07.06.2024 - 05.07.2024
Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուի ձևավորման երկարամյա պատմության ընթացքում առանցքային դեր են ունեցել հավաքորդների նվիրատվությունները: 2021 թվականից իրականացվող «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագծի հիմնական շարժառիթը հայ արվեստագետների նվիրաբերած գործերի ցուցադրումն է, ինչպես նաև նվիրատուների անգնահատելի գործունեության կարևորումը:
«Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) դեռևս 1970-ականներից ձևավորված հավաքածուն: Այն ընդգրկում է հայ կերպարվեստի նշանավոր արվեստագետների գեղանկարչական ու գրաֆիկական գործերի միայն մի մասը (շուրջ 60 գործ)՝ հավաքագրված գնումների, փոխանակման և նվիրաբերության միջոցով:
Այս ցուցադրությունում տեղ գտած Մարտին Պետրոսյանի («Սոֆիա», 1993, թուղթ, ջրաներկ, 27 x 21) գրաֆիկական աշխատանքը Վալմարի նոր նվիրատվությունն է Հայաստանի ազգային պատկերասրահին:
Ցուցահանդեսի համադրող՝ Մարգարիտա Խաչատրյան