Օգոս․21 - Հոկ․ 4, 2026
Արվեստագետը որպես պատկեր։ Ֆոտո-տարեգրություն

Համադրող՝
Վիգեն Գալստյան

Ցուցահանդեսի տևողությունը՝
2026 թ. օգոստոսի 21 – 2026 թ. հոկտեմբերի 4

1839 թվականին հայտնագործումից ի վեր լուսանկարչությունը հետևողական երկխոսության մեջ է եղել գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության հետ։ Միևնույն ժամանակ այն արմատապես փոխել է նաև արվեստագետին տեսնելու, հիշելու և պատկերացնելու ձևերը։

«Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի կերպարի փոփոխվող հետագիծը լուսանկարչական դիմանկարի միջոցով 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը։ Հիմնված Ազգային պատկերասրահի՝ Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող արվեստագետների դիմանկարների հարուստ հավաքածուի վրա, այս ցուցահանդեսը դիտարկում է, թե ինչպես է արվեստագետը մասնավոր անհատից վերածվել հանրային ու մշակութային կերպարի, իսկ հետագայում՝ նաև գիտակցաբար կառուցվող պատկերի։

Ցուցադրությունում ներառված են ավելի քան 50 արվեստագետի, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Հակոբ Գյուրջյանի, Ժորժետ Շենի, Մարտիրոս Սարյանի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Սերգեյ Փարաջանովի, Արմինե Գալենցի, Մինաս Ավետիսյանի և այլոց դիմանկարներ։

Ընդգրկելով վաղ շրջանի տաղավարային դիմանկարներից մինչև ժամանակակից լուսանկարչություն, որը հարցադրում է ինքնության և վերաներկայացման խնդիրները, ցուցահանդեսը հրավիրում է մեզ տեսնելու արվեստագետի նմանությունից անդին և դիտարկելու, թե ինչպես է լուսանկարչությունը շարունակաբար վերակերտել մշակութային պատկերացումները արվեստագետի դերի և պատկերի մասին։