Հավաքածու / Շտեմարան



Այվազովսկի Հովհաննես Կոստանդնի

(1817 - 1900)

1817 թվականի հուլիսի 17-ին (29) Թեոդոսիայում ծնվել է Գալիցիայից Ղրիմ տեղափոխված Կոնստանտին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազյանների կրտսեր զավակը՝ Հովհաննեսը:
1825-30 Հաճախել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական դպրոցը, որտեղ սովորել է լեզուներ, գծագրության դասեր է ստացել ճարտարապետ Կոխի մոտ, ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։
1831-33 Թեոդոսիայի քաղաքապետ Ա. Կազնաչեևի խորհրդով ու միջնորդությամբ սովորել է Սիմֆերոպոլի Տավրիական գիմնազիայում։
1833 Ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա՝ ռուս բնանկարիչ Մ. Վորոբյովի արվեստանոց։
1840 Մասնագիտական կատարելագործման նպատակով ընկերոջ՝ Վ. Շտեռնբերգի հետ ուղևորվել է Եվրոպա։
1840-44 Շրջագայել է Բեռլինում, Վենետիկում, Հռոմում, Նեապոլում, Լոնդոնում, Փարիզում, Մյունխենում, Լիսաբոնում, իր նկարները ցուցադրել է եվրոպական խոշոր մշակութային կենտրոններում:
1842 Այցելել է Սուրբ Ղազար կղզի (Վենետիկ), հանդիպել է եղբորը՝ եկեղեցական-հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան Գաբրիել Այվազյանին:
1843 Մասնակցել է Լուվրում (Փարիզ) կազմակերպված ցուցահանդեսին:
1844 Նշանակվել է Ռուսաստանի Գլխավոր ծովային շտաբի նկարիչ և ստացել ռազմական համազգեստ կրելու իրավունք:
1847 Ստացել է Ամստերդամի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր անդամի կոչում:
1848 Ամուսնացել է Յուլիա Գրևսի հետ, ունեցել են չորս դուստր (Ելենա, Մարիա, Ալեքսանդրա, Ժաննա): Ամուսնալուծվել են 1870-ին:
1850 Ստեղծել է իր ամենահայտնի կտավներից մեկը` «Իններորդ ալիքը»:
1868 Ճամփորդել է դեպի Կովկաս: Թիֆլիսում ցուցադրվել են ճամփորդության ընթացքում ստեղծված կտավները:
1869 Մասնակցել է Սուեզի ջրանցքի բացմանը:
1876 Ընտրվել է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի անդամ, Ուֆֆիցի թանգարանին նվիրել է ինքնադիմանկար:
1882 Ամուսնացել է Աննա Բուռնազյանի (1857-1944) հետ:
1888 Զբաղվել է Թեոդոսիայի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման աշխատանքներով, որի ներքին հարդարման համար աստվածաշնչյան թեմաներով կտավներ է ստեղծել:
1892 Կնոջ` Աննայի հետ շոգենավով մեկնել է Փարիզ, ապա` ԱՄՆ, շրջագայել է Չիկագոյում, Սան-Ֆրանցիսկոյում, Վաշինգտոնում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում:
1900 Ապրիլի 19-ին (մայիսի 2) Այվազովսկին կնքել է մահկանացուն` անավարտ թողնելով «Նավի պայթյունը» կտավը:
Պարգևներ և կոչումներ
1835 Արծաթե մեդալ «Օդը ծովի վրա» նկարի համար:
1839 Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի Առաջին կարգի նկարչի վկայական և Եվրոպայում կատարելագործվելու հնարավորություն:
1843 Փարիզի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի 3-րդ աստիճանի ոսկե մեդալ:
1858 Ֆրանսիական կառավարության Պատվո լեգեոնի շքանշան:
1864 Ալեքսանդր II-ի շնորհած ազնվականի կոչում:
1865 Լազարյան ինստիտուտի խորհրդի անդամ:
1865 Պետական խորհրդականի աստիճան:
1872 Ոսկե մեդալ Լոնդոնի միջազգային ցուցահանդեսին:
1879 Ֆրիդրիխի Վյուրտեմբերգյան թագավորության Կոմանդորի խաչ շքանշան:
1885 Գաղտնի խորհրդականի աստիճան:
1890 Ֆրանսիական կառավարության Պատվո լեգեոնի կոմանդորի շքանշան: