Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

18.04.2023 - 21.05.2023

Նվիրատուներ և Նվիրատվություններ. Հրաչյա Հակոբյան - ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուի ձևավորման ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում նկարիչների, նրանց ժառանգների, հավաքորդների նվիրատվությունները մշտապես առանցքային դեր են ունեցել: Դրանք հաճախ ամփոփում-ամբողջացնում են առանձին մենագրական հավաքածուները, օգնում են թանգարանի ֆոնդերը հարստացնել իրական գլուխգործոցներով: 2021 թ. Ազգային պատկերասրահը նախաձեռնեց «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը, որի հիմնական նպատակներից է՝ ներկայացնել ոչ միայն հայտնի վարպետների ընծայված գործերը, այլև բարձրաձայնել մեկենասների անուններն ու նրանց գործունեության կարևորությունը թանգարանի կյանքում:

Այսօր «Նվիրատուներ և նվիրատվություններ» նախագիծը ներկայացնում է գեղանկարիչ Հրաչյա Հակոբյանի (1935–1982) թեմատիկ պատկերաշարը, ինչպես նաև այլաբանական մեկ հորինվածք: Կառուցվածքային ընդհանրացված լուծումները, իմաստային խոր վերապրումները նրա կյանքի եզրափակիչ փուլը բնորոշող գործոններն էին և պատկերացում են տալիս հեղինակի նվաճումների մասին: Այս աշխատանքները նկարչի այրու՝ արվեստաբան Վիլենա Մկրտչյանի 2005 թ. և 2022 թ. նվիրաբերած ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ առանձնացող 82 գեղանկարների մաս են կազմում:

Հրաչյա Հակոբյանը 1960-ական թթ. արվեստագետների սերնդից էր, խստաշունչ և, միևնույն ժամանակ, սիմվոլիկ, մոնումենտալ հնչողությամբ գեղանկարչական և գրաֆիկական երկերի հեղինակ: Վաղաժամ մահը թույլ չտվեց նրան ավարտել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ճեմասրահի որմնանկարները, «Խաչելություն» շարքը և բազում այլ մտահղացումներ: Ուստի, այս առումով, ուշադրության է արժանի ցուցադրվող «Մասիս» կոշիկի ֆաբրիկայի մշակույթի տան պատվերով 1977 թ. իրականացրած ավարտուն համայնապատկերը (4 մաս), որ կրում է մոնումենտալ-դեկորատիվ բնույթ: Ծավալուն կոմպոզիցիայի զուսպ, բայց նաև արտիստիկ մատուցումը կոշիկի սովորական թեմային առանձին հմայք է հաղորդում: Ընդհանրացված ձևամտածողությանը լրացնելու է գալիս «Սիրուն Հրաչի» արվեստում առանցքային դեր խաղացող արտաքուստ ստատիկ, գունային էքսպրեսիվ շեշտադրությամբ այլաբանական հորինվածքը՝ «Ֆայետոն»-ը (1980), որը լավագույնս ներկայացնում է նկարչի հուզական ներաշխարհն ու ստեղծագործական որոնումները:

 

ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

արվեստաբան

Մշտական
ցուցադրություն

Շահին Էդգար Պետրոսի

Հին Փարիզը (1905)

թուղթ, օֆորտ, չոր ասեղ
19,5x39/35,5x58,5 սմ