Հավաքածու / Շտեմարան



Շաբանյան Արսեն

(1864 - 1949)

(1864, Սունինց (Թուրքիա) - 1949, Փարիզ)
Ֆրանսահայ ծովանկարիչ Արսեն Շաբանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Սունինց գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Կարնո Սանասարյան, այնուհետև Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որտեղ նկարչություն է ուսանել իտալացի անվանի վարպետներից մեկի` Անտոնիո Պաոլետտիի մոտ: 1883 թ. վերադառնալով հայրենիք` անցել է գրասենյակային աշխատանքի, այնուհետև տեղափոխվել Բաթումի: 1890 թ. մեկնելով Թեոդոսիա` Շաբանյանը ծանոթանում է Հովհ. Այվազովսկու հետ: Վերջինիս հսկողության տակ կատարելով մի շարք ծովային էտյուդներ` արժանանում է վարպետի հավանությանը, իսկ նրա տված խրախուսական հորդորները նոր ուժ և եռանդ են հաղորդում երիտասարդ նկարչին: Հետագայում Շաբանյանի` Բաթումիի նավահանգիստը պատկերող աշխատանքները արժանանում են բարձր գնահատականի: Առաջին հաջողություններով ոգևորված` նկարիչը մեկնում է Փարիզ, ընդունվում Ժյուլիեն ակադեմիա` աշակերտելով Գուստավ Մորոյին, Ժան-Պոլ Լորանսին և Բենժամեն Կոնստանին: Մեծ էր սերը ծովի և ընդհանրապես կենդանի բնության հանդեպ, ինչի շնորհիվ էլ ծնվում էին Շաբանյանի ծովափնյա տեսարանները: 1900 թ. ծովանկարիչը մասնակցում է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին, հանդես գալով Հ. Այվազովկու, Գ. Բաշինջաղյանի կողքին` ռուսական բաժնում: Շաբանյանը ներկայացրել էր <<Ծովափ>>, <<Ծովանկար լուսնյակ գիշերով>> աշխատանքները: Հետագայում Շաբանյանը դառնում է ոչ միայն Փարիզի ծովանկարիչների միության, այլև Գունավոր փորագրության ընկերության հիմնադիրներից մեկը: Գունավոր օֆորտով նկարիչը զբաղվել էր դեռ ուսանողական տարիներից և հասել էր մեծ հաջողությունների: 1910 թ. ծովանկարիչը ֆրանսիական կառավարության կողմից արժանանում է Պատվո լեգեոնի շքանշանի, իսկ 1913 թ. բազմաթիվ ճանապարհորդությունների արդյունքում ծնված կտավները ներկայացվում են Փարիզում կայացած անհատական ցուցահանդեսում, որին անդրադառնում են ժամանակի ֆրանսիական մամաուլն ու անվանի արվեստաբանները: Բացի անհատական ցուցահանդեսներից արվեստագետը մասնակցել է նաև Փարիզի տարեկան <<Սալոն>>-ներին, ինչպես նաև 1926-1930 թթ. <<Անի>> միության ցուցահանդեսներին: Նրա առավել հայտնի աշխատանքներից են <<Ծովախեցգետին հավաքող կանայք>> (1901), <<Նորմանդիայի ձկնորսները>> (1898), <<Լուսնի լույսը>> և այլն: Շաբանյանը մահացել է 1949 թ. Փարիզում: