Հուլ․ 7 - Հոկ․ 4, 2026
Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ

Համադրող՝
Զառա Դիլանյան
Ցուցահանդեսի տևողությունը՝
2026 թ. հուլիսի 7 – 2026 թ. հոկտեմբերի 4
Ռուբեն Շահվերդյանը (1900-1976) ծնվել է Սիղնաղում (Վրաստան) և մանկուց աչքի է ընկել նկարչության, քանդակագործության ու երաժշտության ձիրքով։ Բազմակողմանի տաղանդի շնորհիվ նա Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցի ուսումը (ուսուցիչ՝ Եղիշե Թադևոսյան) հաջողությամբ համատեղել է օպերային թատրոնում երգելու և երաժշտական ներկայացումներ բեմադրելու հետ։ Թեև ի վերջո կերպարվեստն է դարձել նրա գլխավոր ուղղությունը, երաժշտությունը մնացել է որպես հիմնական թեմա նրա ողջ արվեստում։
Արդեն 1926 թվականից դառնալով ցուցահանդեսների մշտական մասնակից՝ Շահվերդյանն իրեն դրսևորել է իբրև դեկորատիվ, գունեղ և արևելյան ընդգծված ոճի վարպետ։ Այդ վաղ շրջանի գեղանկարներն ու գրաֆիկական գործերը պատկերում են ընտանեկան տեսարաններ, կինտոների, գեղջուկների, առևտրականների, հեզաճկուն հայուհիների, երաժիշտների և մանրավաճառների խիստ ոճավորված կերպարներ։ Նկարիչն անդրադարձել է նաև սոցիալիստական ու պրոպագանդիստական թեմաների՝ այդուհանդերձ փորձելով հնարավորինս հավատարիմ մնալ սեփական ստեղծագործական սկզբունքներին։
Թիֆլիսում բավականին ճանաչում ձեռք բերած գեղանկարիչը 1941 թվականին տեղափոխվել է Հայաստան և սկսել լրջորեն ուսումնասիրել հայ ճարտարապետության, մանրանկարչության ու ազգագրության ավանդույթները։ Արդյունքում դրսևորվել են դեկորատիվության բարդ ու նորարարական որակներ, որոնք հատկապես արտացոլված են արվեստագետի խեցեգործության մեջ։
1955-ին տարվելով արվեստի այդ տեսակով՝ Շահվերդյանը կիրառել է կավի ու կոպիտ իրակավի թրծման ամենատարբեր մեթոդները, փորձարկել խեցեգործության սինթետիկ բնույթի անհամար հնարավորությունները՝ ձևի, գույնի և մակերեսի համադրումների բազմազանությունը վերհանելու նպատակով։ Եվ հենց այդ ստեղծագործական բացարձակ ազատությամբ առանձնացող խեցեգործությունն էլ դարձել է Շահվերդյանին մեծ ճանաչում բերող, նրա յուրօրինակ աշխարհընկալումն ու անկրկնելի ձեռագիրն արտահայտող այցեքարտը։
Արվեստագետը կերտել է հավաքական տիպաժների մի ամբողջ պատկերասրահ․ կինտոներ, արևելյան գործիքներ նվագող երաժիշտներ ու պարուհիներ, բեռնակիրներ, մայրեր՝ երեխաների հետ։ Այս քանդակներից յուրաքանչյուրը յուրօրինակ ֆոլկլորային, երգիծական պատկերում է, որը ներդաշնակորեն ձուլվում է տոնախմբությանը մասնակցող կերպարների հսկա բանակին՝ մարմնավորելով կենդանի մշակույթի ողջ ցնծությունն ու բերկրանքը։
Դեկորատիվիզմի, զարդանախշի և գունային դինամիկայի իր համարձակ փնտրտուքը Շահվերդյանը բերել է նաև հախճապակու, գորգարվեստի և գեղանկարչության տիրույթ։
Ռուբեն Շահվերդյանի 125-ամյակին նվիրված հոբելյանական այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է՝ հաղորդակցվելու վարպետի բազմաժանր ժառանգությանը: