Հավաքածու / Շտեմարան



Կուպրեյանով Նիկոլայ Նիկոլաևիչ

(1894 - 1933)

Նիկոլայ Նիկոլաևիչ Կուպրեյանով
1894 – 1933

Նիկոլայ Կուպրեյանովը ծնվել է Լեհաստանի Վլոցլավսկ քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստացել է Պետերբուրգի Գեղարվեստից ակադեմիայում, ուր աշակերտել է նշանավոր նկարիչներ Դ. Կարդովսկուն, Ս. Պետրով-Վոդկինին, Ա. Օստրոումովա-Լեբեդևային, որի անգնահատելի ներդրումը փորագրանկարչության բնագավառում մեծապես նպաստել է երիտասարդ նկարչի ստեղծագործական ինքնության զարգացմանն ու կայացմանը: Սակայն, ի տարբերություն վերջինիս գեղանկարչական ձգտումներին, Կուպրեյանովը աշխատել է գլխավորապես սևով ու սպիտակով` ընդգծելով փայտագրության գրաֆիկական հիմքը և հաստացնելով այն թղթի տեկտոնիկայի և գրաֆիկական կոմպոզիցիայի նոր ընկալմամբ, պատկերի առանձին տարրերը միահյուսող ռիթմով, ինչպես նաև փորագրության տեխնիկայի բազմաթիվ նոր հնարներով:
Կուպրեյանովը աշխատել է ունիկալ գրաֆիկայի և փորագրանկարչության բնագավառներում, նկարազարդել ռուս և եվրոպացի հեղինակների գրքեր, ամսագրեր, զբաղվել է մանկավարժությամբ: 1920-30 թթ. արժանացել է ՎԽՈՒՏԵՄԱՍ-ի, իսկ 1930 – 1933 թթ.` Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտի պրոֆեսորի կոչման: Ակտիվորեն մասնակցել է խմբակային և անհատական ցուցահանդեսների Պետերբուրգում, Մոսկվայում, Փարիզում, Նյու-Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում և այլուր:
Հանդիսացել է ՕՍՏ, «4 իսկուսստվա» , «Միր իսկուսստվա» և այլ խմբակցությունների ակտիվ անդամ: Վերջինիս գործունեությունը հատկապես կարևոր նշանակություն է ունեցել երիտասարդ նկարչի գեղարվեստական կերպի ձևավորման գործում: Սակայն առավել խորն է հին ռուսական արվեստի ազդեցությունը: Ուսումնասիրելով հին փորագրությունն ու ժողովրդական լուբոկը` Կուպրեյանովը խորապես զգացել է քսիլոգրաֆիայի տեխնիկական հարստությունն ու գեղարվեստական հնարավորությունները: Կուպրեյանովի ստեղծագործության նվիրական թեմաներից էին հարազատ Կոստրոմայի բնապատկերները, որոնց հատուկ էր որոշակի դրամատիզմ և հուզականություն: