Հավաքածու / Շտեմարան



Ասլամազյան Երանուհի Արշակի

(1910 - 1998)

5.05.1910, Բաշ Շիրակ 1998, Մոսկվա
Հայաստանի վաստակավոր նկարիչ Ե. Ասլամազյանը ծնվել է 1910թ. Ապրիլի 5-ին Կարսի մարզի Բաշ Շիրակ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Գեղարդ տեխնիկումում (դասատուներ` Ստ. Աղաջանյան, Ս. Առաքելյան), որն ավարտել է 1928-ին: Մեկ տարի սովորել է Մոսկվայում` Վ.Ֆավորսկու և Ա.Գոնչարովայի ստուդիայում, այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադում, 1937-ին ավարտել է Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (դասատուներ` Պ. Նաումով, Վ. Օրեշնիկով, Ա. Օսմյորկին): 1938-1941 թթ. դասավանդել է Լենինգրադի կերպարվեսստի ինստիտուտում, 1943-ից մինչև կյանքի վերջը բնակվել է Մոսկվայում, սակայն Ե.Ասլամազյանը մշտապես պահպանել է կապը Հայաստանի հետ, պարբերաբար այցելել ու շրջագայել երկրով մեկ, նկարել հայրենիքն ու այն կառուցող մարդկանց կյանքին նվիրված աշխատանքներ` բնանկարներ, նատյուրմորտներ ու դիմանկարներ: Նկարչուհու սերն ու հավատը հայրենիքի անցյալի ու ներկայի հանդեպ մարմնավորում են տարածական լայն ընդծում ունեցող համայնապատկերում: Դեպի երկինք ձգվող արևակեզ ու խստաշունչ լեռներն ու ձորերը Ե.Ասլամազյանի նկարներում կենդանություն են ստանում գյուղական աշխատանքի պատկերներով ու ժանրային այլ մոտիվներով: Նշանավորներից են <<Վարդագույն Արարատը>>, <<Սևանի սպիտակ ժայռերը>>, <<Խաչքար լեռներում. Էլեգիա>>, << Հայկական գյուղ. Հաղպատ >>, <<Իմ Հայաստան>> կտավները: Հայրենիքի թեման շարունակվում է երկիրը կառուցող դիմանկարներում և ազգային գունեղ միջավայրի, հայկական կենցաղի, բերք ու բարիքի մոտիվներից կազմված նատյուրմորտներում:
Ե.Ասլամազյանի արվեստում կարևոր տեղ են գրավում աշխարհի բազմաթիվ երկրներում ճամփորդությունների ու ստեղծագործական այցելությունների տպավորություններից ծնված գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, ինչպես նաև խեցեգործական աշխատանքները:
Նրա ստեղծագործությունները գտնվում են տարբեր երկրների (Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, Բուլղարիա, Ճապոնիա, Չինաստան և այլն) շուրջ յոթանասուն թանգարաններում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:
Խորհրդային շրջանի նշանավոր նկարիչներից էր Երանուհու ավագ քույրը` Մարիամ Ասլամազյանը, որի հետ Երանուհին աշխատել է և մասնակցել է Խորհրդային միության ու նրա սահմաներից դուրս կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսների: Նկարչուհիները իրենց ստեղծագործությունների մի մասը նվիրաբերել են Հայաստանին, որի հիման վրա 1987-ին Գյումրիում բացվել է Ասլամազյան քույրերի թանգարանը: