Գիտական աշխատություններ

Արշիլ Գորկու կյանքը Միացյալ Նահանգներում․
Ինքնության որոնման դժվարին ճանապարհը

Հոդվածում հայ մեծ նկարիչ Արշիլ Գորկու կյանքն ու ձևավորումը ԱՄՆ – ում, նրա ինքնության որոնումը դիտարկվում է սիմվոլիկ ինտերակցիոնիզմի սոցիոլոգիական տեսության ավանդույթների շրջանակներում՝ նրա ու իր ժամանակակիցների կողմից թողած հարուստ փաստագրական նյութի վերլուծության հիման վրա։
Արվեստագետի ինքնության էության իմաստավորման բանալին իր իսկ խոստովանությունն է՝ որպես «Արարատի զավակ», կորցրած Հայրենիքի պատկերների ու գույների արժեքները կրող արվեստագետ (Վան, Խորգոմ):
Ինքնության որոնման դժվարին ճանապարհի վերլուծությունը պարզաբանում է, որ Արշիլ Գորկին, չնայած 20-րդ դարի սկզբին առկա ամերիկյան ռասիստական քաղաքականության ու իրականության հետևանք սոցիալ-մշակութային խնդիրներին, նա հավատարիմ մնաց իրեն և իր նպատակին՝ իր ստեղծագործություններում կարողացավ պահպանել կորցրած Հայրենիքի պատկերը: Նա վերստեղծեց իր վրձնով Արևմտյան Հայաստանի պատկերը, չդավաճանեց իր ազգային ինքնությանը, այլ հավատարիմ մնալով ժառանգական սկզբունքներին՝ կարողացավ դառնալ «Հզոր, ինչպես հսկա, քնքուշ, ինչպես մանուկ»:
Արշիլ Գորկին իր արվեստով կարողացավ հասնել այն ազատությանը, որին նա ձգտում էր:

Շարունակությունը կարդացեք կից հղումով

Հեղինակ՝ ՀԱՊ ավագ գիտաշխատող Հռիփսիմե Դայան
 


Հայտնի և անհայտ Ալեքսեյ և Անաստասիա Դանդուրյաններ

Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) հայկական գրաֆիկայի ֆոնդերում պահվում են XIX-XXI դարերի 219 հայ հեղինակների մոտ 5000 գրաֆիկական թերթեր: Հավաքածուն ընդգրկում է հաստոցային գրաֆիկայի տարբեր ժանրերի գործեր (թեմատիկ կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, նատյուրմորտ) և տեսակներ` գրքի և թա¬տերական ձևավորումներ, պլակատներ, ծաղրանկարներ: Նկարիչների թվում և՛ հայտնի, և՛ ժամանակի ընթացքում մոռացված արվեստագետներ են: Հավաքածուն պարբերաբար համալրվում է ինչպես նոր, այնպես էլ բաժնում ընդգրկված հեղինակների ստեղծագործություններով և նրանց մասին տեղեկություններով:


Շարունակությունը կարդացեք կից հղումով

Հեղինակ՝ ՀԱՊ գրաֆիկայի բաժնի ավագ գիտաշխատող Սեդա Խանջյան


Հիպերիրականության հիպերպատկերման արվեստը

Իսպանացի փիլիսոփա Խոսե Օրտեգա-ի-Գասետն իր «Արվեստի ապամարդկայնացումը» աշխատության մեջ խոսում էր արվեստում ի հայտ եկող արմատական ու խորքային փոփոխությունների մասին. «Եթե նախկինում գեղարվեստը ձգտում էր իրականությունը ներկայացնել այնպիսին, ինչպիսին այն կա՝ բնական, մարդկային, ապա նոր գեղարվեստը, հակառակը, ջանում է բացառել արվեստից մարդկային տարրը»1 : Նախկինում արվեստը ձգտում էր բացահայտել այն տարրերը, որոնք վերաբերում են արվեստի այս կամ այն կոնկրետ տեսակին՝ զտելով այն իր համար օտար տարրերից:

Շարունակությունը կարդացեք  կից հղումով

Հեղինակ՝ ՀԱՊ ավագ գիտաշխատող Հռիփսիմե Դայան


Մինաս Ավետիսյանի ձևավորումները Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի համար

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը երաժշտական թատրոնի գանձարանում յուրահատուկ տեղ է զբաղեցնում. նրա առանձին հատվածներն այսօր ձեռք են բերել ինքնուրույն ստեղծագործությունների արժեք, իսկ «Սուսերով պարը» դարձել է խաչատրյանական և ընդհանրապես հայկական արվեստի այցեքարտը ամբողջ աշխարհում: Բալետը գրվել և բեմադրվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին: «Գայանեի» հայաստանյան անդրանիկ ներկայացումը կայացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում 1971 թվականին (դեկորացիաների հեղինակ՝ Հովհաննես Զարդարյան, զգեստների հեղինակներ՝ Անահիտ Զարդարյան և Ռոբերտ Այվազյան, բալետմայստեր՝ Մաքսիմ Մարտիրոսյան): Այնուհետև «Գայանեի» 1974 թվականի երևանյան բեմադրության ձևավորումները հեղինակել է նկարիչ Մինաս Ավետիսյանը: Գունային վառ համադրություններով ստեղծված դեկորացիաները ներկայացնում էին հայկական բնաշխարհն ու կենցաղին բնորոշ պատկերներ: Յուրաքանչյուր գործողության համար նա ստեղծել էր ընդհանուր դեկորացիաներին համահունչ զգեստներ, որոնցում առկա էին ազգագրական ու տարազային դետալներ: Բեմական չորս դեկորացիաների էսքիզներն այսօր գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուում, իսկ զգեստների էսքիզները պահվում են Արամ Խաչատուրյանի թանգարանում և մասնավոր հավաքածուներում:
Մինասի մտահղացումներն անշուշտ իրենց գծագունային ռիթմով համահունչ էին բալետի երաժշտությանն ու խորեոգրաֆիային, և հենց դա էլ ձևավորումների հաջողության գլխավոր գրավականն էր. ձևավորումներ, որոնք ուրույն էջ դարձան հայկական բեմանկարչության պատմության մեջ և մինչ օրս մնում են անգերազանցելի:

Հեղինակ՝ Հայկական գեղանկարչության բաժնի վարիչ` Հայկուշ Սահակյան

«Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» միջազգային գիտաժողովի նյութեր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, 2019
 


ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Հայ կերպարվեստի մայր թանգարանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, ցուցադրությունը սկսվում է հայ հին և միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության նմուշների ընդարձակ սրահներից: Հավաքածուն ընդգրկում է Ք. ա. 8-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերի հայ մոնումենտալ գեղանկարչության նշանավոր հուշարձանների՝ Էրեբունիի արքունական պալատի և Խալդի աստծո տաճարի, Լմբատավանքի Սբ. Ստեփանոս, Արուճի Սբ. Գրիգոր, Տաթևի Սբ. Պողոս-Պետրոս, Գնդեվանքի Սբ. Ստեփանոս, Հաղպատի Սբ.Նշան, Անի Տիգրան Հոնենցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Քոբայրի գլխավոր, Ախթալալի ու Մեղրի Սբ.Աստվածածին, Ղրիմ Սբ. Սբ. Խաչ և Սբ. Ստեփանոս եկեղեցիների որմնանկարների վավերական ընդօրինակությունները։ Ցուցադրությունում միակ բնորինակները Նաղաշ Հովնաթանի՝ Էջմիածնի Մայր տաճարում արած որմնանկարների հատվածներն են, որոնք հայտնաբերվել են նախկին ծեփի վրա տաճարի նորոգման ժամանակ և հետագայում տեղափոխվել պատկերաբրահ։
Հայ միջնադարյան արվեստի, այդ թվում նաև որմնանկարչության գիտական ուսումնասիրության և պատկերասրահի հավաքածուի ստեղծման գործում մեծ ներդրում է ունեցել հայ մշակույթի երախտավոր ռուս արվեստաբան, նկարիչ ու վերականգնող Լիդիա Ալեքսանդրովնա Դուռնովոն, ում անմիջական ղեկավարությամբ 1937-1960 թվականներին կատարել է որմնանկարների ու մանրանկարների ընդօրինակություններ։ Նրա գործը հետագայում շարունակել են նոր սերնդի նկարիչները՝ ամբողջացնելով պատկերասրահի հավաքածուն։
Հավաքածուն իր տեսակի մեջ միակն է հանրապետությունում ոչ միայն ցուցանմուշների հարստությամբ ու բազմազանությամբ, այլև նրանով, որ ընդօրինակությունների մեծ մասն այսօր փոխարինում է ժամանակի ընթացքում կորստի մատնված որմնանկարներին։ Այդ ցուցանմուշներն այսօր և հետագա սերունդների համար ունեն պատմական ու ճանաչողական կարևոր նշանակություն, քանի որ որոշակի պատկերացում են ստեղծում հայկական եկեղեցիների ներքին հարդարանքի առանձնահատկությունների, որմնանկարների պատկերագրության, գեղարվեստական եղանակների մասին։

