Հոկ․ 8 - Նոյ․ 29, 2026
Մաուդ ֆան դեն Բոյքըն․ Երբ գետերը խոսում են

Համադրող՝
Նազարեթ Կարոյան
Ցուցադրության ձևավորում՝
Ռուբեն Արևշատյան
Տեխնիկական օգնական՝
Ալեքսանդր Բոչկով
Ցուցահանդեսի տևողությունը՝
2026 թ. հոկտեմբերի 8 – նոյեմբերի 29
Ի՞նչ կփոխվեր, եթե գետին նայելու փոխարեն փորձեինք այն լսել։
Մաուդ ֆան դեն Բոյքընի արվեստային հետազոտությունը կենտրոնանում է գետերի, դրանց նյութականության և ժամանակի վրա։ Արվեստագետը քայլում է գետերի երկայնքով, ուսումնասիրում գետահուները, աշխատում նստվածքի հետ և հետևում այն դանդաղ գործընթացներին, որոնց միջոցով գետերը ձևավորում և փոխում են իրենց շրջակա միջավայրը։
Ցուցահանդեսում ընդգրկված են չորս մեծ գետեր, այդ թվում Արաքսը՝ որպես տեղական համատեքստի կարևոր գետ և արվեստագետի հետազոտության մաս։ Այստեղ գետը ներկայանում է ոչ միայն որպես բնության հատված, այլև որպես նյութական, տարածական և ձայնային ներկայություն։
«Երբ գետերը խոսում են» ցուցահանդեսը հրավիրում է դանդաղեցնել դիտումը և նորից մտածել գետի հետ մեր հարաբերության մասին՝ փորձելով նկատել այն, ինչ սովորաբար մնում է անտեսանելի։
Ձայնային ինստալյացիան իրականացվել է կավարվեստագետ Սոսե Ստեփանյանի և կոմպոզիտոր Սոֆիա Բարդուցուի հետ համագործակցությամբ:
Ցուցահանդեսը բացում է ԱՐԷ ՖԵՍՏ-2026/ GAIA TERRAIN-ի գեղարվեստական հյուսվածքը՝ փառատոնի ձայների և հանդիպումների բազմազան համաստեղության մեջ ստեղծելով ևս մեկ յուրահատուկ տարածք։
Կազմակերպիչ՝ ԱՐէ մշակութային հիմնադրամ
Ցուցադրությունը իրականացել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան և Նիդերլանդների Մշակույթի նախարարության աջակցությամբ: