Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

15.09.2017 - 15.01.2018

«Հովհաննես Այվազովսկի. Արարում» ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը նշանակալի իրադարձություն է համայն աշխարհի մշակութային կյանքում։ Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի շարքում։ Տարբեր քաղաքներում բացված հոբելյանական ցուցահանդեսների շարքը խորհրդանշական կերպով ամփոփվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում այս ցուցադրությամբ, որը ներկայացնում է Հ. Այվազովսկու անցած ստեղծագործական ճանապարհն ըստ Հայաստանի Ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների, Մայր Աթոռի թանգարաններում պահվող աշխատանքների, իսկ Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարումը» հռչակավոր կտավը Հայաստանում ցուցադրվում է առաջին անգամ։
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, Ազգային արխիվի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող վավերագրերն ու լուսանկարները բացահայտում են հայրենասեր արվեստագետի գործունեության տարբեր կողմերը։
«Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից՝ «արարներից», որոնք ներկայացնում են Այվազովսկու ծովանկարչությունը տարբեր ժանրային դրսևորումներով, նրա անցած ստեղծագործական ուղին, թույլ տալիս ծանոթանալու նկարչի գեղարվեստական ըմբռնումներին ու մեթոդին:
Ղրիմի, Ռուսաստանի տարբեր տեսարանները պատմում են այն վայրերի մասին, որտեղ անցել են նկարչի մանկության ու պատանեկության տարիները,- միջավայր, որը մեծապես ազդել է նրա հոգեկերտվածքի և աշխարհընկալման ձևավորման վրա, որտեղ նա ստացել է ակադեմիական փայլուն կրթություն` ձեռք բերելով մասնագիտական խոր գիտելիքներ:
Այվազովսկու կյանքի շրջադարձային փուլերից էր ճամփորդությունը դեպի Եվրոպա։ Ներկայացված գեղանկարչական ու գրաֆիկական տարբեր աշխատանքներն ուրվագծում են Այվազովսկու անցած ծովային ուղին և ստեղծագործական լայնածավալ աշխարհագրությունը: Իր ընդգրկուն «քարտեզագրությամբ» նա մեր առջև ներկայանում է ասես մի ծովագնաց, որը պատկերում էր բնության տարերքը ոչ որպես ափին կանգնած դիտող, այլ իբրև այդ ամենի մասնակից և բացահայտող։ Եվ հետագա տարիներին էլ, վերապրելով այդ տպավորությունները, նա հիշողությամբ դրանք հանձնել է կտավին:
Հ. Այվազովսկու գեղարվեստական երկերի շարքում առանձնանում են խորհրդավոր ու ռոմանտիկ տրամադրությամբ տոգորված գիշերային տեսարանները, որոնք լայն տարածում էին ստացել ռոմանտիզմի արվեստի տարբեր ճյուղերում։ Մեծ արտահայտչականությամբ են օժտված Կոստանդնուպոլսի, Դարյալի կիրճի, Նիցցայի և այլ գեղատեսիլ վայրերի լուսնկա գիշերային պատկերները։
Եվ այնուամենայնիվ Այվազովսկու տարերքը փոթորկոտ ծովն էր, նրա ստեղծագործությունների առանցքային թեման։ Փոթորկահույզ տեսարաններում Այվազովսկու վրձինը գործում է մեծագույն վիրտուոզությամբ՝ փոխանցելով անսանձ տարերքի և մաքառող մարդու դրամատիկ բախումը։ Բայց ինչպիսի ահեղ փոթորիկ էլ պատկերեր Այվազովսկին, կտավի անկյունում սև ամպերը ճեղքում է լույսի մի շող, երբեմն` սուր, ծակող, երբեմն` թույլ ու հազիվ նշմարելի։ Մարտիրոս Սարյանի խոսքերով`«փրկության այդ լույսի մեջ է Այվազովսկու բոլոր փոթորիկների իմաստը»: Լույսի, որ քաոսից ու խավարից տանում է դեպի Արարում։
 

Մշտական
ցուցադրություն

Շահին Էդգար Պետրոսի

Բալզակի ժամանակակիցը (1905)

թուղթ, օֆորտ, ակվատինտ
30x19/46x29,5 սմ