Հեղինակ` արվեստագիտության թեկնածու, ՀԱՊ ավագ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյան

 


ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
 

19-րդ դարից քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացման նոր փուլ թևակոխած Հայաստանի մշակութային կյանքում Ալեքսանդարոլ-Գյումրու կարևոր դերի վկայություններից է այն, որ այստեղ են հիմնադրվել կրթամշակութային առաջին հաստատությունները (Արղության հայ օրիորդաց դպրոց, մանկավարժական թեքումով միջնակարգ դպրոց, նկարչական դպրոց), բեմադրվել են առաջին թատերական ու օպերային ներկայացումները, շարունակվել են զարգանալ ավանդական արհեստները, առաջացել են նորերը։
Հայաստանում գեղարվեստական կրթության ձևավորման ակունքներում գտնվող Գյումրու նկարչական դպրոցի գործունեությանը նվիրված հոդվածում հետազոտվում են ուսումնական հաստատության պատմությանը, մասնագիտական կրթության սկզբնավորման ու զարգացման գործում ունեցած դերակատարությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվում մանկավաժ նկարիչների և նրանց սաների ստեղծագործական աշխատանքին։
1920 թվականին որպես նկարչական ստուդիա հիմնադրված կրթարանի (1936-ից՝քառամյա նկարչական դպրոց, 1947-ից՝ Սերգեյ Մերկուրովի անվ.) առաջին ուսուցիչներն էին՝ Գևորգ Բրուտյանը, Ստեփան Ալթունյանը, Մամիկոն Փանոսյանը, Եղիսաբեթ Պատկանյանը։ Շուրջ մեկ դար անընդմեջ գործող նկարչական դպրոցի գործունեությունը յուրովի նպաստել է Գյումրու և տարածաշրջանի գեղարվեստական կյանքի, ինչպես նաև ինքնատիպ գեղանկարչական դպրոցի ձևավորմանը։


Հեղինակ` արվեստագիտության թեկնածու, ՀԱՊ  ավագ  գիտաշխատող Քնարիկ Ավետիսյան


ՔԱՐԱՆՁԱՎԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայկական բարձրավանդակում ապրող մարդու կողմից միջին քարի դարից սկսած քարանձավի գործածությանը որպես բնակավայր, սրբատեղի ու դամբարան, որը ժառանգաբար փոխանցվելով հաջորդ սերունդներին, շարունակվում է քրիստոնեական մշակույթում և կրոնական աշխարհայացքի ու գաղափարախոսության ազդեցությամբ ձեռք է բերում նոր բովանդակություն։
Ավետարանական պատմություներում և հայրաբանական գրականության մեջ քարանձավը հիշատակվում է որպես Քրիստոսի ծննդյան վայր, գերեզման և դժոխքի խորհրդանիշ, որն իր ուրույն պատկերագրությունն ունի քրիստոնեական արվեստում։ Առաջին անգամ հետազոտվում է հայ միջնադարյան մանրանկարչության մեջ ավետարանական այն տեսարանները («Ծնունդ», «Թաղում», «Թափուր գերեզման», «Ահեղ դատաստան», «Ղազարոսի հարությունը»), որոնցում պատկերվում է քարանձավ։ Հայ մանրանկարչության տարբեր դպրոցների ու նույն ժամանակաշրջանի բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի նմանօրինակ հուշարձանների համեմատական քննության միջոցով բացահայտվում է վերոհիշյալ տեսարանների պատկերագրական ընդհանրություններն ու ազգային գեղարվեստական մտածողությամբ պայմանավորված առանձնահատկությունները։

 Հեղինակ`  արվեստագիտության թեկնածու, ՀԱՊ ավագ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյան


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

20-րդ դարասկզբին՝ 1918 թ., շուրջ 600-ամյա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր ինքնիշխանությունը և պատմական այդ դժվարին ու բարդ ժամանակահատվածում ձեռնամուխ եղավ պետականության կառուցման գործընթացին: Առաջին հանրապետության կառավարության կարևորագույն որոշումներից մեկն էլ եղավ մայրաքաղաք Երևանում թանգարանի հիմնումը (Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի 09.09.1919թ. N 439 որոշում), որը պետք է դառնար, 1915 թ. ցեղասպանությունից հետո, աշխարհասփյուռ հայության մշակութային փարոսը և զարթոնքի խորհրդանիշը:
Թանգարանը կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան , որի խնդիրն էր հավաքել ու պահպանել ազգային մշակույթի հարուստ ժառանգությունը և նպաստել մատաղ սերնդի մշակութային դաստիարակությանը: Այցելուների համար թանգարանը բացվեց միայն 1921թ. օգոստոսի 20-ին, արդեն Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարան:
Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` գեղարվեստի բաժինն էր, որի ցուցանմուշների առաջին խումբը` մի քանի տասնյակ աշխատանքներ, գնվել են կառավարության կողմից 1921 թ. հուլիսին կազմակերպված «Հայ նկարիչների միության» 5-րդ ցուցահանդեսից:
Նույն թվականի սեպտեմբերին Մոսկվայում Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի դեկրետով նախկին Լազարյան ինստիտուտը վերանվանվում է Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն, իսկ նրա նյութական և մշակութային բոլոր արժեքները անցնում են Հայաստանի տնօրինմանը: Այս որոշումը վճռորոշ նշանակություն ունեցավ, քանզի ռուսական և եվրոպական արվեստի ստեղծագործությունների առկայությունն այս հավաքածուում, որը փոխանցվեց Հայաստանի թանգարանին, թելադրում էր նրա հավաքչական քաղաքականությունը` ձևավորել ազգայինից զատ համաշխարհային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուներ:
1935-ից, զգալիորեն ընդլայնված, բաժինը դարձավ ինքնուրույն Կերպարվեստի պետական թանգարան:
1930-1950 թթ. թանգարանը շարունակում է համալրվել, գործում է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական արվեստը ներկայացնող երեք բաժիններից բաղկացած մշտական ցուցադրությունը:
1947 թ. թանգարանը անվանվում է Հայաստանի պետական պատկերասրահ: 1991-ին՝ անկախության վերականգնումից հետո, թանգարանը վերանվանվեց Հայաստանի ազգային պատկերասրահ:
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն հետաքրքիր ու բացառիկ է այն առումով, որ գործունեության ողջ ընթացքում այն մեծամասամբ համալրվել է նաև նվիրատվությունների շնորհիվ: Աշխարհասյուռ հայ նկարիչներն ու հավաքածուատերերը մայր թանգարանին նվիրել ու շարունակում են նվիրել ոչ միայն հայ, այլև օտարազգի հեղինակների աշխատանքներ:
1923 թվականին, նորաստեղծ թանգարանի հավաքածուն համալրելու նպատակով, լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը դիմում է Ֆրանսիայի հայ նկարիչներին, խնդրելով ուժերի ներածին չափ օգնել վերջինիս: Նրա կոչին խանդավառությամբ արձագանքում են Վ. Մախոխյանը, Զ. Զարդարյանը, Տ. Եսայանը, Ս. Խաչատրյանը, Ռ. Շիշմանյանը և ուրիշներ, պարբերաբար, մինչև 1935 թ. նվիրելով շուրջ 40 ստեղծագործություն: Առաջին տասնամյակների նվիրատու-բարերարներից են նաև նկարիչներ Մ. Սարյանը, Ե. Թադևոսյանը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Գայֆեճյանը, կոլեկցիոներներ Վ. Վահանյանը, Տ. Խան-Քելեքյանը, Վ. Քանանյանը: Թանգարանին իրենց աշխատանքներն են նվիրել անվանի ռուս նկարիչներ Ա. Բենուան, Ա. Օստոումովա-Լեբեդևան, Ե. Լանսերեն, իսկ Իսահակ Բրոդսկու շնորհիվ ռուսական արվեստի հավաքածուն հարստացել է 20-րդ դարի մեծանուն նկարիչներ Կ. Յուոնի, Բ. Գրիգորևի, Բ. Անիսֆելդի, Ի. Մալյավինի գործերով : 1925 թ. Երևանում հրատարակված Պետական թանգարանի գեղարվեստական բաժնի «Համառոտ ցուցակում», որը թանգարանի առաջին, համառոտ ուղեցույցն է, նշվել են նաև նվիրատուների անուններ: Նրանց թվում է մոսկվաբնակ ճարտարապետ-ինժեներ Հակոբ Էքիզլերը (Էքիզյան): Կոլեկցիոների ընծայած Հ. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի, Ս. Շչեդրինի, Ի. Շիշկինի, Վ. Պոլենովի, Վ. Մակովսկու և այլ հեղինակների կտավները պատկերասրահի գոլուխգործոցների շարքին են դասվում:
1930-1950 թթ. թանգարանի հավաքածուն համալրվում է երեք խոշոր կոլեկցիոներների նվիրատվություններով: Ռումինահայ արվեստաբան Գ. Զամբախչյանը ընծայում է 19-րդ դարի հայտնի նկարիչներ Թ. Ռուսսոյի, Դիաս դե լա Պենյայի, Ա. Մոնտիչելլիի, Է. Բուդենի, Ա. Բենարի և այլ հեղինակների արժեքավոր կտավներ, որոնք նոր որակ են հաղորդում ֆրանսիական գեղանկարչության հավաքածուին: Ռումինահայ մեկ այլ կոլեկցիոների` Վահան Բարաքյանի նվիրաբերած մեծաքանակ հավաքածուն կազմված էր ռումինացի հայտնի նկարիչների գեղանկարչական և գրաֆիկական գործերից, եվրոպական փորագրանկարներից, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական (Եվրոպա, Ռուսաստան, Արևելք) 150 իրերից: 1936-ին ականավոր հայ գրաֆիկ, Ֆրանսիայում լայն ճանաչում վայելող Էդգար Շահինը թանգարանին է նվիրում 170 փորագրանկարներ, որոնք նա ուղարկել էր Փարիզից` Երևանում կազմակեպվող անհատական ցուցահանդեսի համար : 30 գեղանկարով և 9 գծանկարով հարստանում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների ֆոնդը` նկարչի կրքոտ երկրպագու Աբրահամ Ճինճյանի (Ֆրանսիա) նվիրատվությամբ:
1946-ին Փարիզից Երևան է տեղափոխվում վաստակաշատ նկարիչ Պետրոս Կոնտուրաջյանը, որը թանգարանին նվիրում է իր ավելի քան 50 գեղանկարչական և շուրջ 600 գրաֆիկական գործերը:
1958-ին փարիզահայ մեր հայրենակից Հակոբ Առաքելյանը կազմակերպում և պատկերասրահին է փոխանցում հռչակավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ողջ ժառանգությունը` շուրջ 400 դիմաքանդակներ, հորինվածքներ, գրաֆիկական գործեր և արխիվային հարուստ նյութեր:
1960-ականները բեղմնավոր էին պատկերասրահի ֆոնդերի համալրման առումով: Աղասի և Ազգանուշ Դարբինյանները Փարիզից նվիրաբերում են Տ. Փոլադի` Լաֆոնտենի առակների 70 նկարազարդում, Է. Շահինի 25 օֆորտ, կազմակերպում են Հ. Ալխազյանի ժառանգության` ավելի քան 100 աշխատանքի փոխադրումը պատկերասրահ:
1965 թ. կազմակերպվում է Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսը, ում գործերը բերվում են Մոսկվայից, նկարչի այրու` Ա. Շչյոկին-Կրոտովոյի աջակցությամբ: Ցուցահանդեսից պատկերասրահը գնեց տասից ավելի աշխատանք, իսկ այրին նվիրեց ևս երեքը:
Անհատական ցուցահանդեսով Երևան ժամանած ամերիկացի հայտնի նկարիչ Ռոքուել Քենթը նվիրաբերում է 14 գեղանկարչական աշխատանք, ֆրանսահայ քանդակագործուհի Դարիա Կամսարականը ընծայում է մարմարե և բրոնզե երկու քանդակ: Ֆրանսահայ մշակութային միությունը կազմակերպում է արդի ֆրանսահայ նկարիչների ցուցահանդես և 63 գործ որպես նվիրատվություն ուղարկում Հայաստան: Նման ակցիա են իրականացնում լիբանանահայ արվեստագետները : Արժեքավոր է իտալահայ քանդակագործուհի Նվարդ Զարյանի նվերը, հեղինակի 23 աշխատանքներն իրենց արժանի տեղն են գտնում քանդակի հավաքածուում։
1972 թ. Փարիզի «Գ. Յակուլովի բարեկամների ընկերության» նախագահ, նկարիչ Ռաֆայել Խերումյանը Հայաստանի կառավարությանն ուղղած նամակում պատրաստակամություն է հայտնում Հայաստանին հանձնել ընկերության տնօրինման տակ գտնվող մեծանուն նկարիչ Գեորգի Յակուլովի գեղանկարչական և գրաֆիկական գործերը։ Նվիրաբերված աշխատանքները ոչ միայն հարստացնում են յակուլովյան ֆոնդը, դրանց նշանակությունը անգնահատելի է 20-րդ դարասկզբի հայ կերպարվեստի հավաքածուի համար։
Նկարիչ Ռաֆայել Խերումյանը (Փարիզ) նվիրում է անգլիացի վարպետ Մարկոս Հերարդսի «Տղամարդու դիմանկար» և իսպանացի մեծ վարպետ Ֆրանսիսկո Գոյային վերագրվող «Տղայի գլխանկար» գեղանկարչական գործերը: ԱՄՆ-ի Համասեբաստահայ վերաշինված միության կողմից ստացվում են 17-րդ դ. վերջի - 18-րդ դ. սկզբի վենետիկյան դպրոցի նկարիչ Անտոնիո Սոլինարիի «Դավթի օծումը» Հին կտակարանի սյուժեով կտավը և իտալացի քանդակագործ Գ. Բյաջոտտիի «Կեսարի կիսանդրին» մարմարե աշխատանքը:
Քանդակագործ Խորեն Տեր-Հարությանը պատկերասրահին հանձնում է Օգյուստ Ռոդենի «Բնորդուհի» գծանկարը, իսկ ֆրանսահայ Ալբերտ Աշճյանը` ժամանակակից իսպանացի նկարիչ Խուան Ռիպոլեսի երեք գեղանկար:
Այս տարիներին նվիրաբերված աշխատանքների շարքում շատ են հայ հեղինակների գործերը. Ժանսեմը ուղարկում է իր 30 փորագրանկարներն ու գծանկարները, Գառզուն` 118 վիմագրություններ, Արշիլ Գորկու քույրը` Վարդուշ Մուրադյանը` նկարչի «Նստած կին» գծանկարը:
Ձևավորված ավանդույթները շարունակվում են նաև Հայաստանի անկախացումից հետո՝ ձեռքբերումներին զուգահեռ պատկերասրահը շարունակում է ստանալ նաև նվիրատվություններ:
2013 թ. Իրինա Դրամբյանը թանգարանին է նվիրում Մ. Շագալի <<Ամառանոց. Ինտերիեր>> ստեղծագործությունը:
2016 ԱՄՆ-ում բնակվող Էդմոն Այվազյանը պատկերասրահին է հանձնում եգիպտահայ նկարիչ Աշոտ Զորյանի 67 ստեղծագործություններ:
Տարբեր տարիներին կատարված նվիրատվությունները՝ մեկ աշխատանքի, կամ ամբողջական հավաքածուի տեսքով, պարբերաբար ներկայացվում են արվեստասեր հասարակությանը, հրատարակվում են դրանց նվիրված հոդվածներ, ալբոմներ ու կատալոգներ:
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքչական գործունեության հիմնական ուղղությունը ազգային կերպարվեստի ընդգրկուն ու համահավաք հավաքածուի ստեղծումն է և վերջինիս հանրահռչակումը: Պատկերասրահը շարունակվում է հայ դասական կերպարվեստը օտարերկրյա հանդիսատեսին ներկայացնելու աշխատանքը պարբերաբար կազմակերպվող միջազգային տարբեր ցուցահանդեսների միջոցով: Պատկերասրահը նաև հյուրընկալում է աշխարհահռչակ արվեստագետների ստեղծագործությունները ներկայացնող ցուցադրություններ` 2011 թ. ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը:
Հարկ է նշել նաև, որ Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի. 2005-ից իրականացվում են «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիան, որն արդեն ճանաչված և սիրված է հասարակության լայն շրջաններում, ինչպես նաև`«Եվրոպական ժառանգության օրերի» ամենամյա միջոցառումները: Ազգային պատկերասրահում, մեր երկրում գործող դեսպանատների հետ միասին, պարբերաբար անցկացվում են նաև այլ երկրների մշակութային օրեր, ցուցահանդեսներ, միջոցառումներ:
Ամփոփելով Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին նվիրված խոսքը, նշեմ, որ շուրջ 100-ամյա գործունեության ընթացքում, թանգարանին հաջողվել է ստեղծել հարուստ ֆոնդեր: Այսօր պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է շուրջ 40.000 թագարանային առարկա, որոնց մի մասը ներկայացվում է մշտական ցուցադրության հայկական, ռուսական, եվրոպական և արևելյան արվեստի բաժինների 56 սրահներում:

 Հեղինակ` Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, արվեստագիտության թեկնածու  Սամվել Հովհաննիսյան

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ

Պահարան դանցինգ (17-րդ դար)

փայտ, փորագրում (փայտի)
բ.222/լ.136 սմ