Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

26.11.2022 - 10.12.2022

Սարգիս Մուրադյան. Իմ Կոմիտասը

 Սարգիս Մուրադյանը (1927–2007) 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից է: Նրա արվեստը նոր խոսք էր, թարմ շունչ, ազգային ակունքների վերարժևորման փորձ:

Նշելով նկարչի ծննդյան 95-ամյակը և կարևորելով նրա ավանդը հայ կերպարվեստում՝ Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է Ս. Մուրադյանի՝ Կոմիտասին նվիրված կտավների և դրանց էսքիզների համահավաք ցուցադրությունը, - առանցքային ստեղծագործություններ, որոնք ոչ միայն բեկումնային են եղել հեղինակի համար, այլև մնայուն հետք են թողել հայկական գեղանկարչության պատմության մեջ:

Նկարչի ստեղծագործական վաղ շրջանը համընկել է 1950–60-ական թթ. ազգային զարթոնքի հետ, որը նոր լիցքեր է հաղորդել նրան: Այդ տարիներին Մուրադյանն առաջիններից մեկն էր, որ անդրադարձավ հայ ժողովրդի պատմական անցյալին և Մեծ Եղեռնին: Ազգային թեման իր արտացոլումն է գտել Կոմիտասի կերպարի մեջ՝ որպես ամբողջ հայ մտավորականության հավաքական կերպարի: Ավագ սերնդի գեղանկարիչներից շատերն են պատկերել Կոմիտասին, բայց առաջին անգամ Ս. Մուրադյանի «Կոմիտաս. Վերջին գիշեր» (1956) կտավում է մեծ երգահանի անձը դիտարկվում ցեղասպանության համատեքստում: Շրջադարձային այս գործը կարելի է համարել նկարչի ստեղծագործական ճանապարհի մեկնակետ. այն մեծ ճանաչում բերեց նրան, դարձավ խորհրդահայ արվեստի այցեքարտը և Ազգային պատկերասրահի գոհարներից մեկը: Ստեղծագործական ճանապարհի ընթացքում Ս. Մուրադյանը պարբերաբար անդրադարձել է Կոմիտասին («Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը Էջմիածնում», 1957, «Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը զրուցում են գյուղացիների հետ», 1957, «Կոմիտաս. 1915 թվական, ապրիլ», 1965, «Անտունի», 1969), այլաբանական և պայմանական մտածողությամբ, գեղանկարչական նոր արտահայտչալեզվով, ամփոփ և ընդհանրացված ձևով պատկերել է նրան, վավերագրել ժամանակի շունչն ու ոգին՝ առանց պատմողականության ու նկարագրողականության, ընդհուպ սումգայիթյան ջարդերը, որի վառ դրսևորումներից է «Հայ մտավորականների գողգոթան» (1975-1988)՝ իբրև ազգային ինքնության պահպանմանն ուղղված քայլ:

Ցուցահանդեսի համադրող՝ Մարգարիտա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մշտական
ցուցադրություն

Աբեղյան Մհեր Մանուկի

Հայուհի (1957)

կտավ, յուղաներկ
49,5x69,5 սմ