Ապր․ 3 - Մայ․ 31, 2026
Թելի իրադարձությունը -  Տեքստիլի համաշխարհային պատումներ․ Երևան

Ցուցահանդեսի համադրողներ - Երևան՝
Վիգեն Գալստյան (ՀԱՊ), Ասյա Յաղմուրյան

Ցուցահանդեսի համադրողներ - Բեռլին՝
Ինկա Գրեսսել, Սուսան Վայս (ifa)

Ի՞նչ կարող է մեզ պատմել տեքստիլը իշխանության, աշխատանքի, հիշողության և ինքնության մասին։ Սա է «Թելի իրադարձությունը. Տեքստիլի համաշխարհային պատմություններ» ցուցահանդեսի առանցքային հարցադրումը։ Ifa – Institut für Auslandsbeziehungen-ի (Միջազգային մշակութային կապերի ինստիտուտի) և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ իրականացվող այս նախագիծը ներկայացնում է տեքստիլը ոչ միայն որպես դեկորատիվ կամ կենցաղային նյութ, այլև բարձրացնում է ավելի խորքային հարցեր՝ ո՞վ է այն պատրաստում, ի՞նչ պայմաններում և ու՞մ պատմություններն են դրանով արտացոլվում։

Ifa-ի հավաքածուի 13 ժամանակակից միջազգային նկարիչների աշխատանքները ներկայացված են Հայաստանից և սփյուռքից 16 նկարիչների հետ երկխոսությամբ: «Թելի իրադարձությունը» ցուցահանդեսի անվանումը գալիս է Բաուհաուսի դպրոցի ռահվիրա Աննի Ալբերսի գաղափարից, ըստ որի տեքստիլը երբեք պասիվ չէ՝ այն ստեղծում է նոր մշակութային իրականություններ և կենդանի է պահում հները։ Դրեզդենում, Քուվեյթում, Ստամբուլում, Բեեր Շևայում, Լիմասոլում, Սալոնիկում, Թունիսում, Պրիշտինայում, Սկոպյեում և Նովի Սադում ցուցադրվելուց հետո ցուցահանդեսը ժամանում է Երևան՝ այս անդրազգային զրույցում նոր կապեր հյուսելու համար:

Որպես Մետաքսի ճանապարհի պատմական խաչմերուկ և երկիր, որի տեքստիլ մշակույթը ձևավորվել է դարավոր արհեստագործական ավանդույթների, խորհրդային արդյունաբերության և անկախությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ, Հայաստանը պատեհ հարթակ է տրամադրում տեքստիլ աշխատանքի գենդերային քաղաքականությանը նվիրված ցուցահանդեսի համար։ Ստեղծագործելով ինստալացիայի, պերֆորմանսի, վիդեոարտի, նկարչության, քանդակագործության և այլ արվեստի բնագավառներում, մասնակից արվեստագետները խնդրականացնում են տեքստիլի առկա պատկերացումները՝ որպես ապաքաղաքական, անանուն կամ բացառապես «կանացի» ոլորտ, փոխարենը բացահայտելով այն իբրև դիմադրության, գիտելիքների արտադրության և հավաքական հիշողության տիրույթ:

Մասնակից արվեստագետներ. Մարիամ Ասլամազյան, Կարեն Բարսեղյան, Ուլա վոն Բրանդենբուրգ, Դովլաթ Գարանֆիլյան, Մարկոս Գրիգորյան, Նոա Էշքոլ, Անդրեաս Էքսներ, Լուսինե Թալալյան, Մանան Թորոսյան, Ցոլակ Թոփչյան, Կարեն Միքելսեն Կաստանյոն, Զիլե Հոմա Համիդ, Հայդե Հինրիխս, Օլաֆ Հոլզաֆել, Վալենթինա Մազ, Կարինե Մացակյան, Աստղիկ Մելքոնյան, Եվա Մեյեր և Իրան Շերֆ, Լիաննա Մկրտչյան, Քրիսթա Յաթներ, Էլիսա վան Յուլեն և Վինսենթ Վուլսմա, Ջուդիթ Ռաում, Սամվել Սաղաթելյան, Ֆրանց Էրհարդ Վալթեր, Սիլվինա Տէր-Մկրտիչեան, Սերգեյ Փարաջանով, Դավիթ Քոչունց, Ուլի Ֆիշեր, Ռուզաննա Ֆրանգուլյան:

Ցուցահանդեսն ուղեկցվում է հանրային զրույցների ծրագրով և հրատարակությամբ:

«Թելի իրադարձությունը. Տեքստիլի համաշխարհային պատումները» ifa-ի (Institut für Auslandsbeziehungen) նախագիծն է, որը ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ և Սերգեյ Փարաջանովի թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ասլամազյան քույրերի պատկերասրահի, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Aha Collective-ի մասնակցությամբ։

Ցուցահանդեսի աջակիցն է Հայաստանի Գյոթե ինստիտուտը։