցելուն հնարավորություն ունի տեսնելու հայկական կերպարվեստի հսկաներ Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների հրաշալի ստեղծագործությունները: Ցուցադրված են նաև իտալական վերածննդի ու բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Ստրոցցիի, Գվերչինոյի և բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսսոյի, Դիազ դե լա Պենյայի, ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Կանդինսկու, Շագալի, Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական, քանդակային գլուխգործոցները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք ևն), որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ։
Վերանորոգմանն ու արդիականացմանը զուգահեռ, Ազգային պատկերասրահն իրականացրել է մի շարք միջազգային կարևոր գիտահետազոտական ցուցահանդեսային ծրագրեր, գիտաժողովներ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և այլ մի շարք մշակութային հեղինակավոր կառույցների հետ։ Թանգարանը հրատարակել է մի քանի տասնյակ հայերեն և օտարալեզու ալբոմներ ու կատալոգներ, տպագրել գիտական հոդվածներ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ, այդ թվում՝ «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ լուսանցքներից» միջազգային լայնածավալ գիտաժողովը Երևանում։ Սկիզբ է դրվել թանգարանի գիտական տարեկան գործունեությունն արտացոլող Տարեգրքի, ինչպես նաև ցուցահանդեսների կատալոգների շարքի հրատարակմանը։
Պատկերասրահը համագործակցել է մի շարք միջազգային հեղինակավոր հրատարակչությունների, պարբերականների ու ամսագրերի հետ (Ռեմբրանդտի տուն-թանգարան, Օքսֆորդի համալսարանի հանրագիտարան, Գառաժ ժամանակակից արվեստի թանգարան, Պետական Էրմիտաժ, ՀԲԸՄ ամսագիր Նյու Յորքում, Medstroms հրատարակչություն Շվեդիայում, Բելվեդեր պատկերասրահ, Le Figaro Hostorie, Marsilio Editori Իտալիայում և այլն):
Վերջին հինգ տարիներին Ազգային պատկերասրահի կողմից իրականացվել է ավելի քան 300 ցուցահանդես` Հայաստանում և արտերկրում. «Նվիրատուներ և նվիրատվություններ», «Վերականգնված ցուցանմուշի պատմություն», «Մեր սարերը», «Հեռապատումներ», ինչպես նաև ժամանակակից արվեստի բացահայտմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրեր։ Ժամանակավոր ցուցադրություններն առանձնացել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ (պրոյեկցիաներ, VR միջավայրերի ձևավորում, էկրանների կիրառում և այլն):
Հայաստանի ազգային պատկերասրահում է գտնվում հանրապետությունում վերականգնման կարևորագույն, իսկ գեղանկարչության բնագավառում՝ եզակի արվեստանոցներից մեկը։
Այս շրջանում նվիրատվությունների և ձեռքբերումների, ինչպես նաև թանգարանների ֆոնդերի համալրման պետական ծրագրի շրջանակներում թանգարանի հարուստ հավաքածուն համալրվել է մի շարք դասական և ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններով, առանձին ամբողջական հավաքածուներով, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներով (Գ․ Բաշինջաղյան, Ս․ Մուրադյան, Ա․Գրիգորյան, Դ․ Կուտատելաձե, Հ․ Հակոբյան, Ա․ Չաքմաքչյան, Գ․ Գյուրջյան, Տ․Դադերյան ևն):
Պետական ֆինանսավորմամբ և Մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով Սոթբիս աճուրդային տնից 2025 թ․ ձեռք է բերվել Արշիլ Գորկու ստեղծագործություններից մեկը։
ՀՀ կառավարության որոշմամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեից տեղափոխվել են Մինաս Ավետիսյանի թանգարան-մասնաճյուղ` Ջաջուռում։
Թանգարանն իրականացնում է բազմաբնույթ կրթական ծրագիր։ Ընդլայնվել են թիրախային խմբերը, ստեղծվել նոր կրթական ծրագրեր Երևանում և մարզերում՝ նպաստելով նաև թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը։ Ստեղծվել են մի շարք ներառական ծրագրեր («Խոսող կտավներ», «Շոշափելի ճարտարապետություն» և այլն), ինչպես նաև հատուկ կրթամշակութային ծրագրեր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար՝ դարձնելով պատկերասրահը բաց ու հասանելի թիրախային տարբեր խմբերի համար։ Ամբողջությամբ վերակազմակերպվել է Ամառային դպրոցը։
2025 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահը ունեցել է ավելի քան 105 000 այցելու՝ իր պատմության ամենաբարձր այցելությունների թիվը հիմնադրումից ի վեր։
2026 թվականին Մարինա Հակոբյանը վերանշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն:
Ուսումնասիրելով համաշխարհային փորձն ու նվաճումները և հարմարեցնելով Պատկերասրահի գործունեությունը ժամանակակից թանգարանի չափանիշների պահանջներին՝ Ազգային պատկերասրահն այսօր շարունակում է դեռևս 105 տարի առաջ սկսած ազգանվեր գործն ու հոգևոր-մշակութային ժառանգության փոխանցումը հետագա սերունդներին:
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն ինտելեկտուալ, մտային, էմոցիոնալ հսկայական ռեսուրս է, որն ուղղված է թե՛ հայ, թե՛ օտարերկրացի այցելուին ներկայացնելու, բացահայտելու հայ և համաշխարհային գանձերը: