Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

15.06.2024 - 17.07.2024

Ռոբերտ էլիբեկյան․ Միստերիաներ

Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի 2-րդ կեսի հայկական «ազգային մոդեռնիզմի» նշանավոր վարպետներից է։ Նրա արվեստը միշտ թարմ է, քանզի հղում է հավերժականին՝ Գեղեցիկին, Սիրուն, Լույսին, Հոգևորին։ 1960-ականների կեսերից այն հաստատվեց վերելք ապրող հայ կերպարվեստում որպես մի ինքնատիպ և բացառիկ երևույթ։ Վարպետի ներդրումը մեծ է ոչ միայն գեղանկարչության, այլև գրաֆիկայի և բեմանկարչության ասպարեզներում։ Ռ Էլիբեկյանի թատերական ձևավորումները առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում և սույն ցուցադրության մեջ ներկայացվում են գեղանկարչությանը զուգահեռ։ Դիտողն անպայման կնկատի դրանց թեմատիկ, հորինվածքային, գեղարվեստական ընդհանրությունները, քանի որ թատրոնի թեման առանցքային է նկարչի արվեստում։

Ռ Էլիբեկյանը ծնվել է 1941 թ Թիֆլիսում։ Նա թատերական և նկարչական անվանի գերդաստանի վառ ներկայացուցիչ է։ 1960 թ ապագա նկարիչը տեղափոխվել է Երևան և 1965 թ ավարտել Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նույն թվականից Ռ Էլիբեկյանը սկսել է մասնակցել տեղային և միջազգային ցուցահանդեսների և անմիջապես լայն ճանաչման արժանացել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ «երկաթե վարագույրից» անդին։

«Զուտ գեղանկարչության» դավանանքին հարազատ՝ Ռ Էլիբեկյանը արդի հայ գեղանկարչություն բերեց բարձրաշխարհիկ, «արքունական», շքեղ և նրբաճաշակ ոճ։ Երբեմնի «կովկասյան Փարիզ» Թիֆլիսի քաղաքային մշակույթը, թատերական աշխարհը, «թիֆլիսյան դպրոցի» գեղանկարչությունը (Ալ Բաժբեուկ-Մելիքյան) դարձան նկարչի արվեստի մեկնակետը։ Անրջային հուշերի պես իր երևակայության մեջ հառնող այդ արքետիպային նստվածքները հետագայում պետք է սինթեզվեին Կիլիկյան մանրանկարչությունից, հայ եկեղեցական ճարտարապետությունից ու որմնանկարչությունից մինչև ռենեսանս, բարոկկո, ռոկոկո, «մոդեռն» և սիմվոլիզմ ընկած գեղարվեստական ավանդույթների նրբագույն վերարծարծումներում։ Իր տարաշխարհիկ գեղանկարչությամբ Ռ Էլիբեկյանը ձևավորեց արդիական-ազգայինի ուրույն, նախատիպը չունեցող բանաձև, որն արտահայտվել է թե՛ գունապլաստիկայի, թե՛ պատկերի տարածության կառուցման սկզբունքներում, թե՛ բովանդակային շերտերում։ Թատերախաղեր ու հանդիսանքներ պատկերող իր հորինվածքներում Ռ Էլիբեկյանը բեմը հաճախ ներկայացնում է եկեղեցական խորանի նմանությամբ: Թատերաբեմն ու եկեղեցին որպես սրբազան ծիսակատարության՝ միստերիայի տիրույթ ասես անդրադարձվում են մեկը մյուսում։

Նկարչի վառ ու զրնգուն մաքուր գույնը՝ երբեմն կտրուկ ու դրամատիկ, երբեմն մեղմ ու նրբագեղ համադրություններով, կրկին հաստատում է դրա պայմանական-դեկորատիվ, հուզական-ներազդողական, բացարձակ նշանակությունը հայ կերպարվեստում։ Վարպետն առանձնահատուկ կերպով է լուծում նաև լույսի խնդիրը այն ոչ սոսկ ծավալաստեղծման, այլ ինքնավար, միստիկ-հոգևոր իմաստ ունի։ Լույսն ասես պատկերի խորքից, գույնի միջից է առկայծում՝ գոթական վիտրաժների նմանությամբ էլիբեկյանական միստերիաները պարուրելով կախարդական գունավոր լույսով:

Որպես «լճացման» շրջանի «դեկադանսի» արտահայտություն, Ռ Էլիբեկյանի գեղանկարչությունը դարձավ սոցիալիստական մշակույթի մերժման մի նոր ալիքի մունետիկ։ Իր և սերնդակիցների գեղարվեստական էսկապիզմը հոգեվարք ապրող ամբողջատիրական համակարգին անուղղակի դիմադրելու միջոց էր։ Ռ Էլիբեկյանի արվեստն ամբողջովին երևակայական է և հերմետիկ նա կերտում է զուգահեռ իրականություն՝ այլաբանական «ետնաբեմի» անդրհայելային մի աշխարհ, որը բնակեցված է «լուսամփոփի պես» էակներով։ Այո՛, հանդիսանքի մոտիվը առանցքային է Ռ Էլիբեկյանի արվեստում, և, անշուշտ, դա գալիս է թատերական միջավայրում անցած նրա թիֆլիսյան մանկության վերհուշերից (հայրը՝ Վաղարշակ Էլիբեկյանը, Թիֆլիսում անվանի թատերական գործիչ էր, և Էլիբեկյանների ընտանեկան կյանքի զգալի մասը անցնում էր թատրոնում): Հետագայում նկարչի երևակայության մեջ իբրև արքետիպ դրոշմված թատրոնը դառնում է իրականության մոգական վերափոխման խորհրդանիշ: Բայց թատրոնը պատրանք է և խաբկանք, բեմն՝ ասես մի ծուռ հայելի, որը կերպարանափոխելով՝ անդրադարձնում է իրական կյանքը (հիշենք նկարչի ձևավորած «Պայացներ» օպերայի խորհրդանշական սյուժեն): Հատկապես վաղ գործերում կարևոր տեղ ունեն հայելային արտացոլումներով հարդարանքների տեսարանները (1-ին սրահ)։ Թատրոնի հետ այդ տեսարանների կապը սահմանափակել լոկ ետնաբեմում դերասանների հանդերձասենյակի մթնոլորտով, որին նկարիչը ընտելացել էր վաղ մանկուց, խիստ պարզունակ կլիներ։ Էլիբեկյանական երկիմաստ ակնարկները առօրեականից և իրականից հեռու և խորն են տանում։ Հայելու այլաբանության միջոցով արտահայտվող իրականության և դրա պատկեր-արտացոլման միջև հառնող հակասության գաղափարը մարդկությանը գրավել է հնագույն ժամանակներից ի վեր՝ առասպելներից ու հեքիաթներից, Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայությունից (կատարյալ բնօրինակ-էյդոս, նմանակում-արտացոլում-միմեսիս) մինչև սիմուլակրերի (պատճեն-նմանակումների) արդի տեսությունները (Բոդրիար, Դըլյոզ, Բենիամին), ինչու ոչ՝ նաև Լյուիս Քերոլի ֆանտասմագորիաները։ Ռ Էլիբեկյանի արվեստն ինքնին իբրև մի այլաբանություն՝ հպվելով արտացոլման այս մշակութաբանական, փիլիսոփայական և գեղագիտական շերտերին, գալիս է ХХ դարի մշակույթի գլխավոր դրամային՝ հեղհեղուկ, հարափոփոխ, անորոշ ու անկատար իրականության և այն արտացոլող պատկերի (icon) հանդեպ վստահության կորստին։ Մեր ցուցադրության կենտրոնական առանցքը հանգում է եզրափակիչ կետին՝ այդ դրամատիկ առճակատման հանգուցալուծմանը։ Դա հավատքի և ապաշխարության թեման է, որն ի սկզբանե ուղեկցել է Ռ Էլիբեկյանի արվեստը դեպի հայ հոգևոր մշակույթի գլխավոր կոթողը՝ Գրիգոր Նարեկացու «Մատյանը»։ Եվ այս հանգույցում միանում են միստերիան՝ որպես աղոթք, միմեսիսը՝ իբրև աստվածային արարչության նմանակում, և կատարսիսը՝ արվեստի միջոցով ապաշխարում ու հոգեդարձ։

Ցուցահանդեսի համադրող՝ Լիլիթ Սարգսյան

 

Մշտական
ցուցադրություն

Աբեղյան Մհեր Մանուկի

Հեքիաթի նկարազարդման էսքիզ?

թուղթ, ֆլոմաստեր
21,8x15,3 սմ